ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼ ԱՄՆ-ԻՑ
ԱՄՆ-ից զենք ստանալու նպատակով միայն 2010 թվականին Վրաստանը 1.5 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնի 4 առաջատար շահախմբերի (լոբբիստական ընկերությունների) ծառայությունների վրա: Այդ կամպանիային մասնակցում է նաև սենատոր Ջոն Մաքքեյնը: Այս մասին հաղորդում է ամերիկյան «Ատլանտիկ» ամսագիրը: Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին ամերիկյան զենքի անհրաժեշտությունը հիմնավորում է «ռուսական սպառնալիքով»: ԱՄՆ Պետքարտուղարությունը լռելյայն խոչընդոտում է Վրաստանի այդ փորձերը:
Ամսագրի տվյալներով՝ ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպանը պաշտոնանկ է արվել` զենքի մատակարարման թույլտվությունը ստանալ չկարողանալու համար: Ընդ որում, առայժմ պարզ չէ` Վրաստանն ուզում է ամերիկյան զենքը գնե՞լ, թե՞ ստանալ որպես օգնություն: