Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԱՄԵՌ ԸՆԿԵՐՈՋՍ



Մեկ տարի է անցել այն օրից, երբ գեներալ-մայոր Սեմյոն Խորենի Հակոբյանն իր մահկանացուն կնքեց ընդամենը 58 տարեկանում։ Նա ապրեց իմաստավորված և հարուստ կյանքով եւ իրեն ճանաչողների և զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ և քաղաքացի:
Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` նա միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպաններից և բանակի կայացման առաջամարտիկներից մեկը:

Վարդան Ավետիսյան

ՄԱՀԱՄԵՌ ԸՆԿԵՐՈՋՍ

Նա մեռնում է ու տանջվում է ուռուցքների ցավերից,
Իսկ դու, անգութ, իսկ դու, անխի՛ղճ, քեն ես պահում անընդմեջ,
Եվ անտարբե՛ր, անհոգի` քո մարմնախեղ իրանում
Դու դեռ սնում ես, ավա՜ղ, ատելության ոխ ու տենչ…

Նա ողբում է իրեն լափող մահանման ցավերից,
Եվ տնքում է հոգու խորքից հառաչանքով խելահեղ,
Իսկ ցավերը անբալասան չեն հանդարտվում հաբերից,
Եվ թռչում են նրա հոգում մահվան նետերը անշեղ:

Ի՜նչ էր նրա ապրած կյանքը` ընդամենը տառապանք,
Չհասցրեց իր վաստակը գոնե մի օր վայելեր,
Բայց ճաշակեց փոխարենը ոտնահարված մի սեւ կյանք,
Եվ մի ուղի խավարով լի լույսից զրկված ու անել:

Մեծահոգի մաքառումով նա զնդանեց քեն ու դավ,
Բարձր պահեց սուրբ պատիվը եւ չընկրկեց դավերին,
Իր վշտերը հոգում պահած` այս աշխարհից հեռացավ,
Դատապարտեց ինքն իրեն ու կուլ գնաց մութ մահին:

Ափսոսում եմ, որ չիմացար, չգթացիր քեզ երբեք,
Եվ անհատնում անտեսությամբ քեզ հանձնեցիր տրտմանքին,
Կործանեցիր կյանքդ անգամ խարխափներով հուսաբեկ,
Եվ զոհ դարձար սին կրքերի հեղձաշաղախ սահանքին:

Ո՞վ է արդյոք քեզ հիշելու, ձեռք մեկնելու օջախիդ,
Եվ օգնելու քո ուստրերին նեղության մեջ բազմաբյուր,
Երբ քո տան մեջ ծարավ լինի ու մութ լինի չար ու խիտ,
Ո՞վ կդառնա մի կենարար ու սիրտ մաքրող տաք աղբյուր…

Քեզ խղճում եմ ու աղոթում հոգուդ համար մահախոց,
Եվ խնդրում եմ, որ չբարդե՜ն, քեզ չդատե՛ն անհարկի,
Կյանքը տխուր, մահը` դաժան, քեզ չեմ հանի իմ հոգուց,
Եվ անունդ կմրմնջամ պատերի տակ սուրբ վանքի…

07.02.2013թ.

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային


04/06/2015