ՀԱՄԱՑԱՆՑ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Պետք է ստեղծել տեղեկատվական անվտանգության սեփական մոդելը
Տեղեկատվական տեխնոլոգիաների հանրամատչելիության պայմաններում ռազմական բնույթի տեղեկատվությունը շատ անգամ դառնում է թիրախային թե՛ այն կորզելու, թե՛ ապատեղեկատվություն տարածելու առումով, և «հիբրիդային» պատերազմների շրջանակներում ակամայից տուժում են «համացանցային հիգիենային» չհետևող զինվորականները: Տեղեկատվական դաշտում զինվորականներին սպառնացող ռիսկերը մեզ ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այսօրվա համացանցի տիրույթում կան մի քանի մեծ հատվածներ` պետական մարմինների կայքեր, մասնավոր հատված, որի մեջ են մտնում նաև լրատվական կայքերը, ապա և` մասնավոր այն հատվածը, որի վրա ազդեցությունը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել հասարակության համար` հենց նույն լրատվամիջոցները, բանկային համակարգը և այլ խոցելի հանգույցներ: Պետական համակարգերի ցանցը Ազգային անվտանգության ծառայության հատուկ վերահսկողության տակ է, քանի որ ժամանակ առ ժամանակ դառնում է ադրբեջանական հարձակումների թիրախ: Մասնավոր հատվածում կայքերի պաշտպանվածության աստիճանը շատ տարբեր է: Կան կայքեր, որոնք շատ հեշտ է կոտրելը, առավել ևս՝ սոցիալական կայքերը, որոնցից օգտվում են նաև զինվորականները:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ներկայումս տեղեկատվական դաշտում կան մի քանի հիմնական մարտահրավերներ, որոնք էապես տարբերվում են նախորդ տարիներին եղածներից:
-Դրանք յուրահատուկ օրեր կամ իրադարձություններ են, երբ տեղեկատվական ճնշումը Հայաստանի և հայության վրա Ադրբեջանը և Թուրքիան ուժեղացնում են։ Օրինակ՝ նույն ապրիլի քսանչորսին։ Բացի դրանից, մեր հակառակորդները շարունակում են ընդհանուր տեղեկատվական առօրյա հարձակումները։ Ադրբեջանի ռազմական ոլորտի քարոզչական աշխատանքը մեր դեմ բավականին լուրջ ձևափոխման է ենթարկվել։ Այսինքն՝ ադրբեջանական բանակը փաստացի գրաքննություն է մտցրել և արգելում է հրապարակել սեփական կորուստների մասին որեւէ տեղեկատվություն, ինչը պահանջում է մարտավարության համապատասխան փոփոխություն մեր դաշտում,- նշում է փորձագետը՝ շեշտելով, որ առավել մեծ ռիսկեր են պարունակում սոցկայքերը:
Հենց այս դեպքում է, որ հակառակորդը կայքում գրանցված մեր զինծառայողների նկատմամբ նպատակային «որս» է սկսում՝ օտար լեզվի և, ինչու չէ, նույնիսկ վարժ հայերենի միջոցով կեղծ անձնական էջից մտերմիկ զրույցի բռնվելով այս կամ այն զինվորականի հետ: Որքան էլ հապճեպ պատրաստված կեղծ էջերը կարող են միանգամից բացահայտվել, այնուամենայնիվ, մասնագետը խորհուրդ է տալիս նախևառաջ ուշադրություն դարձնել, թե որտեղ են կատարվել գրառումները, որտեղ է գտնվել տվյալ անձը:
-Հիմնականում դրանք շատ գեղեցիկ աղջիկների լուսանկարներով են, քիչ գրություններով, հղումներով, որպեսզի զուտ աշխուժություն երևա: Առնվազն տարօրինակ է, եթե նա կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում է եղել: Երբեմն կեղծ էջերից նաև այնպիսի «վիրուս» է տարածվում, ինչը կարող է մեծ վնաս հասցնել համակարգչին՝ խաթարելով այն և բնականաբար սպառնալով համակարգչում գտնվող փաստաթղթերին: Եթե ձեր ծանոթը հանկարծ սկսում է գրել անհասկանալի ոճով ու լեզվով, տարօրինակ գործողություններ անել, ապա պետք է զգուշանալ վիրուսներից: Զինվորականները պետք է հիշեն, որ սոցկայքերում հակառակորդի առաջին թիրախը հենց իրենք են։ Նրանք կարող են մի քանի զինվորականի ընդամենը մեկ հարց տալ և համադրելով պատասխանները՝ ընդհանրական պատկեր ստանալ։ Նրանց ուշադրության կենտրոնում տվյալ անձի կատարած գրառումն է՝ ինչ լուսանկարներ են տեղադրված, ինչպիսի համայնապատկերի վրա եւ այլն։ Պետք է ուշադիր լինել սեփական գրառումների նկատմամբ և համոզվել, որ դրանք արդյոք չափից շատ տեղեկություն չե՞ն պարունակում։ Ընդհանրապես, զինվորականը պետք է հետևի «համացանցային հիգիենային», պարբերաբար ստուգի գաղտնաբառերը, խուսափի անծանոթների հետ շփումից, – նշում է փորձագետը:
Սամվել Մարտիրոսյանը շեշտում է, որ զինծառայողի անձնական պաշտպանվածությունը կախված է ոչ միայն զինվորականներից, այլեւ այն քաղաքացիական անձանցից, որոնց հետ նա հաճախ կապի մեջ է, որոնք էլ չհասկանալով և չգիտակցելով հնարավոր վտանգները, հրապարակում են տեղեկատվություն, որը կարող է խոցելի դարձնել իրենց ծանոթ կամ հարազատ զինվորին ու սպային:
-Դրական կարելի է գնահատել տեղեկատվական անվտանգության ոլորտի պետական հատվածում արձանագրված փոփոխությունները։ Մյուս կողմից, հասարակությունը շարունակում է տարրական հարցերում շատ հեշտ տրվել հակառակորդի հրահրած սադրանքներին, ինչը կրթվածության պակասի հետեւանք է։ Այնպես որ՝ հիմնական խնդիրներից մեկը այսօր հասարակությանը կրթելն է: Պետք չէ մոռանալ, որ զինվորական և քաղաքացիական ոլորտները բավականին տարբերվում են։ Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից քաղաքացիական ոլորտում բավականին շատ խոչընդոտներ կան, քանի որ բավականին դժվար է պահպանել հավասարակշռությունը անվտանգության, ժողովրդավարության և քաղաքացիականի միջև։ Այդ տեսանկյունից կարևոր է քաղաքացիական և ռազմական ոլորտների շարունակական համագործակցությունը, -նշում է Ս.Մարտիրոսյանը և հավելում, որ զինծառայողների խնդիրները հիմնականում հետեւանք են այս ոլորտում անհատ զինվորականների կողմից սոցցանցերում տարածվող տեղեկատվության, երբ անուշադրության պակասով հրապարակվում են արգելված կամ գաղտնի տեղեկատվություն, լուսանկարներ: Իրականում, այս սահմանային գոտում բավականին բարդ է լուծումներ տալը, քանի որ ռազմական խստությունների կիրառումը քաղաքացիական ոլորտում դժգոհություն է առաջացնում։ Լավագույն լուծումը բանակի թափանցիկությունն է, բանակի կողմից կատարվող բացատրական աշխատանքը, – պարզաբանում է մասնագետը:
Անդրադառնալով տեղեկատվական անվտանգության ապահովման միջազգային փորձին՝ Սամվել Մարտիրոսյանը նշում է.
– Իսրայելի փորձը բավականին հետաքրքիր է։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ պետք է ստեղծել մեր տեղեկատվական անվտանգության սեփական մոդելը, – մասնավորեցնում է փորձագետը:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ