ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:
Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ եթե թուրքական դատարանը մերժի հայցը, Կաթողիկոսությունը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի կողմից Եվրադատարանի որոշումներն ընդունելուն թերահավատորեն վերաբերվողները պետք է իմանան, որ Թուրքիայի Հանրապետությունը ենթարկվել է իր դեմ բոլոր վճիռներին՝ Եվրադատարանի իրավասությունը 1990 թվականին ճանաչելուց ի վեր:
Կաթողիկոսության հայցը շրջադարձային է մի շարք պատճառներով.
– Այն նպատակ ունի մասնակիորեն վերականգնելու Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային, նյութական և տարածքային կորուստները:
– Այն տեղափոխում է «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված՝ Հայ դատի ջանքերը դեպի դատաիրավական ոլորտ», ինչպես նշեց Արամ Ա կաթողիկոսը:
– Այն կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ իրավական պահանջների համար, ինչպես Արամ Ա կաթողիկոսը տեղեկացրեց «Նյու Յորք թայմս» թերթին անցյալ ամիս. «Հարյուր տարի անց, ես կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ շեշտը դնենք հատուցման վրա…. Սա առաջին իրավական քայլն է, որին պետք է հետևի՝ բոլոր եկեղեցիները, վանքերը և եկեղեցապատկան ունեցվածքը և վերջապես մասնավոր սեփականությունը վերադարձնելու պահանջը»:
Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Պատմության էջերից