Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԲԱՆԱԿ



Հարցազրույց ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ ՍԵՐԺ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն գնդապետ, տարիուկես առաջ, երբ Դուք նոր էիք նշանակվել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, «Հայ զինվոր» թերթի խնդրանքով ներկայացրիք Ձեր ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մեր զրույցի ժամանակ Դուք ասացիք, որ պետք է փոխվի ծառայության գործունեության ռազմավարությունն ու փիլիսոփայությունը, և իրավիճակային խնդիրների լուծումից պետք է անցում կատարվի դեպի հեռահար ծրագրերի ներդրում: Անկեղծ ասած, Ձեր ծրագրերն այնքան հավակնոտ էին, որ ինձ նույնիսկ անիրատեսական թվացին: Ի՞նչ է արվել մեկուկես տարվա ընթացքում:

-Մեկուկես տարվա ընթացքում ահռելի գործ է արվել, և այն անհնար է ամփոփել մեկ հարցազրույցի շրջանակում: Հատկապես ո՞ր ծրագիրն էր Ձեզ անիրատեսական թվացել:

-Դուք խոսում էիք զորացրված, թոշակի անցած զինծառայողների հետագա կյանքի և գործունեության համար պատասխանատվություն կրելու մասին: Դուք ասում էիք, որ զինվորականները, երիտասարդ տարիքում զորացրվելով, կանգնում են իր ընտանիքի ավուր հացը կորցնելու վտանգի առաջ: Եվ նրանք պետք է զգան պաշտպանության նախարարության հովանավորությունը մինչև իրենց կյանքի վերջը:

-Այո՛, երկար տարիներ ծառայելով պաշտպանական բնագավառում և չունենալով այլ մասնագիտություն՝ թոշակի գնացած զինծառայողները, իրոք, ընկնում են դժվար կացության մեջ՝ իրենց հետագա կյանքը կառուցելու համար: Նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ երկարամյա ծառայության համար վճարվող կենսաթոշակի չափը սպայի դրամական ապահովման ամսական չափից ցածր է շուրջ երկուսուկես անգամ, բացի այդ, կենսաթոշակի անցնելուց հետո, նրանք զրկվում են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենսդրությամբ սահմանված համարյա բոլոր սոցիալական երաշխիքներից ու արտոնություններից և, որպես հետևանք, կտրուկ ընկնում է կյանքի որակը: Բնական է, որ նման պայմաններում ունենում են պետության և իհարկե առաջին հերթին պաշտպանության նախարարության աջակցության կարիքը: Նրանք պետք է համոզված լինեն, որ թոշակի գնալով՝ չեն լքվել համակարգի կողմից, այլ շարունակում են մնալ նրա մի մասնիկը և հետագայում նույնպես վայելելու են պաշտպանության նախարարության հովանավորությունը: Սա էր իմ ասածը:

-Այո՛, և որպես ասվածը ամրագրող դրույթ` Դուք ծրագրել էիք զբաղվել զորացրված զինծառայողներին նոր մասնագիտություն սովորեցնելու և աշխատանքի տեղավորելու հարցերով: Ես ուզում եմ իմանալ, այս ծրագիրն իրագործվե՞լ է:

-Դուք հո չէի՞ք մտածել, որ մենք կարող էինք մեկուկես տարվա ընթացքում մասնագիտություն սովորեցնել և աշխատանքով ապահովել բոլոր նախկին զինծառայողներին:

-Իհարկե՝ ո՛չ: Բայց ծրագիրը, այսպես ասած, օրակարգո՞ւմ է, թեկուզ դանդաղ՝ քայլեր արվո՞ւմ են այդ ուղղությամբ:

-Այո՛, ծրագիրն օրակարգում է, մենք պարբերաբար հանդիպում ու համագործակցում ենք պետական ու մասնավոր գործատուների հետ և հնարավորության դեպքում աշխատանք ենք գտնում թոշակի գնացած զինծառայողների համար: Օրինակ՝ հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահության ժամանակ վիրավորված կամ տարիքի կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակված որոշակի թվով անձինք մեր միջնորդությամբ արդեն իսկ անցել են վերապատրաստման անվճար դասընթացներ և աշխատանքի տեղավորվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, պահնորդական ծառայություններ իրականացնող կազմակերպություններում և այլ մասնավոր ձեռնարկություններում: Քանի որ նման ծրագրեը լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջում՝ կարճ ժամկետում ընդգրկուն գործունեություն ծավալելն առայժմ խնդրահարույց է, սակայն ես վստահեցնում եմ, որ զինծառայողների սոցիալական խնդիրները պաշտպանության նախարարի ամենօրյա անմիջական հսկողության ներքո են և կարճաժամկետ հեռանկարում բոլոր խնդիրներին լուծում կտրվեն, իսկ ծրագիրը բնականաբար ավելի մեծ չափեր է ընդգրկելու:

-Գլխավորը` ամրագրվել է այն միտքը, որ պաշտպանության նախարարությունը շարունակում է հովանավորել թոշակավորված զինծառայողներին, համարել իրենը, դառնալ հենարան նրանց համար: Դուք խոսում էիք նաև Արցախյան պատերազմի ժամանակ և ծառայական պարտականությունները կատարելիս հաշմված զինծառայողների (ազատամարտիկների) մասին, ասում էիք, որ նրանց տրվող դրամական օգնությունը խնդիր չի լուծում: Ես նույնիսկ հիշում եմ Ձեր աֆորիզմը` պետք է սովածին կարթ տալ ու ձուկ որսալ սովորեցնել, այլ ոչ թե ձուկ տալ: Այսինքն՝ մտահոգված էիք նրանց աշխատանքով ապահովելու հարցով:

-Ձեր նշած բոլոր խնդիրները ներգրավված են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2016-2025 թթ. սոցիալական զարգացման ռազմավարության» մեջ: Փաստաթուղթը դեռևս մշակման փուլում է, հաստատվելու դեպքում ձևավորվելու է դրանից բխող գործողությունների ծրագիր, ինչը աստիճանաբար սոցիալական ռազմավարությունը իրավիճակայինից փոխելու է հեռանկարայինի:

Նախկին զինծառայողների մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովման ուղղությամբ ներկայումս մենք նպատակային աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի մարզում: Մասնավորապես՝ Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ, Չինչին, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար համայնքներում և Բերդ քաղաքում ուսումնասիրել և պարզել ենք առկա աշխատատեղերի պահանջարկը, ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում հաշվառված զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների հետ ճշտել ենք իրենց բնակավայրերում համապատասխան մասնագիտություններով աշխատելու նպատակով վերապատրաստման դասընթացներ անցնելու ցանկություն ունեցողներին: Այսօրվա դրությամբ՝ ունենք տրակտորիստ-մեքենավարի, ավտոփականագործի, դերձակի վարսահարդարի, խոհարարի, էլեկտրիկի և համակարգչային օպերատորի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած շուրջ 40 շահառուների ցուցակ:Պայմանավորվածություն է ձեռք բերվել Բերդ քաղաքում ս.թ. հունիսի 22-ին բացվող ժամանակակից արհեստագործական ուսումնարանի տնօրենի հետ` ըստ մասնագիտությունների վերապատրաստման արագացված՝ եռամսյա դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

-Բոլոր զարգացած երկրներում զինծառայողների կյանքը ապահովագրված է: Զինծառայությունը վտանգավոր աշխատանք է, և կյանքի ապահովագրությունը խիստ անհրաժեշտ է: Ես հետաքրքրվեցի և պարզեցի, որ, օրինակ, Միացյալ Նահանգներում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքն ստանում է 250 հազար դոլար, Ռուսաստանում` 35 հազար դոլար, Մեծ Բրիտանիայում` 150 հազար դոլար: Մենք ունե՞նք զինծառայողի կյանքի ապահովագրություն:

-Այո՛, մենք ունենք զինծառայողի կյանքի պետական ապահովագրություն, սակայն գումարի չափը շատ հեռու է Ձեր նշած թվերից: Ես միտք չունեի խոսելու այդ մասին, բայց քանի որ հարցնում եք, կասեմ, որ ներկայումս մշակվող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2016-2025 թթ. սոցիալական զարգացման ռազմավարությունում» մի ամբողջ գլուխ նվիրված է լինելու այդ համակարգի կատարելագործմանը: Կատարել եմ հաշվարկներ. եթե յուրաքանչյուր զինծառայող ամեն ամիս որպես ապահովագրության գումար վճարի 1500 դրամ, և այդքան էլ ավելացվի պետբյուջեից, մենք կարող ենք մեկ զինծառայողի ապահովագրության գումարը դարձնել 10 միլիոն դրամ:

-Հիմա մենք որքա՞ն ենք վճարում` որպես ապահովագրության գումար:

-Հիմա մենք չենք վճարում, մեզ համար գործում է զուտ պետական ապահովագրություն:

-Պարոն գնդապետ, նույնիսկ ամենահայրենասեր և նվիրյալ մարդիկ ցանկանում են լավ ապրել, բարեկեցություն ապահովել իրենց զավակների համար…

-Կներեք, մի բան պատմեմ այդ առիթով, հետո շարունակեք Ձեր խոսքը: 2004թ.-ին աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի զինվորականների մի խումբ: Ու նրանցից մեկը հարցրեց մեր սպաներից մեկին` ինչո՞ւ եք Դուք ծառայում բանակում, ո՞րն է Ձեր մոտիվացիան: Մեր սպան մի ոգեշունչ ճառ արտասանեց` թշնամիներով շրջապատված հայրենիքի, նվիրումի, տղամարդկային արժանապատվության մասին: ՆԱՏՕ-ի զինվորականները ապշած նայում էին: Ու մեր զինվորականը, տեսնելով իր գործընկերոջ տարակուսանքը, հարցրեց` իսկ Դուք ինչի՞ համար եք ծառայում: Բարեկեցության, փողի համար` ասաց ամերիկացի սպան: Ասելս այն է, որ մեր սպաները, անշուշտ, նվիրումով են ծառայում, բայց սոցիալական խնդիրները նույնպես չի կարելի անտեսել:

-Այո՛, ես վստահ եմ, որ մենք պետք է զինծառայությունը դարձնենք սոցիալապես հրապուրիչ հասարակության համար, այլապես նվազելու է ռազմական բուհեր դիմողների թիվը: Եվ բանակից հեռացողներն են շատանալու` իր բոլոր բացասական հետևանքներով: …Վերջերս իմ 57-ամյա զինծառայող բարեկամներից մեկն ասաց, որ իր զինվորական ստաժը 53 տարի է: Բնականաբար, նա 4 տարեկանից չէր ծառայել, խնդիրը կապված է առաջնագծում ծառայած տարիները կրկնակի հաշվարկելու հետ: Մանրամասնեք, խնդրում եմ:

-Նախկինում էլ պատերազմական ժամանակահատվածը հաշվարկվում էր եռակի, իսկ օրերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում՝ մարտական հերթապահություն կրելու ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի: Բայց կհաշվարկեն ոչ թե առաջնագծում ծառայության տարիները, այլ օրերը, զորամասի մշտական տեղակայման վայրում եղած ժամանակահատվածը չի կրկնապատկվելու: Այսպիսով՝ մենք տարանջատում ենք մարտական հերթապահությունը՝ առաջնագիծը թիկունքային ծառայությունից:

-Զինծառայողների կենսաթոշակների նոր հաշվարկման կարգը առաջիկայում որքանո՞վ կբարձրացնի թոշակները:

-Մոտավորապես՝ 14 տոկոսով: Հուլիսի 1-ից ծառայության յուրաքանչյուր տարվա համար զինծառայողը կստանա 1500 դրամ գումար, հավելած 2000 դրամով ավելացող բազային թոշակը, համապատասխան գործակիցը, որը գոյանում է հաստիքի, կոչման, ծառայողական ստաժի հիման վրա:

-Ձեր շահառուները երկրի սոցիալապես խոցելի խավերից են: Բոլորովին վերջերս թանկացավ գազի սակագինը, այժմ քննարկվում է էլեկտրաէներգիան թանկացնելու հարցը: Ի՞նչ է անում զինծառայողների սոցիալական ապահովության վարչությունը թանկացումների հետևանքները անապահով խավի համար մեղմելու նպատակով:

– Կատարված ուսումնասիրությունների և հաշվարկների հիման վրա պարզվեց, որ գազի գնի բարձրացումը ջեռուցման ժամանակահատվածում փոխհատուցելու համար անհրաժեշտ կլինի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին վճարվող նպաստները բարձրացնել 6500 դրամով: Ստեղծված սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով մեր վարչության կողմից ներկայացվեց համապատասխան առաջարկություն, արդյունքում`կառավարության որոշմամբ՝ պարգևավճարները բարձրացվեցին 5000 դրամով:

-Ովքե՞ր են օգտվում միանվագ դրամական օգնության արտոնությունից:

-Մեր այն շահառուները, որոնց ընտանիքի անդամը ամուսնացել է, որոնց ընտանիքի անդամը մահացել է, կամ կորցրել է իր անձնական ունեցվածքը տարերային աղետի հետևանքով, և ով երկար ժամանակ բուժվել է հիվանդանոցում, այսինքն` երկարատև հիվանդության դեպքում:

-Ի՞նչ ասել է` երկար ժամանակ բուժվել է հիվանդանոցում, քանի՞ օր:

-Օրենքը սահմանել է 30 օր:

-Հիմա ո՞ւմ են 30 օր պահում հիվանդանոցում: Ո՞վ այդքան գումար ունի:

-Համաձայն եմ, ուստի մենք ունենք առաջարկություն. հիվանդանոցային պայմաններում բուժման ժամանակահատվածը դարձնել 21 օր և վերացնել անընդհատության պայմանը: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 21 օր հիվանդանոցում բուժված մեր շահառուն կարող է օգտվել միանվագ դրամական օգնության իրավունքից:

-Այսինքն` եթե շահառուն մեկ տարվա ընթացքում, ասենք 5 օր, 10 օր, 6 օր բուժվել է հիվանդանոցային պայմաններում, կարող է դրամական օգնություն ստանալ, ճի՞շտ հասկացա:

-Այո՛, ճիշտ հասկացաք:

-Եվ որքա՞ն է դրամական օգնության չափը:

– Միանվագ դրամական օգնությունների չափը զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների համար նախատեսվել է պաշտոնական դրույքաչափով, իսկ հաշմանդամ զինծառայողների կամ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների համար` 100 հազար դրամի չափով:

– Պարոն Առուշանյան, Հայաստանի Հանրապետության «Զինված ուժերի 2016-2026թթ. սոցիալական զարգացման ռազմավարությունը» անդրադարձե՞լ է զինծառայողների բնակավորման ապահովման խնդրին:

-Մենք առաջարկում ենք զինծառայության ընթացքում անձնակազմին իրենց ծառայության վայրում ապահովել ծառայողական բնակարաններով, զորացրվելուց (թոշակավորվելուց) հետո նրանց տալ որոշակի գումար, որով նրանք կկարողանան բնակարան գնել իրենց համար և ազատել ծառայողական բնակարանը: Սա ընդամենը առաջարկություն է, որը պետք է քննարկվի: Ամեն դեպքում, մենք ցանկանում ենք բնականոն կենցաղ ապահովել զինծառայողների համար և թոշակավորվելուց հետո երաշխավորել նրանց բնակարանով ապահովելու պարտավորությունը:

-Պարոն Առուշանյան, շնորհակալություն զրույցի համար: Իսկապես, հուսադրող է, ոգևորիչ զինծառայողների սոցիալական ապահովությանը միտված քայլերը: Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր բարոյական շեշտադրումները, մեր զինվորականների նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գաղափարին ու բանակին, բայց գիտեմ, որ սոցիալական խնդիրների լուծումն է գայթակղիչ ու հեղինակավոր դարձնելու զինվորականի ծառայությունը հասարակության աչքում, ապահովելու դեպի բանակ, դեպի ռազմական բուհեր ներհոսքը, որը բանակում դրական փոփոխություններ իրագործելու ամենակարևոր գրավականն է: Մենք սովոր ենք բանակը բնութագրել բարձր, ոգեղեն, վեհ մակդիրներով, բայց ես պիտի այս հոդվածը վերնագրեմ «Սոցիալապես հրապուրիչ բանակ»՝ շեշտելով գործնական քայլերի անհրաժեշտությունը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/06/2015