ՏԵՍԱԿԱՆԻՆ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
Անօդաչու թռչող սարքեր արտադրող անգլո-իտալական SELEX Galileo ընկերությունը հայտարարել է գերկոմպակտ անօդաչուների UTRI իտալական ձեռնարկության գնման մասին: UTRI-ի գնումը թույլ կտա SELEX Galileo-ին ընդլայնել արտադրվող տեխնիկայի տեսականին: Մասնավորապես, կարտադրվի ASIO տակտիկական անօդաչու ապարատը` թռիչքի ուղղահայաց մեկնարկի և օդում անշարժ դիրքից օբյեկտը դիտարկելու հնարավորությամբ: Նախատեսվում է նախագծել նաև երկու կիլոգրամանոց Crex-B, ինչպես նաև Spyball անօդաչու միկրոապարատը:
SELEX Galileo ընկերությունը պատկանում է իտալական Finmeccanica մեքենաշինական հոլդինգին: Ավիացիոն ոլորտի եվրոպական շուկայի առաջատարներից մեկն է, Eurofighter Typhoon կործանիչների ավիացիոն ռադիոէլեկտրոնիկայի հիմնական մատակարարողն է: Երկու տարի առաջ բերված տվյալների համաձայն` ընկերության տարեկան շրջանառությունը կազմել է 1,75 միլիարդ եվրո: Անձնակազմը շուրջ 7000 հոգի է` ամբողջ աշխարհում: