Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԺԱՄՆ Է



«Եկեք համատեղ ուժերով վիրակապենք ամբողջ մարդկության վերքերը»:
ՀՀ նախագահ Ս. Սարգսյան

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող Իրաքի Շանգալ նահանգում շարունակվում է եզդի բնակչության ցեղասպանությունը:

Ապրիլի վերջերին Քերքուկ քաղաքի մոտերքում ԻՊ-ի հրեշներից փախել էին 215 գերի եզդիներ, հիմնականում ծերեր, հիվանդներ, նույնիսկ հաշմանդամներ: Ի պատասխան դրան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավարները վճռել են առանձնացնել ստրկության ճամբարում գտնվող եզդիներին և մահապատժի ենթարկել:

Իր հայրենակիցների ճակատագրի մասին է բարձրաձայնում «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

-Նրանց մեղքն այն է, որ չեն «խոչընդոտել, կանխել» իրենց ազգակիցների փախուստը մահվան ճամբարից: Քաղաքակիրթ մարդկությունը ոչինչ չի ձեռնարկում՝ ԻՊ-ի բարբարոսներից եզդի գերի աղջիկներին և կանանց ազատագրելու համար:

Ամո Շարոյանը նաև ահազանգում է դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին, շեշտելով, որ սա չվերականգնվող կորուստ է:

-Նրանք կործանում են պատմական մեր հազարամյա հուշարձաններն ու այլ մշակութային արժեքները, որոնք մարդկությանն են պատկանում:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը վստահեցնում է, որ իսլամիստ ահաբեկիչները չեն կարող եզդի ժողովրդի կամքը կոտրել, խլել նրանց` բնօրրանում խաղաղ, ազատ ապրելու իրավունքը, և կոչ է անում մարդկությանը:

-Աչք, ականջ փակելու ժամանակը չէ. այսօր այդ չարիքը մեր տանն է, չի բացառվում, որ վաղը ձեր տանը լինի: Ոճրագործությանը վերջ տալու ժամն է: Ժամ առաջ պետք է դադարեցվեն ջարդերը, և պետք է ստեղծվի եզդի ժողովրդի ու տեղի քրիստոնյաների ինքնավարություն: «Եկեք համատեղ ուժերով վիրակապենք ամբողջ մարդկության վերքերը»,- ինչպես ասել է իր խոսքում մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը:

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Պատմության էջերից, Տարածաշրջան


21/05/2015