Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԽՐԱԼԻ ԿՅԱՆՔ



Երևանում է ապրում Արցախյան պատերազմի վետերան Միքայել Բայաթյանը: Հենակների օգնությամբ է շարժվում. հին վերքերը զգացնել են տալիս, բայց չի տրտնջում, չի բողոքում: Պատերազմի դաժան դպրոցն անցած մարդիկ, որոնք կրծքով են փակել թշնամու ճանապարհը, չունեն հին ու նոր վերքերից տրտնջալու բնավորություն: Նրանք վարժվում են ցավին, ինչպես սպիացած հին վերքերին, ու երբեք չեն բողոքում:

Օրեր առաջ եմ նրան հանդիպել Երևանի կայազորային հոսպիտալում: Միքայել Բայաթյանը անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հոսպիտալի պետի տեղակալն է: Ծնվել է Երևանում, ավարտել է մայրաքաղաքի թիվ 49 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ Երևանի բժշկական ինստիտուտը: Երկու տարի ծառայել է խորհրդային բանակում:

Անկեղծ ու անմիջական էր մեր զրույցը: Ասաց, որ իր կյանքում մեծ դեր է խաղացել հայրը` լուսահոգի Ռաֆիկ Բայաթյանը: Նա հրաշալի գիտեր մեր ազգային-ազատագրական շարժումների պատմությունը: Ոգևորում էր իրեն Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Նիկոլ Դումանի քաջագործությունների մասին պատմություններով: Հորական պապը` Միսակ Բայաթյանը, Սարդարապատի հերոսամարտերի քաջերից է եղել: 1942թ.-ին զոհվել է Կերչի պաշտպանական մարտերից մեկում:

Միքայելի մորական պապը` Հրաչյա Զաքարյանը, նույնպես Մեծ Հայրենականի մասնակիցներից էր, հայրենի գյուղից` Հայկավանից հասել է մինչև Բեռլին, իր ստորագրությունը թողել Ռայխստագի պատին: Հինգ անգամ վիրավորվել է, պարգևատրվել Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, Բեռլինի ու Վարշավայի ազատագրման համար մեդալներով:

♦♦♦

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Միքայելը բժշկական ինստիտուտի ուսանող էր: Երևանն այդ օրերին ալեկոծվում էր: Այդ ամենը տեսնելով՝ թև էր առնում ազատագրական պայքարի կրակով բռնկված Միքայելի հոգին: Ցույցերի հուժկու ալիքը հասավ նաև բժշկական ինստիտուտ, սկսվեցին դասադուլները: Ինստիտուտում ստեղծվեց ուսանողական խորհուրդ, ստեղծվեցին ուսանողական խմբեր. պատերազմն սկսվելու դեպքում նրանք պետք է մեկնեին առաջին գիծ և վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տային: Միքայելն ընդգրկվեց խմբերից մեկում: Տանը ոչինչ չասաց այդ մասին: Ենթագիտակցության խորքերից ներքին մի ձայն հուշում էր, որ պատերազմը յոթ սարերի ետևում չէ:

1990թ.-ի հունվարի ցրտաշունչ օրերն էին: Երասխավանը մարտերի մեջ էր:

Մեկ ժամ հետո ուսանողների 4 հոգանոց խումբը Երասխում էր:

Առաջին մարդը, որին Միքայելը հանդիպեց, Հայաստանի ապագա Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն էր` ռազմական քարտեզի վրա կռացած:

-Մարտի թեժ պահին դիմացս մի հեռուստաօպերատոր հայտնվեց,- պատմում էր Միքայելը,- հասակով մեկ կանգնել էր ժայռաբեկորին, մարտն էր նկարահանում: Խիզախ ու համարձակ տղա էր: Հեռուստախցիկն ուղղեց դեպի ինձ: Մոտեցա ու խնդրեցի չնկարահանել, մորս համար էի անհանգստանում. հեռուստաէկրանին ցուցադրվող կադրերից հանկարծ կիմանար, որ առաջավոր գծում եմ, իսկ ես տանը ոչինչ չեմ ասել…

♦♦♦

Ռազմաճակատային օրերի հուշերը, այո՛, չեն մոռացվում: Հիշում է, թե տարիներ հետո Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոցի բակում ինչպես է հանդիպել Երասխի պաշտպանական մարտերից մեկում ազդրից վիրավորված այն ազատամարտիկին, որին ինքը դուրս է բերել մարտադաշտից: 1995թ.-ի աշունն էր: Մարտական ընկերների սրտառուչ հանդիպում էր: Հակոբն արդեն կապիտանի ուսադիրներով էր:

-Ես Ձեզ երկար եմ փնտրել, ափսոս, չգիտեի Ձեր անունը: Դուք փրկել եք իմ կյանքը,- երախտագիտությամբ նայելով Միքայելին՝ ասել էր Հակոբը:

Նկատել է, որ պրոթեզավորված է մարտական ընկերոջ ոտքը.

-Որտե՞ղ եք վիրավորվել:

-Լենինավանի մոտ,- պատասխանել է Միքայելը:

…1992թ.-ի հունիսն էր: Այդ ժամանակ Միքայելը «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատի շարքերում էր կռվում: Կարմիրավանն ազատագրել, սպասում էին հրամանի` կամավորական մյուս ջոկատների հետ հարձակում ձեռնարկելու Հասանղայայի և Լենինավանի ուղղություններով: Հարձակումն սկսվեց հունիսի 29-ի վաղ առավոտյան: Կատաղի մոլուցքով լցված հակառակորդը, մարտի նետելով թարմ ուժեր, փորձեց շրջանցել թևերով, օղակի մեջ առնել տղաներին: Գիտակցելով վտանգը՝ ջոկատի հրամանատար Արմեն Մարտիրոսյանը հրամայեց նահանջել` կորուստներից խուսափելու համար: Առջևից գնացող Միքայել Բայաթյանը, Արտակ Զեյնալյանը և Հովհաննես Բաբաջանյանը հերթական առաջադրանքն ստացան` կրակը վերցնել իրենց վրա, ապահովել յուրայինների նահանջը: Երկու ժամ տևած մարտը ծանր էր, կատաղի: Ջոկատի մարտիկներն արդեն դուրս էին եկել շրջափակումից: Նրանց աքցանի մեջ առնելու՝ ադրբեջանցիների մտահղացումը ձախողվել էր: Մարտական առաջադրանքը կատարված էր: Եվ հանկարծ շատ մոտիկ ականի հուժկու պայթյուն… Միքայելին թվում է, թե ինչ-որ մեկը կացնահարեց իր ոտքը:

…Օգնությունը տեղ հասավ: Միքայելին տեղափոխեցին Կուսապատ գյուղի դաշտային հոսպիտալ, այնտեղից էլ` Հոռաթաղ, ապա ուղղաթիռով Երևան:

Հրադադարից հետո Միքայելը ծառայությունը շարունակել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, ապա ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում՝ որպես զորամասային բաժնի սպա:

«Արիության համար», «Մարտական ծառայությունների համար», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» մեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը մայոր Միքայել Բայաթյանի` հայրենիքին մատուցած ծառայությունների արժանի գնահատականն են:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Ճակատագրեր


29/05/2015