ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Հունիսի 12-ին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերում մեր երկիրը մասնակցելու է վեց մարզաձևերում` բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվանդո և ըմբշամարտ, հունահռոմեական և ազատ ոճ:
Հաջողություն ցանկանանք մեր մարզիկներին, թող նրանք միայն հաղթանակով տուն վերադառնան:
Միջազգային ներկայացուցչական մրցաշարերում ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկների գերազանց ելույթների շնորհիվ մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հայոց եռագույնը, ու հնչել է պետական օրհներգը: Այսօր էլ տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ – զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: Այս առումով հատկապես արգասաբեր եղան 2015 թվականի մարտ – ապրիլ ամիսները, երբ Վրաստանում կայացած Եվրոպայի ծանրամարտի, Լեհաստանում կայացած ազատ ոճի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի, Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնություններում, ինչպես նաև Քաթարում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային խոշոր մրցաշարում նրանք նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Արձանագրված բարձր ցուցանիշների, երկրի և ԶՈՒ պատիվը բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք մարզիկ – զինծառայողների պարգևատրել է ՊՆ գերատեսչական մեդալներով, խրախուսել արժեքավոր նվերներով: Շնորհավորելով զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մեր զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել ու ցուցադրել հայոց բանակի մարտունակությունը, այլ նաև ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառում գրանցած հաջողություններով:
Մարտ ամսին Թբիլիսիում կայացած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ, Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած շարքայիններ Սմբատ Մարգարյանին ու Էդիկ Պետրոսյանին օրերս հանդիպեցի բանակի կենտրոնական մարզական ակումբում:
ՄԵԿ ԲԱՌ ԱՍԱՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` «ԱՊՐԵ՛Ս». ԵՒ ԱՅԴՔԱՆՆ ԻՆՁ ԲԱՎԱԿԱՆ ԷՐ
ՀՀ չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող 2015թ., Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի պատանիների առաջնության երրորդ մրցանակակիր 2013թ. Հունաստան, Եվրոպայի պատանիների առաջնության առաջին և երրորդ մրցանակակիր: Ահա երիտասարդ շնորհալի սամբիստ, շարքային Էդիկ Պետրոսյանի մարզական նվաճումների ամբողջ հավաքածուն: Հաղթանդամ, գրեթե մեկ մետր իննսուն սանտիմետր հասակ ունեցող, ատլետիկ կազմվածքով շարքային Էդիկ Պետրոսյանը, պարզվում է, որ նաև շատ հետաքրքիր զրուցակից է:
– Որտե՞ղ ես ծնվել:
– Սպիտակ քաղաքում:
– Ինչո՞ւ ընտրեցիր սամբոն:
– Որովհետև իմ ծննդավայրում սամբոն շատ հարգված մարզաձև է և ամուր հիմքերի վրա է դրված:
-Սամբոն գնալով մեծ ժողովրդավարություն է վայելում: Ի՞նչն է երիտասարդներին գայթակղում այս մարզաձևում:
– Ես, ճիշտն ասած, ձյուդոյի էլ եմ գնացել, սակայն հետո տեղափոխվեցի սամբոյի խմբակ: Ձյուդոն մի տեսակ չսիրեցի, իսկ սամբոն իմ ապրելակերպը դարձավ, որովհետև այն շատ հզոր, հարուստ և բարդ մարզաձև է: Նաև շատ խորը…
-Ո՞րն է մարզիկի քո նշանաբանը:
-Միշտ առաջինը լինել…
-Ամենամեծ նվաճումդ:
-Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը:
-Ե՞րբ ես համալրելու մեծահասակների շարքերը:
-Կարելի է ասել՝ արդեն համալրել եմ: 2014թ. ինձ թույլատրվեց մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, որտեղ էլ դարձա հաղթող:
-Ի՞նչ է սպորտը քեզ համար:
-Ինձ համար սպորտը միայն արդյունք չէ: Սպորտը, բացի տիտղոսից, ճանաչումից, նաև ապրել է սովորեցնում, ճիշտ ապրելու ձև է սովորեցնում:
-Շնորհավորում եմ առաջին զինվորական պարգևդ:
-Շնորհակալություն:
-Պարգևատրման օրը ո՞ր դրվագն է առավելապես դաջվել հիշողությանդ մեջ:
-Հանդիպումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ձեռքսեղմումն ու նրա բարեմաղթանքը` «Շնորհակալություն: Ապրես»:
ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Սմբատ Մարգարյան` մինչև 20 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 2010թ. Սինգապուրում անցկացված պատանիների առաջին օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր` 2011թ., Իսրայել: Ինչ խոսք, քսաներկուսը նոր բոլորած պատանի ծանրորդի համար հիրավի նախանձելի նվաճումներ: Երբ իմ խնդրանքով Սմբատն իր բոլոր մեդալները պարանոցն անցկացրեց, խոստովանում եմ՝ դրանց քանակից մնացել էի զարմացած: Նրան հանդիպեցի ԲԿՄԱ-ում:
-Հետաքրքի՞ր մարզաձև է ծանրամարտը,- հարցնում եմ Սմբատին:
– Այո՛, և՛ հետաքրքիր, և՛ բարդ ու ծանր:
– Ինչո՞ւ հենց ծանրամարտն ընտրեցիր:
– Ծանրամարտով զբաղվել եմ լրիվ պատահականորեն` տանեցիների որոշմամբ և զուտ կոփվելու համար: Բայց հետո պարզվեց, որ մերոնք այլ քողարկված մտադրություն էլ են ունեցել: Նրանք որոշել են իրենց չարաճճի տղայի համար սպորտը ծառայեցնել որպես էներգիայի սպառման աղբյուր:
– Ի՞նչ է տալիս սպորտը մարդուն, հասկանալի է, առողջությունից, ուժից, անունից բացի:
-Առաջին հերթին՝ մարզական դաստիարակություն, կարգապահություն, հավասարակշռվածություն, կամքի ուժ…
– Երբվանի՞ց սկսեցիր պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել:
-Երբ Հայաստանի մեծահասակների առաջնությունում դարձա հաղթող: Այդ օրվանից սկսեցի լրջորեն, պրոֆեսիոնալ ձևով մարզվել:
– Քանի՞ տարեկան էիր:
-13:
-Առաջին մարզիչդ:
-Առաջին էլ, անձնական մարզիչս էլ Հրանտ Տոնոյանն է:
-Ծառայությունը չի՞ խանգարում մարզումներիդ:
-Առանձնապես՝ ո՛չ: Մեզ մոտ ամեն ինչ պլանավորված է` թե՛ մարզումները, թե՛ հավաքները:
-Ժամանակ մնո՞ւմ է ծառայության համար:
-(Ժպտում է): Իհարկե: Հավաքները, մարզումները հանած, մնացած ժամանակն անցնում է զինվորական օրակարգով:
-Առաջիկայում ի՞նչ «փորձություններ» են սպասվում քեզ:
-Հոկտեմբերին մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, իսկ նոյեմբերին՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը:
-Եվ…
-Այդ մրցաշարերի արդյունքներից էլ պարզ կդառնա, թե Բրազիլիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերին ովքեր կմասնակցեն:
-Մաղթում եմ նորանոր մարզական հաղթանակներ, իսկ գործերիդ էլ՝ բարի ընթացք, հավատով, որ օլիմպիական ոսկին քոնը կլինի:
-Շնորհակալություն:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ
մայոր