ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՀ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ ԵՆ
Հակատանկային հրթիռային համալիրներ արտադրելու շուրջ Ադրբեջանի և Հարավաֆրիկյան Հանրապետության բանակցությունները ձախողվել են, ինչից հետո Ադրբեջանը բանակցություն է սկսել ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ: Ուկրաինական հրթիռներն ադրբեջանցի զինվորականներին դուր են գալիս, որովհետև դրանք հնարավոր է տեղադրել ուղղաթիռների և ցամաքային տեխնիկայի վրա:
Ադրբեջանն ուզում է արտադրել «Սկյութ» և «Բարիեր» տեսակի հակատանկային հրթիռային համալիրներ: «Սկյութի» նշանառությունը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով, իսկ թիրախն ուղեկցում է ավտոմատ կերպով: Համալիրն ունի նաև ջերմացույց, որը հնարավորություն է տալիս այն կիրառելու նաև գիշերը: «Սկյութն» ունակ է թիրախները խոցել 100-5000մ հեռավորության վրա` ցերեկը, և 100-3000մ հեռավորության վրա` գիշերը: Հրթիռի տրամաչափը 130մմ է:
Ադրբեջանը բանակցում է նաև բելոռուսական «Տետրաէդր» ընկերության հետ` ուկրաինա-բելոռուսական T-38 «Ստիլետ» փոքր հեռահարության ԶՀՀ համատեղ արտադրելու շուրջ: Այդ համալիրները ստեղծվել են ռուսական «Օսա-ԱԿՄ»-ի հենքի վրա: