Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՀԱՏՈՒՑՈՒՄ



Զրույց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Արիստակեսյան, թուրքերը այս տարի մեծ շուքով նշեցին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը: Պատմությունը վկայում է, որ հայերը ջարդ են տվել Սարդարապատում գալիպոլյան զորքին: Բայց չեմ հիշում, թե մենք երբևէ տոնած լինենք այդ հաղթանակը` արժանի հանդիսավորությամբ:

-Հիրավի, գալիպոլյան զորքի դեմ մեր փառահեղ հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն հայերիս համար, այլև կասեցնելով թուրքերի առաջխաղացումը` նպաստեց պանթուրքական խելացնոր ծրագրերի ձախողմանը: Ու մենք, անշուշտ, պարտավոր ենք մեծ շուքով տոնելու բոլոր այն հաղթական ճակատամարտերը, որոնք բախտորոշ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար:

-Այո՛, բախտորոշ: Մեր հաղթանակները այնքան էլ շատ չեն: Մենք հաղթել ենք միայն այն ժամանակ, երբ պարտությունը վերջակետելու էր հայոց պատմությունն, ու անդառնալիորեն ավարտվելու էր մեր ընթացքը: Թվում է` մենք պիտի համազգային տոնի ու ցնծության վերածեինք մեր սակավ հաղթանակները, բայց, արի ու տես, որ ավելի շատ հակված ենք մեր ցավի ու պարտությունների ժառանգորդը լինելու: Ու օտարվել ենք մեր հաղթանակներից:

-Դա ունի իր բացատրությունը: Ցավը, պարտությունը շատ անձնական են և հուզելու մեծ ներուժ ունեն: Իսկ հաղթանակի ոգին արթնացնել, բորբոքել ու ուղղորդել է պետք:

-Բոլորս տեսանք, թե ինչպիսի կազմակերպվածությամբ և հանդիսավորությամբ նշեցինք Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Ես վստահ չեմ, որ թուրքերի հանդեպ մեր միակ հաղթանակի` մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակը կտոնենք նույն շուքով:

-Ցեղասպանության հետ կապված` մենք ունենք հստակ նպատակ և այդ նպատակին հասնելու որոշակի ծրագիր, այդ պատճառով էլ ցեղասպանության տարելիցին մենք ներկայացանք աշխարհին պատշաճ մակարդակով:

-Մայիսյան հերոսամարտերին ու հաղթած հերոսներին արժանավայել մեծարելու նպատակը նույնպես շատ ակնառու է: Մենք պետք է տեր լինենք մեր պատմության հերոսական դրվագներին, բարձրացնենք ազգի ոգին, հատկապես երիտասարդությանը տոգորենք ազգային ինքնագիտակցությամբ: Այս նպատակը պակաս պրագմատիկ ու կարևոր չէ, քան ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ավելին` առանց առաջինի, երկրորդը չի լինի:

-Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ասում էր` երբ հայը հասկանա, որ ինքը հայ է, աշխարհը իրենն է լինելու: Եթե մենք այսօր խոսենք միայն Սարդարապատի հերոսամարտերի, դրանց հետ կապված քարոզչական, տեղեկատվական ու բարոյահոգեբանական-գաղափարական ծրագրերի մասին, գլոբալ առումով խնդիրը կմնա չարծարծված, որովհետև խնդիրը ազգային գաղափարաբանության և հայեցակարգային ծրագրերի տիրույթում է:

-Ավելի պարզ ասեք…

-Պետք է ամրագրել ազգի ընթացքի մոտակա և հեռանկարային հանգրվանները: Պետք է հասկանալ, թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում, հետո որոշել` մեր ազգային նպատակներին հասնելու համար որքանով է հրատապ, ասենք, հասարակության ազգային ինքնագիտակցության բարձրացումը, հաղթողի հոգեբանության և մայիսյան հերոսամարտերի շունչը արթնացնելու անհրաժեշտությունը: Որից հետո պետք է ոլորտի գործունեությունը ուղղորդող պետական ծրագրեր մշակվեն և դրվեն գործողության մեջ, ինչը կընդգրկի բոլոր հնարավոր ուղղությունները` սկսած դպրոցից, ավարտած երկրի մշակութային քաղաքականության առաջնահերթություններով:

…Այսօր մենք չենք կարողանում հետ ստանալ Մուսա լեռան հուշահամալիրի մերձակա հողատարածքը, որը նախատեսված է կայանատեղի կառուցելու համար, և որը թյուրիմացաբար հայտնվել է Փարաքար գյուղին պատկանող հողային տարածքում: Չենք կարողանում, որովհետև մեր երկրում դեռ չեն սահմանվել առաջնահերթությունները, որովհետև չի ամրագրվել, որ հողի վրա խանութ կամ խաղատուն կառուցելուց ավելի կարևոր բաներ էլ կան:

-Պարոն Արիստակեսյան, անցյալ տարի այս օրերին մեր զրույցի ժամանակ Դուք պատմեցիք, որ պետք է լույս տեսնի «1918թ. Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» գիրքը: Որքա՞ն էր գրքի տպաքանակը, գիրքը գտա՞վ իր ընթերցողին:

-Գիրքը լույս տեսավ 500 օրինակով: Մոտ 250 օրինակ նվիրեցինք մասնակիցների հարազատների եւ այլոց, մյուս 250-ը դեռ չի սպառվել:

-Պատահական չէ, որ մենք մինչ օրս Մայիսյան հերոսամարտերի մասին պատմող ոչ մի ֆիլմ չունենք, իսկ Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին պատմող մեծ կտավի միակ գործը Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն է: Կարելի էր գնել գիրքը ու նվիրել դպրոցներին, բուհերին, զորամասերին: Չէ՞ որ գիրքը եզակի է այն առումով, որ ամփոփում է ականատեսների հուշերը:

-Մենք Սարդարապատի հուշահամալիրի կենտրոնական հրապարակում մի ժամացույց ենք դնելու: Ժամացույցի մի կողմում գրված է լինելու` հաղթանակ, մյուս կողմում` հատուցում: Ժամացույցը մարմնավորելու է պատմական պահը կարևորելու խորհուրդը: Կա՛մ պիտի հաղթես ու ստիպես, որ պարտվողը հատուցի, կա՛մ պիտի պարտվես ու հատուցես հաղթողին, երրորդ տարբերակը չկա:

-Ես գիտեմ, որ Ձեր ղեկավարած կառույցը զբաղվում է հավաքչական գործունեությամբ: Թանգարանը հարստացնում եք նոր նմուշներով ու փաստերով: Փնտրում-գտնում եք Սարդարապատի հերոսամարտերին մասնակցած քաջերի գերեզմանները: Այս ամենն, իհարկե, շատ կարևոր է ու գովելի: Բայց ուզում եմ հարցնել` իսկ ի՞նչ է պետք անել, որ մենք ազգովի զգանք պատմական պահի կարևորությունը, դառնանք մեր հաղթանակների, մեր պատմության ժառանգորդը, ճանաչենք մեր ազգի հերոսներին ու սեփական սրտի կանչով նրանց շիրմաքարերը սրբավայր դարձնենք:

-Պետք է պետական ազգակերտման ծրագիր, որը կձևավորի իր պատմական անցյալով հպարտ, իր ազգի հերոսներին պաշտող, ինքնագիտակից հասարակություն: Իսկ մինչ այդ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ նվիրական անուններ փրկենք մոռացումից` մասունքներ, վավերագրեր…

Ցանկանում ենք Սարդարապատի հուշահամալիրը դարձնել զբոսաշրջության առումով գայթակղիչ վայր: Պիտի բարեկարգենք արհեստական լիճը, կառուցենք դեռեւս Ռ. Իսրայելյանի կողմից նախագծված հյուրատունը: Ցանկանում ենք ստեղծել բարեկամության պուրակ, որպեսզի ինչպես Եղեռնի հուշարձան այցելող օտարերկրացի պաշտոնյաներն են մեկական եղևնի տնկում` ի նշան զորակցության, այնպես էլ հարկ է, որ Սարդարապատի հուշահամալիր այցելողներն ու բարեկամ երկրները մասնակից լինեն մեր հաղթանակին: Պետք է շեշտել այն փաստը, որ Սարդարապատի հերոսամարտին նաև օտարազգիներ են մասնակցել, և այդ հանգամանքը դարձնել բարեկամության նոր դրսևորումների առիթ:

-Մեր պետությունը դեռ շատ երիտասարդ է: Հուսանք, որ ազգակերտման մեր ծրագիրը՝ որպես ազգային գաղափարաբանության առանցքային դրույթ, իր մեծ դերակատարումը կունենա մեր կյանքում:

-Շուտով մենք կտոնենք Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Անձամբ ես դեմ եմ առաջին, երկրորդ, երրորդ հանրապետություն ձևակերպմանը: Պետք չէ տարանջատել: Հայկական հանրապետությունը 100 տարեկան է, և մենք պիտի մեր հետագա ընթացքը արժևորենք-գնահատենք 100 տարվա փորձառության տեսանկյունից:

-Շնորհավոր մայիսի 28-ը` հայոց Հանրապետության օրը:

-Շնորհավոր նաև մայիսյան հերոսամարտերի` մեր մեծ հաղթանակների տոնը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Պատմության էջերից


29/05/2015