ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ`ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
Վերջերս գործի բերումով մեկնել էի Թբիլիսի: Առիթից օգտվելով, որ իմ հայրենի վայրերին շատ մոտ եմ, այցելեցի նաեւ Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն գյուղը, որտեղ անցել է իմ մանկությունը: Վերադարձիս հարեւան Սամշվիլդո գյուղում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներից մեկին` Աշոտ Քամալյանին, որը ժամանակին ուսուցիչ էր այդ գյուղի դպրոցում: Նա ինձ հրավիրեց տուն, եւ մեր ջերմ ու մտերմիկ զրույցից հետո, երբ պատրաստվում էի հրաժեշտ տալ նրան, իր գրասեղանի դարակից հանեց մի մաշված ու խունացած թղթապանակ եւ մեկնեց ինձ` ասելով. «Վերցրե՛ք, այստեղ մեր գյուղից Հայրենական մեծ պատերազմ մեկնած ու զոհված մի քանի զինվորների նամակներ են: Ծնողներս ու մեր հարազատներն են պահել եւ վերջում հանձնել ինձ: Հիմա ես էլ Ձեզ եմ տալիս եւ խնդրում, որ տանեք Երեւան եւ ուշադիր կարդաք: Եթե ինչ-որ հետաքրքիր ու պիտանի մի բան կգտնեք, հրապարակեք որեւէ թերթում: Դրանով Դուք մեծ լավություն արած կլինեք սամշվիլդեցիներիս եւ մի սուրբ գործ՝ մեր զոհված մարտիկների հիշատակի հանդեպ»:
Երեւանում իմ առաջին անելիքներից մեկը եղավ այդ թղթապանակի պարունակության ուսումնասիրությունը, որը տեւեց շատ երկար, քանի որ դրանք կանոնավոր ու ամբողջական նամակներ չէին, այլ շուրջ 75 տարվա վաղեմություն ունեցող տարբեր չափի, ձեւի ու որակի թղթերի վրա մատիտով ու թանաքով գրված, տեղ-տեղ ջնջված, ծալծլված ու ճմռթված, խամրած ու փշուր-փշուր եղած, հաճախ նաեւ՝ անընթեռնելի պատառիկներ, որ պետք էր մեծ զգուշությամբ զննել ու դրանց միջից մեկիկ-մեկիկ ջոկել-գտնել, թե ո՞ր մասը որի կեսն է, եւ իրար կպցնելով՝ նոր միայն կարդալ: Այդպես էլ վարվեցի, ու պարզվեց, որ դրանք տարբեր մարդկանց ձեռքով հապճեպ գրված՝ հաճախ բարբառային խոսվածքով ու զինվորական արտահայտություններով շաղախված ջերմ ու անկեղծ նամակներ, գրություններ են:
Արդ ձեռքիս տակ եղած շուրջ երեք տասնյակի հասնող նամակներից մի քանիսը ներկայացնում եմ «Հայ զինվոր» թերթին, քանի որ դրանք, իբրեւ Վրաստանի այդ հեռավոր հայաբնակ գյուղից ռազմաճակատ մեկնած ու չվերադարձած Մկրտիչ Քամալյանի, Գիգո Պողոսյանի, Մեխակ եւ Գեւորգ Մարգարյան եղբայրների` իրենց ծնողներին ու հարազատներին հասցեագրված սրտի վերջին խոսք ու պատգամ, առանց մեկնաբանությունների այսօր էլ մարդկայնորեն հուզում են ընթերցողին եւ շատ բան են ասում պատերազմական այն թեժ օրերի ու իրենց իսկ ապրումների մասին: Ավելացնենք, որ միայն նշված նամակագիրները չեն ընկել մարտերում, այլ, ցավոք, տուն չեն դարձել նաեւ նրանց հարազատ եղբայրները: Այդպիսով` միայն երեք ընտանիք տվել է ութ զոհ, որոնցից չորսը սույն նամակների հեղինակներն են:
ՎԱՀԱՆ ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
ՄԿՐՏԻՉ ՔԱՄԱԼՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԻՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Սիրելի՛ հայր և մայր, իմացե՛ք, ես հիմա Խերսոնում եմ: Մեզ Նիկոլաևսկում այնպես դասավորեցին, որ տանելու էին Ֆինլանդիա` կռիվ: Բայց յեղբալով (բախտավոր) էի, կռիվը դադարեց, ճամփից մեզ ետ դարձրին: Ինձ նոր ֆորմա էին տվել – վերցրին: Ես հիմա Խերսոնում եմ, որը շատ լավ տեղ է: Մոտս շատ հայ տղաներ կան, մի գնդում ենք, բայց նույն ջոկում չենք: Սակայն ամեն կիրակի օր իրար տեսնում, խոսում ենք:
Իմ սիրելի՛ հայր, մայր և եղբայր, Դաթո՛ ջան, էլի եմ ասում` իմ մասին չմտածեք, ես լավ եմ, ցանկանում եմ միայն ձեր լավ լինելը: Մեր լավ ուզողներին ամենքին էլ ասացեք, որ Միկիչը Խերսոնում է: Ես իմ հասցեն կգրեմ հիմա, բայց այդ հասցեով հլա նամակ չուղարկեք, ինչ վախտ որ գրեմ, ասեմ` այս հասցեով գրեցե՛ք, սա է ճիշտը, նոր միայն ինձ այդ հասցեով նամակ կգրեք: Նկարս էլ ուղարկում եմ, շուտով կստանաք:
Բարևներ ձեր որդուց` Միկիչ Քամալյանից, որը միշտ անհամբեր սպասում է ձեր նամակներին:
25. 03. 1940 թ.
Հ. Գ. Այս նամակը թող ստանա իմ սիրելի եղբայրը,
որի նկարը մոտս է և միշտ համբուրում եմ:
Իմ սիրելի՛ հայր և մայր, մինչև իմ գալը ապրեք ուրախ և խաղաղ և ամեն անգամ նկարիս նայելիս հիշեցեք ինձ, որ ես կամ: Նամակ գրելու մտադրություն չունեի, բայց դե իմ շղոմքորությունը ինձ թույլ չի տալիս մոռանալ ձեզ, իմ գովական հայր ու մայր: Դե այստեղ նորություն չկա, որ գրեմ, միայն ասեմ, որ Դաթոյից նամակ ստանում եմ:
Մեր հայաթի տնկած ծառերը բռնե՞լ են, լա՞վ են, հո չեն չորացել, գրեցեք իմանամ: Դաթոն ինձ գրում է, թե՝ Միկիչ ջան, չմտածես, որ չկարողացանք տուն շինել, և ասում է` ես բրիգադիր դարձա նրա համար, որ մինչև քո բանակից գալը տունը շինած լիներ, բայց չհաջողվեց, ինձ էլ զորակոչեցին բանակ: Ես մի քիչ խորը մտածեցի ու պատասխանեցի. «Մի՛ մտածիր, ապո՛ ջան, եթե մենք խելոք տղաներ լինենք, կշինենք, ոչ մի դժվարություն էլ չի լինի»: Իմ գրած այս նամակիս նա պատասխանեց` Միկիչ ջան, դեռ ես եղբոր կարոտություն չէի գիտում: Բայց հիմա կյանքի փորձը ցույց է տալիս, որ առանց եղբոր ապրելը անկարելի է:
Մնամ ձեր պատասխանին սպասող` Միկիչ Քամալյան
04. 05. 1941 թ.
(Նամակի սկիզբը չկա, պակասում է)… Ես մի կերպ անվնաս դուրս եկա այդ դժոխային մարտերից, թնդանոթների, ռումբերի ու գնդակների տարափի տակից, մահվան ճիրաններից պրծա: Ծանր էին այդ օրերն ինձ համար:
Հիմա ես Վեսյոլի Վոզնեսենսկում եմ, չեմ կռվում, ողջ և առողջ եմ: Մտածմունքս դուք եք:
Գերմանական ֆաշիզմը խուժեց մեր երկիրը` որոշելով 70 օրում հաղթել և ոչնչացնել մեր հայրենիքը: Բայց, բանից պարզվում է, որ թշնամին պետք է ոտքով-գլխով ջախջախվի մեր հողում: Հա՛յր – մա՛յր, հաղթանակը մերն է լինելու, չմտածե՛ք:
Այսքանը, ժամանակ չկա շարունակելու: Անիկ ջան, լավ վարվիր ծնողներիս հետ, լսիր նրանց խոսքը, մինչև մենք գանք: Խոսք եմ տալիս, որ ես, Դաթոն, Գիգոն ողջ և առողջ վերադառնալու ենք գյուղ:
Բարև, Լուսի՛կ ջան, ների՛ր, որ քեզ վերջում եմ բարևում, բայց դա չի նշանակում, թե քեզ մոռացել եմ: Սխալ կլինի քո կողմից, եթե այդպես մտածես:
Այսքանը: Մնամ ձեր նամակին սպասող` Միկիչ Քամալյան
28. 09. 1941 թ.
Իմ թանկագին հա՛յր և մա՛յր, այս նամակով հայտնում եմ ձեզ, որ ես ողջ ու առողջ եմ և ապրում եմ լավ: Միայն մտածում եմ ձեր մասին ու մեկ էլ Դաթոյի ու Գիքոյի: Բարևեցեք իմ քույր Լուսիկին և այս նամակս տվեք իրեն, թող կարդա: Նա շատ քիչ բան գիտի իմ մասին: Ճիշտ է, ես գյուղում լավ եմ եղել ամենքի համար, բայց դե հլը ջահել էի, շատ բան չէի հասկանում: Ես չեմ արել այն ամենը, ինչ իմ կյանքի ծրագրում դրել էի իմ հոր ու մոր նկատմամբ: Հիմա ես ինքս ինձ ասում եմ. «Ոչի՛նչ, Քամալյա՛ն, թե ողջ մնացիր, հետո կկատարես քո էդ բոլոր նպատակները»:
Իմ շատ սիրելի քույր Լուսի՛կ, ես շատ լավ հասկանում եմ ու գիտեմ քո դրությունը: Բայց ոչինչ, հիշիր աշուղ Ջիվանու մի խոսքը. «Համբերե, սիրտ իմ, համբերե, Համբերանքն է սրտի դեղը»: Հիշիր, քույր ջան, այս բառերը և հորս ու մորս սիրտ տուր, թող չմտածեն: Համբերեցեք մինչև իմ գալը:
Լուսի՛կ ջան, գիտե՞ս, ես մեր Վաթոյին վերջերս որտեղ եմ տեսել` Ազովի ծովի մոտ, Մարիուպոլ քաղաքում` ճամփովը գնալիս: Ես իրեն ճանաչեցի: Մաշինումն էի, հաց էի ստացել, տանում էի ֆրոնտ: Մաշինեն կանգնեցրի, իջա: Նա վիրավոր էր, չգիտեմ՝ ա՞ջ, թե՞ ձախ ծնկից, կաղում էր: Երեք ժամ իրար հետ խոսեցինք: Հաց տվեցի, ծխախոտ չուներ, ծխախոտ էլ տվեցի: Դե ես հիմա էլ չեմ ծխում, էդ մասին էլ իմացեք: Շոֆերս զապաս ուներ, նրանից 10 պաչկա վերցրի ու տվեցի Վաթոյին: Եվ այդպես մենք բաժանվեցինք:
Քույր Լուսիկ ջան, չնայած շատ դժվարին օրեր են, բայց ոչինչ, դիմացեք: Հաղթանակը շուտով մերն է լինելու, ուրիշ բան չմտածեք ու չկասկածեք:
Մերոնց ասա, թող զապաս երկու տարվա հաց առնեն, ցորեն ու պահեն: Հացը շատ մի մսխեք, շուտով սով է լինելու, պետք է պատրաստ լինեք դրան, լսեցե՛ք ինձ: Ես սա ամեն անգամ գրում եմ, որովհետև դուք չգիտեք, թե այստեղ ինչ է կատարվում. տուն-տեղ հավասարվում է գետնին, միլիոնավոր մարդիկ են զոհվում, արյունը հոսում է, ոնց որ մեր Ճավճավ գետը:
Այսքանը. նորից բարևներ բոլորին: Մնամ ձեր պատասխանին սպասող`
ձեր եղբայր` Միկիչ Քամալյան
06. 01. 1942 թ.
ԳՐԻԳՈՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԻՐ ԿՆՈՋԸ` ԼՈՒՍԻԿԻՆ
Լուսիկ ջան, այժմ ես ռազմաճակատում եմ, ծանր մարտեր ենք մղում, բայց իմ մասին չմտածեք, ով ինձանից հարցնի` կասեք, որ շատ լավ եմ և կռվում եմ թշնամու դեմ` հանուն հայրենիքի պաշտպանության: Դուք լավ կացեք: Գրիր՝ իմանամ` Արսենին ու Պողոսին տարե՞լ են բանակ, թե՞ չէ, և գրիր նաև, թե մեր կողմի տղերանցը մինչև քանի՞ տարեկանն են տարել բանակ:Հա՜, Լուսիկ ջան, դու իմ ուղարկած պասիլկան ստացե՞լ ես, որ մեջը շորերս էի դրել, թե չէ: Եթե ստացել ես, անպայման ինձ իմաց արա, մեր տանեցոց էլ բարևիր, համ էլ իրարից խռով մի պահեք, լավ կացեք, հաշտ ու խաղաղ:
…Լուսիկ ջան, ստացա սեպտեմբերի 7-ի գրած նամակը և շատ ուրախացա: Միայն թե միջին մի քանի ավելորդ բաներ էիր գրել` այն, որ ասում ես, թե իբրև ես էլ քեզ չեմ սիրում: Դու դրանով ինձ տխրեցրիր: Լուսիկ ջան, այդ մասին իսկի չմտածես, դու ես միակը, որ կաս ինձ համար: Քեզնից բացի ես ոչ մի սիրած էլ չունեմ: Դու հո գիտես ինձ, որ ես սուտ չեմ խոսում: Սա դու իմացիր և ականջիդ օղ արա, էլ էդպիսի բաներ չգրես: Որպես գրածիդ պատասխան ընդունիր իմ այս տողերը.
Բուսել ես բաղի միջին,
Շամամի թաղի միջին,
Գիշեր-ցերեկ միալար
Դու ես իմ խաղի միջին:
Հասկացա՞ր, Լուսիկ ջան… Ես շատ ուրախ եմ, որ հիմա ինձ շուտ-շուտ ես նամակ գրում, և շատ ուրախացա, որ այս տարի այդքան շատ բերք ես ստացել կոլխոզից: Լուսիկ ջան, հո գիտես, որ ես հիմա մահվան գրկում եմ, կռվի թեժ տեղում: Թե որ ես ողջ մնամ ու արժանանամ ձեզ, այն ժամանակ էս մեր քաշած բոլոր դժվարությունները շուտ կմոռացվեն: Դու լավ կաց, երեխին լավ պահիր: Հիմա ես շտապում եմ ու նամակս ավարտում, հետո էլի կգրեմ:
Մնամ նամակիդ սպասող` քո Գիգո Պողոսյան
28. 09. 1941 թ.
Նախքան նամակիս բուն բովանդակությանն անցնելը, բարևում եմ քեզ, Լուսիկ ջան, և փոքր Սալոմիս:
Լուսիկ ջան, եթե ինձնից հարցնես, ես ողջ ու առողջ եմ, նույնը ցանկանում եմ բոլորիդ: Ես քեզանից ստացել եմ օգոստոսի 1-ին և 3-ին գրած նամակներդ: Օգոստոսի 3-ինը ստացել եմ 18-ին, իսկ 1-ինը` սեպտեմբերի 13-ին: Ես քեզ նամակներ շուտ-շուտ եմ ուղարկում, բայց պատասխան չեմ ստանում: Չորս ամսվա ընթացքում ես քեզանից ստացել եմ ընդամենը երկու նամակ, իսկ մեր տնից այդ ընթացքում ոչ մի նամակ չեմ ստացել, չգիտեմ, թե ի՞նչն է պատճառը: Լուսիկ ջան, դու իմացիր, որ այսուհետև քեզ, այսինքն` երեխին, ամսական հասնում է 50 ռուբլի, կգնաս կստանաս: Այս նամակս ստանալուդ պես կգնաս վայենկոմատ և կասես, որ նոր կարգի համաձայն ամսական 50 ռուբլի պիտի ստանաս:
Լուսիկ ջան, երեխի հետ կնկարվես և այդ նկարը կուղարկես ինձ, շատ եմ կարոտել:
Այսքանը. մնամ նամակիդ սպասող`
քո Գիգո Պողոսյան
19. 09. 1941 թ.
ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԻՐ ՔՐՈՋԸ` ԳԱՅԱՆԵԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Բարև, թանկագին քույր Գայանե.
…Գայան ջան, ի՞նչն է պատճառը, որ ձեզանից նամակ չեմ ստանում: Ես վաղուց ձեզ նամակ եմ ուղարկել, բայց պատասխանը չեմ ստացել: Չնեղանաք, որ այսքան վատ եմ գրում, շտապում եմ, իսկի ժամանակ չունեմ: Ինձ ընտրել են կոմերիտական կազմակերպության քարտուղար, արդեն մեկ ամիս կլինի, որ չեմ կարողանում գործից յախա թափեմ, հիմա էլ վերցրին սերժանտի կոչում տվին, այնպես որ, շատ խառնված ու գործերի մեջ թաղված եմ, գրելու իսկի ժամանակ չունեմ: Դուք շուտ-շուտ գրեցեք, գրեցեք այդտեղի նորությունների մասին և ձեր դրության մասին:
Քո եղբայր Գևորգ Մարգարյան
20. 05. 1941 թ.
Այա ջան, ես ստացա ձեր ուղարկած նամակը և շատ ուրախացա: Բայց, այա ջան, դուք գրել եք, թե իբր ես խռովել եմ ձեզանից: Դուք ճիշտ չեք հասկացել, ինչի՞ համար պիտի խռովեմ կամ ումի՞ց: Ես խոմ էն առաջին նամակում գրել էի, որ մենակ 40 օր կարանտինում էի: Դրանից հետո ուղարկեցին Կիև, Լենինգրադ` լեյտենանտի շկոլ, բայց հետ կանչեցին: Այժմ ես նորից ծառայում եմ իմ առաջվա տեղում:
Այա ջան, մենք ամեն օր վարժվում, պատրաստվում ենք մարտերի: Թե կռիվ էլ լինի, մենք կռվից 3-4 կմ հեռու ենք լինելու, ընենց որ՝ 3-րդ տարում էլ մեկ ամիս արձակուրդ են տալու: Երեք տարի ծառայող հրամանատարը ամսական ստանում է 150 ռուբլի, ընենց որ՝ շատ շուտ կանցնի այդ երեք տարին, այդ մասին չմտածեք:
Այա ջան, հիմա որ միտս է գալիս էն անձրև օրը, որ ինձ ու Աղոյին բանակ էիք ճամփու դնում, հենց կարծում եմ, թե երեկ էր, և հենց կարծում եմ դեռ մաշինի վրա նստած եմ: Ոչինչ, այա ջան, այդ երեք տարին շատ շուտ կանցնի:
Դե, այա ջան, մենք կարող է այստեղից իջնենք կա՛մ Բաթում, կա՛մ Երևան, կա՛մ էլ թե չէ` Լենինական, Թուրքիայի կողմերը, որովհետև Գերմանիան շարժվում է դեպի Թուրքիա, դեպի Մերձավոր Արևելք:
Գործի ձեռքից յախա չեմ թափում: Այ, էսօր բոլորը գնացել են քաղաք` ման գալու, իսկ ես նստած նրանց ժողովների արձանագրություններն եմ արտագրում: Մի կես ժամով հիմա գործս թողեցի և այս նամակն եմ գրում:
Այա ջան, ես երեք ամիս է, որ բացի հայերեն նամակ կարդալուց հայերեն ոչ մի խոսք չեմ լսել կամ ասել, մեզ մոտ ոչ մի հայ չկա:
Դե, այա ջան, էլ գրելու ոչինչ չունեմ:
Մնամ նամակի պատասխանին անհամբեր սպասող`
ձեր որդի Գևորգ Մարգարյան
18. 05. 1941 թ.
ՄԵԽԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԻՐ ՔՐՈՋՆ ՈՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Գայան ջան, նախ և առաջ ընդունիր քո եղբոր սրտից բխած անկեղծ բարևները: Եթե կուզես իմանալ իմ մասին, ես շատ լավ եմ, առողջացել եմ և միայն ձեզնից եմ նիգյարան (անհանգիստ): Գայան ջան, չնեղանաս, որ նամակ չեմ գրում, այստեղ թուղթ բոլորովին չկա և ժամանակ էլ չունեմ, ամբողջ օրը լարված պարապմունքների մեջ ենք:
Մենք Սև ծովի ափին շատ մոտ ենք: Մեր վրանները հենց այգիների մեջ են, ծովից ընդամենը 100-150 մետր են հեռու: Շատ լավ տեղ է, սաղ օրը միրգ ենք ուտում: Թեև կռվին շատ մոտիկ ենք, բայց դեռ վտանգ չկա, տեսնենք հետագայում ոնց կլինի: Նրանց ինքնաթիռները ազատ թռչում են մեր տերիտորիայի վրայով, մեզ շատ մոտիկ: Օդային տագնապ այստեղ ամեն օր է լինում: Հենց երեկ դրանք ուղիղ թռան մեր գլխի վրայով:
Մանիկին ասա, թող չնեղանա, որ նամակ չեմ գրում: Նորից եմ կրկնում` ժամանակ, հնարավորություններ և գրելու թուղթ բոլորովին չունենք:
Մնամ պատասխանին սպասող` քո եղբայր Մեխակ Մարգարյան:
27. 08. 1942 թ.
…Գիտեմ, դուք ինձանից շատ նեղացած կլինեք, որովհետև գոնե ամիսը մի նամակ չեմ կարողանում գրել: Ձեզանից ես երեք ամիս է, հլա ոչ մի նամակ չեմ ստացել: Էստեղ նամակ դժվար է գալիս: Մենք մեր առաջվա տեղում չենք: Շուտով մեզ տանելու են ուղիղ ճակատ` Կովկասյան լեռներում: Շուրջբոլորը բարձր սարեր են, այնպիսի սարեր ու չոլեր, քարեր ու քոլեր, որ չեք պատկերացնի: Գյուղերը դատարկ են, բոլորովին մարդ չկա:
Հայրիկ ջան, աշխատեցեք լավ լինեք: Գայանին ասացեք, թող չնեղանա ինձանից, ես իր նամակի պատասխանը նոր եմ գրել, շուտով կստանա:
Մենք արդեն դիրքերում ենք:
Մնամ նամակիս պատասխանին սպասող՝ ձեր որդի Մեխակ Մարգարյան:
02. 10. 1942 թ.