ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ 1918Թ. ՀԱՅՈՑ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ
Մայիսյան հերոսամարտերի նախօրեին հայ ժողովրդի ճակատագիրը, նրա հետագա գոյությունը մեծապես պայմանավորված էր նաև Հայաստանի վերջին հողակտորում` Արարատյան աշխարհում, ավելի որոշակի` ռազմաճակատի թիկունքում տեղի ունեցող իրադարձություններով: Հայ պատմագիտությունը հանգամանալի անդրադարձել և շարունակում է անդրադառնալ մայիսյան բուն հերոսամարտերին, սակայն բավարար ուշադրության չի արժանացրել թիկունքում, այն է` Արարատյան աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությանն ու արժեւորմանը:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի հոդվածը հենց այդ խնդրի լուսաբանմանն է նվիրված:
Փետրվարյան հեղափոխությունից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև Կովկասի քաղաքական կյանքում և ռազմաճակատում:
Երկու ռազմաքաղաքական խմբավորումների սանձազերծած աշխարհամարտը չթուլացող ուժգնությամբ դեռևս շարունակվում էր, և Ռուսաստանում իշխանության ղեկը ստանձնած Ժամանակավոր կառավարությունը հաստատապես տրամադրված էր շարունակելու պատերազմը և դաշնակիցների համագործակցությամբ այն հասցնելու հաղթական ավարտի: Ժամանակավոր կառավարության որոշմամբ լուծարվում են պետական կառավարման նախկին մարմինները, այդ թվում նաև Վորոնցով-Դաշկովի գլխավորած Կովկասի փոխարքայությունը, և նրա փոխարեն 1917 թ. մարտի 9-ին հիմնվում է Անդրկովկասի Հատուկ կոմիտեն: Համաձայն տրված իրավունքների` Անդրկովկասի Հատուկ կոմիտեն պիտի հանդես գար Ժամանակավոր կառավարության անունից և գործեր հիմնականում ռուսական զորքերի ու հայ կամավորական զորախմբերի ազատագրած Արևմտյան Հայաստանի տարածքում:
Պատերազմը շարունակելու նկատառումով Ժամանակավոր կառավարության որոշմամբ Կովկասյան զինվորական օկրուգին փոխարինում է Կովկասյան ռազմաճակատը, որն իր գործունեությունը պիտի համաձայնեցներ Կովկասում հաստատված նոր իշխանության` Անդրկովկասի հատուկ կոմիտեի հետ:
Հայաստանի ու Հայկական հարցի նկատմամբ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության դիրքորոշումն ու ընդունած որոշումները որոշակի հավատ էին ներշնչել հայությանը, սակայն շատ շուտով Ռուսաստանի քաղաքական կյանքում կատարվում են այնպիսի շրջադարձային իրադարձություններ, որոնք դառը հիասթափություն են պատճառում Հայաստանի պետականությունը վերականգնելու հույսեր փայփայող հայությանը եւ ռուսական բանակում ծառայող հայ սպաներին ու զինվորներին: 1917 թ. հեկտեմբերի 25-ին բոլշևիկները Տրոցկու և Լենինի առաջնորդությամբ Պետրոգրադում իրականացնում են պետական հեղաշրջում ու բռնազավթելով իշխանությունը` արմատապես փոխում են պատերազմի նկատմամբ Ժամանակավոր կառավարության որդեգրած ռազմավարությունը:
Մերժելով պատերազմը` իշխանությունը բռնազավթած խորհրդային կառավարությունը (ժողովրդական կոմիսարների խորհուրդ) 1917 թ. դեկտեմբերի սկզբներին հրահանգում է ռազմաճակատների հրամանատարներին` կապվել հակառակորդի հետ ու ներկայացնել զինադադար կնքելու առաջարկությունն ու պայմանները:
1917 թ. դեկտեմբերին Բրեստ-Լիտովսկում սկսվում են բանակցությունները Քառյակ միության և Խորհրդային Ռուսաստանի միջև: Բանակցություններն ընթանում են երեք փուլով, որոնց ընթացքում մշտապես քննարկվել է հայկական տարածքներին վերաբերող հարցը: Քառյակ միության ներկայացուցիչները, քաջատեղյակ լինելով Ռուսաստանում տիրող աղետալի կացությանը եւ բանակում տիրող բարոյալքման ու ռազմաճակատը լքելու տրամադրվածությանը, ծանրագույն պահանջներ են ներկայացնում ռուսական կողմին: 1918 թ. փետրվարի 3-ին Խորհրդային Ռուսաստանը ներկայացնող պատվիրակությունն ընդունում է Քառյակ միության ներկայացրած բոլոր պահանջները: Համաձայն այդ պայմանագրի` Ռուսաստանը պարտավորվում է առավելագույնս ութ շաբաթվա ընթացքում զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից, զորացրել հայ զինվորներից կազմված զորախմբերը և վերստին Թուրքիայի տնօրինությանը հանձնել Արևմտյան Հայաստանը, Կարսի մարզն ու Սարիղամիշի շրջանը:
Հարց է ծագում. իսկ ո՞վ պիտի պաշտպաներ Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքներն ու Մեծ եղեռնից հետո թուրք և քուրդ ջարդարարների սրից փրկված հայության վերջին բեկորները: Զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից ու ցրել հայկական ռազմական կազմավորումները միանշանակ հավասարազոր էր ոչ միայն Արևմտյան Հայաստանի կորստին, այլև Արևելյան Հայաստանը հարվածի տակ դնելուն: Անդրկովկասի քաղաքական ուժերը, մերժելով Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունն ու Բրեստ-Լիտովսկի պայմանագրով իրենց պարտադրված պայմանները, 1917 թ. նոյեմբերին ստեղծում են երկրամասային նոր իշխանություն` Անդրկովկասի կոմիսարիատ, իսկ 1918 թ. փետրվարի 10-ին Անդրկովկասյան Սեյմ (օրենսդիր գերագույն մարմին):
Իրենց քարոզչական զինանոցում ունենալով 1917 թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած համառուսաստանյան խորհուրդների 2-րդ համագումարի ընդունած «Խաղաղություն և հող» դեկրետներն ու «Կորչի պատերազմը», «Կեցցե՛ խաղաղությունը» կարգախոսները, բոլշևիկ քարոզիչները թափանցում են բանակի շարքերը եւ մեծապես նպաստում բանակի, բնականաբար նաև ռազմաճակատների քայքայմանն ու մերկացմանը:
Ցարիզմի տապալման ու հատկապես արևմտյան ճակատում կրած պարտությունների հետևանքով ռուսական զորքերի շարքերում արդեն իսկ դասալքություն էր նկատվում, սակայն դա, կարելի է ասել, դեռևս չարիքների փոքրագույնն էր: Ռուսական զորաբանակներում նախկին մարտունակության և ռազմական կարգապահության փոխարեն արդեն նկատվում էին բարոյալքության ու ռազմաճակատը կազմալուծելու բացահայտ նշաններ: Տեղի տալով բոլշևիկների քարոզչությանը` զինվորներն այլևս չէին ենթարկվում իրենց հրամանատարներին ու հրաժարվում էին կատարել նրանց հրամանները: Հայրենիք վերադառնալու ցանկությամբ համակված ռուս զինվորները զանգվածաբար լքում էին ճակատն ու հեռանում Ռուսաստան:
Բնականաբար, նույն իրավիճակն էր տիրում նաև Կովկասյան ռազմաճակատում:
Ռազմաճակատի մերկացումը փաստորեն իրական հնարավորություն էր ընձեռում թուրքերին, բանակի շարքերը համալրելով, վերստին զավթել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Անդրկովկասը և օգտվելով ռուսական զորքերի բացակայությունից, առանց մեծ ջանքերի իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, այն է՝ գրավել Բաքուն և դուրս գալ Հյուսիսային Կովկաս, Միջին Ասիա, ապա ընդհուպ մինչև Բաշկիրիա, Թաթարիա:
Կովկասյան ճակատի ռուս հրամանատարությունը, հայտնվելով անելանելի վիճակում, հասկանում էր, որ հարյուրավոր կիլոմետրերով ձգվող ճակատային գիծը պահպանելու համար անհրաժեշտ էին միմիայն կարգապահ ռազմական միավորներ, իսկ այդպիսիք կարող էին լինել հայ զինական ուժերը, որոնք շահագրգռված էին պաշտպանելու Արևմտյան Հայաստանը:
«Անհրաժեշտ էր,- գրում է գեներալ Ղորղանյանը,- գեթ մասամբ ճակատի պահպանման և պայքարի հավանական շարունակման համար կազմել ազգային մասեր, որոնց շահը կպահանջեր՝ ձեռք չտալ Թուրքահայաստանը և պաշտպանել Անդրկովկասի սահմանները»:
Հայոց Ազգային Բյուրոն, որը մինչ այդ կազմակերպում և ղեկավարում էր հայ կամավորական շարժումը, փոխարինվեց այժմ արդեն Հայոց Ազգային Խորհրդով, որը Վարդգես Ահարոնյանի գնահատմամբ` «…եռանդով ձեռնարկեց հայկական զորամասեր կազմակերպելու գործը…»:
Հայոց Ազգային Խորհուրդը հայկական զորամասեր կազմակերպելու թույլտվության նպատակով 1917 թ. սեպտեմբերին դիմում է Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարությանը և նրա միջոցով նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությանը:
Տիրապետող իրավիճակում այլընտրանք գոյություն չուներ:
Ժամանակավոր կառավարության թույլտվությամբ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությանը արտոնվում է կազմավորել ազգային զորամիավորումներ, որոնց թվում նաև՝ հայկական երկու զորամասեր: Նախատեսվում էր կազմավորել հայկական երկու զորամիավորում: Առաջին զորամիավորումը` 60.000 թվակազմով, բանակային կորպուսը պիտի կազմավորվեր՝ ի հաշիվ արևմտյան ռազմաճակատում մարտնչող ավելի քան 200.000 հայ զինվորների և հայկական կամավորական խմբերի:
Երկրորդ զորամիավորումը՝ Անդրանիկի գլխավորությամբ, բացառապես արևմտահայերից կազմված աշխարհազորային դիվիզիան էր` 30.000 թվակազմով:
Դժբախտաբար, ծրագրված այդ բոլոր միջոցառումները գլխավորապես Կարմիր հոկտեմբերի «շնորհիվ» տապալվում են: Կովկասյան ռազմաճակատի հրամանատար, գեներալ Լեբեդինսկու համաձայնությամբ այդ ճգնաժամային օրերին հայ ժողովրդի գոյապայքարն առաջնորդող միակ փաստական ուժը՝ Հայոց Ազգային Խորհուրդը, կարողացավ կազմավորել միայն 16000-18000-անոց բանակային մեկ կորպուս:
Հայոց Ազգային Խորհրդի առաջարկությամբ` Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը Հայկական կորպուսի հրամանատար է նշանակում հանրահայտ զորահրամանատար, գեներալ Թովմաս (Իվան) Նազարբեկովին, իսկ զինվորական կոմիսար` Դրոյին (Դրաստամատ Կանայան):
Սև ծովից մինչև Պարսկաստան ձգվող 720 կմ երկարությամբ հսկայածավալ ռազմաճակատը, որտեղ նախկինում կենտրոնացած էին ռուսական ավելի քան «200.000 հետևակային և 30 գունդ ձիավոր համապատասխան հրետանիով ու մոտ 120.000 հոգանոց թիկունքային մասերով», այժմ պաշտպանելու էին Վանում, Խնուսում, Ալաշկերտում, Էրզրումում, Երզնկայում ու Բաբերդում տեղաբաշխված հայկական փոքրաքանակ գնդերը, որոնց մարտաշարքերը պիտի համալրեին հայկական բանակային կորպուսի նոր-նոր ձևավորվող զորամասերը:
Պատերազմում պարտության եզրին հասած Թուրքիան, օգտվելով Հոկտեմբերի «շնորհներից» ու ռուս զինվորների հեռանալու հետևանքով ռազմաճակատի մերկացումից, իր պանթուրքական ծրագրերը իրականացնելու նպատակով պիտի մտներ Կովկաս, իր ձեռքը վերցներ Բաքվի նավթը: Իսկ Անդրկովկասում հաստատվելու և Բաքու հասնելու համար թուրք հրամանատարությունը նախ պիտի հաղթահարեր հայկական զորամասերի դիմադրությունն ու վերստին գրավեր ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը:
Թուրք հրամանատարությունը հայկական զորամասերի դիմադրությունն արագորեն հաղթահարելու նպատակադրությամբ, ծրագրել էր ռազմական գործողությունները իրականացնել, կարելի է ասել, համակողմանիորեն մշակված մարտավարությամբ:
Համաձայն այդ մարտավարության` ռազմաճակատում թուրքական զորքերի հարձակմանը զուգընթաց, միաժամանակ պիտի զենքի դիմեին Արևելյան Հայաստանի տարածքում բնակվող մահմեդական զինյալ հրոսակախմբերը, որոնց գործողությունների հետևանքով հայկական զորամասերի թիկունքում պիտի ստեղծվեր կատարյալ խառնաշփոթ, քաոսային ու անկառավարելի իրավիճակ:
Երևանի Ազգային Խորհրդի անդամ Ա. Աստվածատրյանի տեղեկացմամբ` «Այդ նպատակը դյուրությամբ իրագործելու համար, նա Ադրբեջանի քաղաքական գործիչների օգնությամբ շարժման մեջ էր դրել հայկական շրջաններում ապրող թուրքերին և քրդերին»:
Եթե թուրք հրամանատարությանը հաջողվեր իրականացնել իր ծրագրած մարտավարությունը, ապա հայկական զինուժը հարկադրված կլիներ պատերազմել ոչ միայն արտաքին ճակատում` ընդդեմ թուրքական կանոնավոր զորամասերի, այլև ներքին ճակատում` ընդդեմ թուրք սպաների ու գործակալների գործուն մասնակցությամբ կազմակերպված մահմեդական հրոսակախմբերի:
Թուրքական զինվորական հրամանատարությունից Կովկաս գործուղված սպաների ու գործակալների հրահրմամբ համաթուրանական գաղափարներով վարակված կովկասյան թուրքերը ռազմաճակատի թիկունքը խարխլելու և հայկական զորամիավորումների կազմավորումը խոչընդոտելու դիտավորությամբ պարբերաբար հարձակումներ էին գործում հայոց գյուղերի ու հաղորդակցության կարևորագույն հանգույցների, մինչև անգամ ճակատ մեկնող հայ զինաջոկատների վրա՝ ստեղծելով կատարյալ քաոսային և անկառավարելի իրավիճակ: Ռազմաճակատի թիկունքում գործելու համար թուրք հրամանատարությունը ակտիվացնում է նաև քրդական հրոսակախմբերի գործողությունները:
Անդրադառնալով այդ օրերի դեպքերին՝ Դրոն նշում է. « Մի կողմից մեր դռան առջև կանգնած էր դարավոր թշնամին՝ թուրքը իր բանակներով, իսկ մյուս կողմից ներքին թշնամին՝ թաթարների կռիվները կլանում էին հայ ժողովրդի հիվանդությունները, սպառնում էին զանազան շրջանների: Ռուսական բանակը հեռանում էր խուճապահար, և արտաքին օգնության ոչ մի հույս չէր մնում:
Ի՞նչ անել, ինչպե՞ս փրկել ժողովրդի գոյությունը, ի՞նչ միջոցով դուրս գալ այս ծանր իրավիճակից…»:
Շարունակելի
Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից