Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ



Մայիսի 17-ին ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը նշեցին կազմավորման 23-ամյակը: Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ զորատեսակի տեխնիկական, սպառազինության ապահովվածության և ստորաբաժանումների մարտունակության շնորհիվ մեր երկրի օդային սահմանները լիովին պաշտպանված են:

Մշտական ստուգումներն ու առավել եւս զորավարժությունները ցույց են տալիս, որ պատշաճ մարտունակությամբ են օժտված նաև ՀՕՊ զորային ստորաբաժանումները: Հայաստանի օդային տարածքների պաշտպանության գործին են կոչված նաեւ ՌԴ ստորաբաժանումներն ու մասնագետները: 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ստորաբաժանումը նույնպես մարտական հերթապահություն է կատարում, իսկ միացյալ հրամանատարական կետում շուրջօրյա հերթապահության մեջ ներգրավված են հայ և ռուս մասնագետները: Չենք կարող չնշել, որ հրադադարի անցած ժամանակաշրջանում նպատակային աշխատանք է կատարվել Արցախի պաշտպանության բանակում, և այժմ մեր հակաօդայինները հակառակորդի թռչող սարքերը հայտնաբերում են հենց օդ բարձրանալու պահին: Նշենք մի կարևոր հանգամանք ևս: Եթե Արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը գտնվում էին կազմավորման նախնական փուլում, և կային զգալի օդային բաց տարածքներ, ապա այժմ նրանք գտնվելով ՊԲ հակաօդայինների թիկունքում, կարող են լավագույնս համագործակցել՝ իրենց վրա վերցնելով պաշտպանության պատասխանատվության, մարտական խնդիրների կատարման մի զգալի մասը: Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում չափազանց մեծ գործ է արվել զորատեսակը՝ մասնավորապես ներկայիս հրամանատարներ, գնդապետներ Կ. Դարբինյանի և Տ. Ասլիկյանի զորամասերը, լավագույն ռազմական տեխնիկայով սպառազինելու, աշխատանքային, սոցիալ-կենցաղային պայմանները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հանրապետության պաշտպանության ամրապնդման համար շատ կարևոր այդ ծրագրերը կյանքի կոչվեցին և սեղմ ժամկետներում ու բարձր որակով իրականացվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ եւ ամենօրյա ուշադրության շնորհիվ:

***
Զորատեսակի վարչության պետը գնդապետ Արմեն Վարդանյանն է, վարչությունում են ծառայում բազմաթիվ բարձրակարգ ու փորձառու սպաներ, որոնցից շատերը ժամանակին զորամասերի հրամանատարներ, շտաբների պետեր են եղել: ՀՕՊ զորքերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ երկրների իրենց գործընկերների հետ, մասնակցում հրամանատարաշտաբային ու մարտական կրակի վարմամբ մարտավարական զորավարժություններին:

Զորատեսակի տոնի կապակցությամբ եղանք գնդապետ Տ. Ասլիկյանի հրամանատարությամբ գործող զորամասի՝ փոխգնդապետ Վ. Հակոբյանի ղեկավարած դիվիզիոնում:

-Հետևողականորեն իրականացնում ենք մարտական պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումները: Մարզումների մեջ ներգրավված է ամբողջ անձնակազմը: ԶՈւ գլխավոր շտաբը և զորամասի վերադաս հրամանատարությունը պարբերաբար ստուգայցերով լինում են տեղերում, հետեւում դիվիզիոնի կողմից իրականացվող հերթապահության ընթացքին, հերթապահ անձնակազմի զգոնությանը, ինչպես նաև խնդիրների առաջադրման միջոցով ճշտում են սպաների պատրաստականության աստիճանը: Ասեմ, որ մինչ այժմ թերություններ չեն արձանագրվել: Այս ուսումնական փուլում մասնակցել ենք և՛ հրամանատարաշտաբային, և՛ ավիացիայի շրջաթռիչքներով անցկացվող զորավարժությունների, ամբողջությամբ կատարել առաջադրված խնդիրները: 2014 թ. դիվիզիոնի հաշվարկները վերապատրաստում են անցել Ռուսաստանի Դաշնության ուսումնական կենտրոններից մեկում և ստացել համապատասխան որակավորում: Դիվիզիոնը համալրված է մասնագետ սպաներով, պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության զինվորներով: Ուսումնական ծրագրին համապատասխան անցկացվում են մասնագիտական և մյուս՝ շարային, ֆիզիկական, կրակային պատրաստության պարապմունքներ: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, մենք վստահ ենք մեր ուժերին և ի վիճակի ենք հետայսու էլ ամբողջությամբ կատարելու մեր առջև դրված բոլոր խնդիրները,- ասաց փոխգնդապետ Վ. Հակոբյանը:

Եվ քանի որ դիվիզիոնը մարտական հերթապահության ռեժիմում էր, անձնակազմի բոլոր հաշվարկները իրենց տեղերում էին: Մարտական հերթափոխի պետը ավագ լեյտենանտ Ֆելիքս Ասատրյանն է:

-Ուղեկցում ենք բոլոր թռիչքները և մշտապես կապի մեջ ենք զորամասի հրամանատարական կետի, ԶՈւ օպերատիվ հերթապահության հետ: Ամեն ինչ կարգին է, երկինքը՝ խաղաղ:

Իրենց ամենօրյա աշխատանքն էին կատարում պլանշետավար-ռադիոհեռախոսավարներ Տաթևիկ Շահբազյանը, Մելադա Կարապետյանը եւ նոր ծառայության անցած Նարեկ Խաչատրյանը:

Թեեւ հիմնականում թիվ մեկ պատրաստականության ժամանակ են մարտական կառավարման խցիկում հայտնվում և համապատասխան աշխատանքային գործընթաց սկսում հրամանատարը, օպերատիվ հերթապահը, գրավման սպան, ձեռքի ուղեկցման օպերատորները, սակայն այժմ էլ նրանք ամբողջ կազմով տեղում էին, որովհետև, եթե ինչ-որ բան լինի, առաջինը հենց մարտական հերթապահություն իրականացնող դիվիզիոնն է զենքով առաջադրանք կատարելու հրաման ստանալու:

Ձեռքի ուղեկցման օպերատորներն են զույգ եղբայրներ Արտաշես և Արմեն Վարդիկյանները: Ուսումնական զորամասում սովորելու ժամանակ նրանք այստեղ են անցկացրել մասնագիտական փորձաշրջանը, այնուհետև նշանակվել մշտական ծառայության: Եղբայրները լիովին արդարացնում են իրենց հանդեպ եղած վստահությունը:

Դիվիզիոնի պահպանությունը երբեք չի ընդհատվում, իսկ համապատասխան հրամանի դեպքում ուժեղացվում է: Տեղերում էին պահպանության և պատսպարման դասակի ԴԶՀՀ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Մարտուն Պետոյանը և հրաձիգ Արտյոմ Բոջուկյանը:

-Պարբերաբար ստուգում ենք մարտական հրթիռների մեկնարկն ապահովող հանգույցների աշխատանքը, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ կարգին է, և վճռորոշ պահին խնդիրներ չեն ծագի,- ասաց մեկնարկային մարտկոցի երկրորդ մեկնարկային դասակի հրամանատար, լեյտենանտ Անատոլի Ավետիսյանը:

Դիվիզիոնի մարտունակության ապահովման գործում մեծ է հրամանատարի տեղակալ, մայոր Սուրեն Հարությունյանի դերը: Ս-300-ի հրաշալի մասնագետը ջանք ու եռանդ չի խնայում զինատեսակի տեխնիկական բարձրակարգ սպասարկումը կազմակերպելու, իր փորձը երիտասարդներին փոխանցելու համար: Նրա կողքին են շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Հարությունյանը և ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Վ. Մալխասյանը:

Համախմբված, համերաշխ անձնակազմն ի վիճակի է կատարելու մարտական խնդիրները, բայց տղաները երազում են ոչ թե պատերազմի, այլ հիմնավոր ու մշտական խաղաղության մասին:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/05/2015