ՀԱՂԹԵԼԸ ՊԱՏՎԻ ՀԱՐՑ Է
Մայիսի 27-ին համաբանակային 10 կմ երթարշավի մրցույթին ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզական վաշտը կրկին փայլուն արդյունք ցուցադրեց: Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Մախսուդյանը խրախուսել է հաղթանակ պարգեւած զինվորներին:
Թիմի հաջողության գաղտնիքը բացահայտելու համար զրուցեցինք հաղթանակած վաշտի հրամանատարի՝ կապիտան Աբել Սողոմոնյանի հետ:
-Պարոն կապիտան, նախ շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է այն կարեւորագույն գործոնը, ինչը Ձեզ հաղթանակ պարգեւեց:
-Շնորհակալ եմ: Այս հաղթանակը ոչ միայն վաշտի առողջ մթնոլորտի եւ ֆիզիկական բարձր պատրաստվածության արդյունք է, այլեւ կամքի ուժի դրսեւորում, ինչպես նաեւ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի: Մեր թիմի հաղթանակին նպաստել են նաև վերադաս հրամանատարության ուշադրությունն ու վստահությունը: Երբ գիտես, որ հրամանատարը հավատում է քեզ՝ քո ուժերին, վստահում քեզ, ամենադժվար պահին էլ վերջին ճիգերի լարումով ձգտում ես արդարացնել նրա վստահությունն ու սպասումները:
-Ձեր թիմը բաղկացած էր 22 հոգուց, որոնցից 20-ը՝ ժամկետային զինծառայողներ: Դժվար չէ՞ր արդյոք համախմբել նրանց ընդհանուր նպատակի շուրջ: Ինչպե՞ս դա հաջողվեց:
-Զորամասի հետախուզական վաշտն առաջին անգամը չէ, որ հաղթում է այս մրցույթում, եւ նորեկ սերնդի համար պատվի հարց է իր նախորդների նվաճած բարձունքը պահելը եւ հաջորդներին փոխանցելը: Մենք անհատական մոտեցում ունենք յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, ինչն օգնում է յուրաքանչյուրից առավելագույնն ստանալ:
-Դուք զինվորների հետ դժվար ճանապարհ եք անցել, երկու տարի նրանց հետ աշխատել, ծառայել եք… Ինչպիսի՞ զգացողություններ ունեք. չէ՞ որ նրանցից շատերը շուտով զորացրվելու են:
-Միանշանակ հպարտանում եմ նրանցով եւ հուսով եմ, որ իմ` ավագ ընկերոջ խրատները ինչպես մարտական հերթապահության օրերին են նրանց օգնել, այնպես էլ օգտակար կլինեն նրանց հետագա ամբողջ կյանքում: Իհարկե, դժվար է բաժանվել այն զինծառայողներից, որոնք այս կարճ, բայց բազմատեսակ իրադարձություններով լի ժամանակահատվածում հարազատ են դարձել: Ինչ արած, այսպիսին է սպայի կյանքը. հայրենիքի պաշտպանի հերթափոխը պետք է հանձնես հաջորդ սերնդին:
Արա ԲԱՂՈՒՄՅԱՆ
շարքային
Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Ազգային բանակ