Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ



Էրեբունի վարչական շրջանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրինության (տնօրեն` Ա. Սարյան, զինղեկ` մայոր Ռ. Անուշավանյան) և շրջանի պատանի երկրապահների (ղեկավար` Ս. Խաչատրյան) միասնական ջանքերով դպրոցի հրապարակում տեղի ունեցավ հրաշալի, գեղեցիկ միջոցառում` նվիրված մայիսյան հաղթանակներին: Միջոցառմանն իրենց գործուն մասնակցությունն էին բերել թիվ 194, 107, 47, 167, 160, 70, 60 և 6-րդ դպրոցի պատանի երկրապահները, ինչպես նաև թիվ 70 մանկապարտեզի սաները:

Մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը, գեներալ-մայոր Ս. Սաֆարյանը, Էրեբունու տարածքային զինկոմ, գնդապետ Ս. Սահակյանը, ԵԿՄ փոխնախագահներ, վարչության անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, զոհված ազատամարտիկների ծնողներ, Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, պատանի երկրապահների ծնողներ, հարազատներ:

Դպրոցի հրապարակը բազմամարդ էր: Մեծ ոգևորություն էր տիրում ամենուր, որովհետև բոլորը մեկ մարդու նման եկել էին սրտի թելադրանքով իրենց երախտիքի, հարգանքի տուրքը մատուցելու ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Արցախյան ազատամարտի հերոսներին և իրենց ծափողջույններով ոգևորելու պատանի երկրապահներին, որոնք վստահաբար պետք է շարունակեն իրենց նախնիների` հայրերի, պապերի հաղթական երթը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը, ծաղիկներ ու ծաղկեպսակ են դնում ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի դիմանկարի առջև:

ԵԿՄ վարչության անդամ Հ. Հակոբյանը ներկաներին փոխանցեց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը: Այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը և պատանի երկրապահների հիմնը:

Հրապարակով անցնում են Արցախյան պատերազմի այսօրվա հերոսները` Սմբատ Աշոտյանը, Սարգիս Փափազյանը, Սերգեյ Հանեսյանը, Ռուբեն Անուշավանյանը, Վաչագան Եղիազարյանը, Վարդան Ենոքյանը, Արամ Վաղարշակյանը, Արտակ Բագրատյանը, Նվեր Զարգարյանը և շատ շատերը: Այդ նրանք էին, որ իրենց հերոսություններով հարստացրին մեր պատմության հերոսական էջերը: Ազատամարտիկներից հետո հրապարակ են մտնում պատանի երկրապահները, որոնցից հետո թիվ 35 դպրոցի փոքրիկ երկրապահները` ամենուր ջերմ ոգևորության և հայրենասիրական նոր ալիք բարձրացնելով:

-Հազարամյակների պատմության էջերում հայ ժողովուրդը բազում անգամներ մարտնչել է հերոսաբար` ապրելու իր իրավունքը հաստատելու համար: Մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ կարևորագույն ամիս է` Ավարայր, Սարդարապատ, Հայրենական մեծ պատերազմ, Շուշի: Այս հերոսամարտերը իրենց փայլուն հաղթանակներով տվել են մեզ ապրելու, արարելու և նորովի վեր հառնելու բանալիներ,- հնչում է հաղորդավարի ձայնը, և հրապարակում իրենց մարտարվեստն են ցուցադրում պատանի ու փոքրիկ երկրապահները, թիվ 35 դպրոցի պարի համույթը, երգչախումբը, թիվ 70 մանկապարտեզի փոքրիկ հայորդիներն ու հայուհիները, թիվ 194 դպրոցի աշակերտները, թիվ 60 դպրոցի աշակերտները: Ելույթ ունեցողներն իրենց խոսքերում կարևորում էին այն հանգամանքը, որ այս սերունդը փառքով կշարունակի մեր նախնիների հերոսական սխրանքները:

Միջոցառման ավարտին գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը պաշտպանության նախարարի անունից թիվ 35 դպրոցի և թիվ 70 մանկապարտեզի տնօրեններին, զինղեկներին և Էրեբունու ԵԿՄ բաժանմունքի ղեկավար Ռ. Մարտիրոսյանին հանձնեց պատվոգրեր, իսկ ԵԿՄ վարչության անդամ Հ. Հակոբյանը ԵԿՄ վարչության նախագահի կողմից մի խումբ ազատամարտիկների պարգևատրեց Երկրապահի հուշամեդալով և պատվոգրերով:

Երկրապահներին հանձնվեցին ԵԿՄ նոր վկայականներ: Խորհրդանշական էր, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Մ. Սողոմոնյանին և Զ. Գասպարյանին նույնպես տրվեց երկրապահի տոմս, ինչպես նաև վետերանները պարգևատրվեցին պատվոգրերով:

-Երբ միասնական ենք, մեր ուղեկիցը միշտ լինում են հաղթանակները: Մանկապարտեզ, դպրոց, երկրապահ, բանակ` այս միասնականությամբ մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը,- ասաց գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Բանակ և հասարակություն


29/05/2015