Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆԱԴԱԴԱՐ»



Մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում բացվեց «Զինադադար» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրմանը եւ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին: Նախագծի հեղինակներն են Աննա Խաչատրյանը եւ լուսանկարիչ Վիգեն Մնոյանը: Նախագիծն իրականացվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացված են Արցախյան ազատամարտի մասնակիցների լուսանկարները: Պարզ, անմիջական միջավայրում ստեղծված պատկերներից մեզ են նայում մարդիկ, որոնց ջանքերի շնորհիվ կերտվեց ընդհանուր հաղթանակը: Խաղաղ, հանգիստ մարդիկ: Եվ դժվար է պատկերացնել, թե ինչ ծանր օրեր են ապրել նրանք, ինչպես են պայքարել իրենց հող ու ջրի համար, դարձել հաշմանդամ, ինչպես են պատերազմի դաժան ճանապարհներին պահպանել հոգու արիությունը, կենսասիրությունն ու մարդկայնությունը, որ հորդում է նրանց հանդարտ հայացքներից:
Լուսանկարների հերոսները Հայաստանի տարբեր մարզերից են, Արցախից, որոնցից մի քանիսը մասնակցում էին ցուցահանդեսի բացման արարողությանը: Դա եւս մեկ առիթ էր վերհիշելու անցած-գնացած օրերը, ասելու բոլորին, որ իրենք դեռ շարքում են եւ անհրաժեշտության դեպքում նորից կարող են կռվել ու հաղթել: Առավել եւս իրենց կողքին տեսնելով վաղեմի մարտական ընկերոջը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նա եւս եկել էր աշխատանքները դիտելու եւ իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ ազատամարտիկների հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար:
-Մեր գերատեսչությունը մշտապես անդրադառնում է ազատամարտիկների խնդիրներին, եւ ոչ թե առիթից առիթ ենք հիշում, այլ տարբեր միջոցառումների, զորավարժությունների ժամանակ ընդգրկում ենք նաեւ նրանց, քանի որ մեր ընկերների փորձը միշտ էլ օգտակար է մեզ համար, -նշեց Սեյրան Օհանյանը:
-Ցուցահանդեսը կարեւորում եմ` մեկ անգամ եւս շեշտելով հենց այս մարդկանց սխրանքը: Պատահական չի ընտրված «Զինադադար» անվանումը՝ առանց զենք-զինամթերքի արված նկարները. պատերազմից տարիներ անց նրանք թեեւ խաղաղ կյանքով են ապրում, սակայն բոլորն էլ ցանկացած պահի պատրաստ են զենք վերցնել եւ կանգնել դիրքերում,-ասաց լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Բանակ և հասարակություն


19/05/2011