ԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԿՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՎԱԳԸ
♦ «Ես երջանիկ եմ, որ որպես քրիստոնյա խաղում եմ մահմեդականների թիմում: Ես հայ եմ, սակայն անձնագիրս իրանական է, և ես հպարտ եմ դրանով. ես իմ դրոշը բարձր եմ պահում: Հուսամ՝ կարող եմ նպաստել Իրանում հայի բարի համբավի ամրապնդմանը»:
♦ Ապրիլին Իրանի հյուսիսային հարևան Հայաստանը ոգեկոչել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը, և Իրանի կառավարությունը, որը սովորաբար ջղաձգվում է հանրային հավաքներից, բացառիկ որոշում է կայացրել՝ թույլ տալով իրանահայերին բողոքի ցույց անցկացնել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև:
Բրիտանական theguardian պարբերականը «Ռոհանին ուշադրությունը կենտրոնացնում է փոքրամասնությունների վրա. Իրանում առաջին անգամ ֆուտբոլային թիմի ավագը քրիստոնյա է» վերնագրով հոդվածում վերլուծում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ երկրի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ քաղաքականության տեղաշարժերը՝ արձանագրելով, որ այդ ուղղությամբ դեռ մի շարք մարտահրավերներ կան: Այս համատեքստում պարբերականն անդրադառնում է ազգությամբ հայ Անդրանիկ Թեյմուրյանի՝ որպես Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ նշանակմանը:
Անցյալ տարի, երբ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում էր մեկնել աշխարհի առաջնությանը, Անդրանիկ Թեյմուրյանը կանգնած էր իր թիմակիցների կողքին, մինչ վերջիններս շարք էին կազմել՝ համբուրելու իսլամի սուրբ գիրքը՝ Ղուրանը: Թեեւ իրանահայ Թեյմուրյանը մահմեդական չէ՝ նա չի ցանկացել անհարմարություն պատճառել եւ մասնակցել է ճանապարհելու արարողակարգին, որը իրանական մշակույթի մաս է կազմում: Ղուրանը պահող հոգեւորականը հազիվ էր զսպում իր զարմանքն այդ տեսարանից:
Ապրիլին Թեյմուրյանը, որը խաղացել է Bolton Wanderers եւ Fulham ֆուտբոլային ակումբների կազմում, դարձել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագը:
«Ես երջանիկ եմ, որ որպես քրիստոնյա՝ խաղում եմ մահմեդականների թիմում,- վերջերս հարցազրույցներից մեկում ասել է Անդրանիկ Թեյմուրյանը:- Ես հայ եմ, սակայն անձնագիրս իրանական է, եւ ես հպարտ եմ դրանով. ես իմ դրոշը բարձր եմ պահում: Հուսամ՝ կարող եմ նպաստել Իրանում հայի բարի համբավի ամրապնդմանը»:
Էթնիկ հայերը Իրանի մոտ 300 հազ. քրիստոնյաների մեջ մեծամասնություն են կազմում: Հայերն ամբողջովին ինտեգրված են իրանական հասարակության մեջ՝ երաժիշտ Լորիս Ճգնավորյանից մինչեւ Սմբատ Հակոբյան, որը հիմնադրել է երկրի՝ տղամարդկանց հագուստի ամենահայտնի բրենդը:
Թեպետեւ Իրանի պաշտոնական կրոնը իսլամն է, այն ճանաչում է քրիստոնյաներին, հրեաներին եւ զրադաշտականներին՝ որպես կրոնական փոքրամասնությունների:
Ապրիլին Իրանի հյուսիսային հարեւան Հայաստանը ոգեկոչել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ Իրանի կառավարությունը, որը սովորաբար ջղաձգվում է հանրային հավաքներից, բացառիկ որոշում է կայացրել՝ թույլ տալով իրանահայերին բողոքի ցույց անցկացնել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջեւ:
Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում