Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ



Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը թերևս առաջին անգամ էր այդքան խայտաբղետ հասարակություն հավաքում իր հարկի տակ. զինվորական ու լրագրող, ազատամարտիկ ու պոետ, երգիչ ու ոստիկան, հասարակական գործիչ ու մտավորական: Բանաստեղծ, Արցախյան պատերազմի հրամանատար, ազգային բանակի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ներկայացնում էր իր «Լույսի օրհնություն» գիրքը: Բոլորիս համար անսպասելի միջոցառումն սկսվեց Հրանտ Թադևոսյանի «Վահան Մամիկոնյան» գրքի մասին փոքրիկ պատումով, գրքի հեղինակը նստած էր բեմում, իսկ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը դահլիճում էր, հանդիսատեսի հետ: Հետո խոսեց ինքը՝ Հրանտ Թադևոսյանը, և ասաց, որ այսօր Վարդան Ավետիսյանի «Լույսի օրհնություն» գրքի շնորհանդեսն է, բայց հեղինակը համաձայնել է շնորհանդես կազմակերպել միայն այն պայմանով, որ այդ միջոցառման ընթացքում ներկայացվի նաև Հրանտ Թադևոսյանի հիշյալ գիրքը, այսինքն՝ միջոցառումը նվիրված չլինի միայն իրեն:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ելույթը հուզառատ էր ու անկեղծ: Նրա բնութագրմամբ՝ Վարդան Ավետիսյանի պոեզիան այնքան ոգեղեն է, որքան հանուն հայրենիքի մարտնչող հերոսի սխրանքը, ամուր է, ինչպես արյամբ ազատագրված հողը, լուսավոր է, ինչպես Աստծո ներկայությամբ ողողված ամեն ինչ….:

Իսկ գրող Մերուժան Տեր-Գուլանյանը Վարդան Ավետիսյանի պոեզիան բնորոշեց որպես ուժի ու հավատի պոեզիա: Նա ասաց, որ ճշմարիտ պոեզիան պիտի լույս վառի, պիտի տանի գեղեցիկ, տաք ափեր, որտեղ ծնվում են բարությունը, ազնվությունը, խիզախությունն ու նվիրումը: Նա հիշեց Հովհաննես Թումանյանի «Ուրախ գիշեր» պատմվածքը, որը գրվել էր եղեռնի տարիներին օրհասից մազապուրծ հայ գաղթականների մասին, բայց շնչում էր լավատեսությամբ, հույսով ու ապրեցնում էր: Նա շեշտեց ընթերցողի հոգու լույսը ամենածանր պահին անգամ վառ պահելու գրողական պարտքի մասին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ յուրաքանչյուր ստեղծագործություն՝ լավ կամ վատ, պիտի հասնի լսարանին, որից հետո կա՛մ կնվաճի ապրելու իր իրավունքը, կա՛մ կավարտի իր կարճատև կյանքը: Վարդան Ավետիսյանի պոեզիան լինելության իրավունք է նվաճել, որովհետև թրթիռներ է արթնացրել մարդկանց հոգում, թարգմանել է մարդկային սրտի հույզերը՝ սիրո, կարոտի, տառապանքի, նվիրումի, կորստի…

Ցերեկույթն ընդմիջվում էր ասմունքով՝ բառերը լույսի և օրհնության պես իջնում էին ու հանգրվանում մարդկանց սրտերում: Խոսեցին նաև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրենը, «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանը, բեմ բարձրացան մարդիկ, ովքեր ներշնչված են Վարդան Ավետիսյանի մարդկային նկարագրով ու բանաստեղծական պատկերներով՝ ուժի և գեղեցկության, թափի ու նրբության, խիզախության ու բարության ներդաշնակությամբ շնչող տողերով: Վարդան Ավետիսյան մարդուն և պոետին իրենց սրտի ջերմությունը նվիրեցին նրան ու նրա պոեզիան սիրող մարդիկ՝ դրվատելով առ Աստված գեներալ պոետի հավատքը, սերն ու խոնարհումը: Բանաստեղծությունը լցրել էր մարդկանց սրտերը, ու նրանք ուզում էին իրենց սրտի լույսից ինչ-որ բան բաժին հանել Վարդան Ավետիսյանին. փոքրիկ Զեմֆիրան՝ Ջրվեժի երաժշտական դպրոցի սանը, հանպատրաստից դաշնամուր նվագեց, երգիչ Գևորգ Հաճյանը նվիրեց իր կատարումը…

Ապա դահլիճից բեմ բարձրացավ Վարդան Ավետիսյանը, ու այն մարդիկ, որ նրան տեսել էին միայն գեներալական ուսադիրներով, բեմում գտան մի ուրիշ Վարդան Ավետիսյանի՝ շողացող դեմքով, լուսավոր աչքերով, ներշնչված ձայնով: Նրանք, ովքեր սպասում էին, որ պատերազմի հրամանատարը ոգեշունչ բանաստեղծություններ պիտի կարդա, զարմացան, որովհետև գեներալի ընթերցած երկու բանաստեղծությունները մոր և Հիսուսի մասին էին: Աստված ինքն էլ քեզ մեծարեց Աստվածային խոնարհումով, Մայրական կաթ առավ շուրթին և օրհնվեց սրբությամբ: Նա Սուրբ հոգու ներգործությամբ մարդեղացավ Մարիամով և աշխարհի փրկությունը մեզ պատգամեց հարությամբ…. Մարդիկ հեռացան դահլիճից՝ օծված «լույսի օրհնությամբ» և լույս վառելու ներքին արթնությամբ:

… Երբ շնորհանդեսն ավարտվեց, սիրելի գործընկերս՝ Ռոբերտը, պատմեց. «Հայրս մի օր հարցրեց ընկերոջ որդուն՝ դու տեսե՞լ ես Աստծուն: Տղան շփոթվեց: Չէ՝ ասաց, ես ո՞վ եմ, որ Աստծուն տեսնեմ: Ես տեսել եմ՝ ասաց հայրս: Մայրս Աստված էր»:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Հոգևոր-մշակութային


18/06/2015