ՀՆՉԵՑ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 69 սաների համար մայիսի 23-ը տոնական էր` հնչեց վերջին զանգը: Ավարտական դասարանի սաները հագել էին տոնական համազգեստ, իրենց կրծքին փակցրել էին Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավեններ՝ կանգնելով ավելի զգաստ, քան երբեւէ: Նրանց շնորհավորելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:
Վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց սաների ձեռքբերումները տեղական և միջազգային տարբեր մրցումներում, որտեղ նրանք դրսեւորել են բարձր ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշներ, նվաճել ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ. «Սիրելի՛ սաներ, դուք տակավին պատանի ոտք դրեցիք վարժարան, որտեղ աստիճանաբար կոփվեց ձեր մարմինը, ընդարձակվեց մտահորիզոնը, դարձաք ավելի ինքնուրույն, որտեղ ձեր մեջ սերմանվեց մարդասիրություն, ձեւավորվեցին բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներ, դաստիարակվեց պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր հայրենիքի նկատմամբ: Մոնթեն ասում էր` «Կրթված մարդը հայրենիքի նվիրյալ դառնալու համար պետք է տիրապետի քաղաքական, լեզվական, ռազմական եւ մի շարք այլ հմտությունների»: Վստահ եմ, որ այդ հմտությունները դուք յուրացրել եք»:
Նախարար Սեյրան Օհանյանն էլ իր շնորհավորական խոսքով ողջունեց սաներին եւ նշեց. «Վարժարանը կրում է լեգենդար Մոնթեի անունը, ուստի շրջանավարտները պետք է փորձեն նմանվել Մոնթեին, իսկ նա առանձնահատուկ էր իր ազնվությամբ, համեստությամբ, բայց միեւնույն ժամանակ ըմբոստ կեցվածք ուներ, հրամանատարական եւ կազմակերպչական բացառիկ ունակություններ: Այս հատկանիշները ձեզ պետք են գալու ձեր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ այստեղ ձեռք բերված փորձառությունը կնպաստի հայոց բանակի մարտունակության ամրապնդմանն ու զարգացմանը: Վարժարանը տվել է ավելի քան 1000 շրջանավարտներ, եւ նրանցից շատերն այսօր ոչ միայն զորամասերի հրամանատարների ու հրամանատարների տեղակալների պաշտոններում են ծառայում, այլեւ ստանձնել են զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոններ»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Բանակ և հասարակություն