Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹԸ ԲԱՑԱԿԱ ՉԷ…



Հատված Դավիթ Սարապյանի (Դեվ) «Հոբբի» պատմվածքից

Ես աչքերով դատարկ շքամուտք էի փնտրում, բայց՝ ապարդյուն, չգտա, քանի որ մենք դպրոցի նկուղում էինք, որը ծառայում էր որպես պարային փոքրիկ դահլիճ: Ես միշտ շքամուտք եմ փնտրում, երբ սրտնեղած եմ, հիասթափված եւ ուզում եմ հեծկլտալ: Լյոնյան (Լեոնիդ Ազգալդյան) է սովորեցրել: Ընդհանրապես, նա ինձ շատ բան է սովորեցրել. լողալ, կրակել հրաձգարանում, նույնիսկ ձեռնամարտի բռնվել: Հիշում եմ՝ ինչպես էինք մշակում հարված ծնոտին վարժությունը, այն էլ ոչ թե մեկ ուրիշի ծնոտին, այլ հենց քո: Մի անգամ նա ինձ բռնացրեց լաց լինելիս: Շատ լուրջ զրուցեցինք: Լեոնիդն ասաց, որ ես տղամարդ եմ, իսկ տղամարդը լաց չպիտի լինի: Բայց, եթե դրա կարիքը կա, ապա պետք է արագ մի ազատ շքամուտք գտնել եւ թաքնվելով՝ արագ լաց լինել, հետո մռութը մաքրել ու դուրս գալ մարդկանց մեջ այնպես, կարծես թե ոչինչ չի եղել: Այդ օրվանից դժվար պահերին ես միշտ մտաբերում եմ Լեոնիդի խորհուրդը եւ ազատ շքամուտք եմ փնտրում, բայց քանի որ միշտ չէ, որ ինձ հաջողվում է նման տեղ գտնել, ապա ես սովորեցի լաց լինել մտքում: Այդպես ավելի հարմար է…

Ռուսերենից թարգմանությունը՝ հեղինակի

Հերոսների մասին ընդունված է ասել, որ նրանք աշխարհ են գալիս, երբ ամենից առավել նրանց կարիքը կա, նրանք հայտնվում են ժողովրդի համար վճռորոշ եւ ճակատագրական պահին, նրանք Աստծո ընտրյալներն են: Իսկ հետո՞, ի՞նչ է լինում հետո… Ահա՛ ամենակարեւորը: Հերոսներն անմահ են, այո՛, բայց տարբեր են լինում նաեւ նրանց հետմահու ճակատագրերը` անկախ նրանց սխրանքի մեծությունից. մեկի անունը չի իջնում մարդկանց շուրթերից, մյուսի հիշատակը կամաց-կամաց խամրում է… Եվ ո՞վ կարող էր մտածել, որ Արցախյան ազատամարտի ամենապայծառ անուններից մեկը` Դավիթ Սարապյանը, վերջիններից կարող էր լինել…

Էվելինա Մելքումյանի «Դեւը. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» (ռուսերեն) գիրքը թերթելիս հայացքս գամվում է Դավիթ Սարապյանի հայտնի լուսանկարին. նա քայլում է եւ ուշադիր նայում իր ձեռքի կրակի թրթռուն բոցին… Այդ լուսանկարը հնարավոր չէ չնկատել, շրջանցել. «Զարմանալի լուսանկար… Դավիթն անթարթ նայում է կրակի թույլ բոցին, բոց, որ մի ակնթարթ հետո լուռ մարելու, անհետանալու, կորչելու է… Այդ լույսը թերեւս չմարի: Նա կարող է մի հզոր ու շքեղ հրդեհի կամ էլ մի պայծառ ու գունագեղ հրավառության փոխակերպվել… Այսպես է: Յուրաքանչյուրը յուրովի է ապրում իր բաժին կյանքը, մեկը աննկատ, աղոտ լույս արձակելով է ապրում եւ ոչինչ չի թողնում իրենից հետո: Նմանները քայլում են, ապրում, նույնիսկ մտածում, բայց կարծես թե չկան, չեն եղել, գոյություն չեն էլ ունեցել: Ոմանք էլ վառվում են զարմանալի ու հզոր մի ներքին հրդեհով՝ տաքացնելով շրջապատի սրտերը եւ աշխարհը լուսավորելով իրենց պայծառ ու գեղեցիկ առնականությամբ ու հերոսականությամբ…».-հեղինակի առաջաբանն է:

-Տող գյուղը Դևի մայրական գյուղն էր, և նրա ազատագրումը կապվում է հենց ազատամարտիկի անվան հետ… Բայց գյուղում Դավիթին հիշեցնող ոչինչ չես տեսնի, անգամ նրա անունը չտվեցին գյուղի ազատագրման օրը… Ի՞նչ է պատահել. այդ պայծառ ասուպի լուսավոր հետագիծն ի՞նչ եղավ… ,- հարցնում եմ Էվելինա Մելքումյանին:

Նա գլուխը կախում է, ապա խոստովանում, որ դեռևս տասը տարի առաջ գիրքը կազմելիս մտածում էր՝ այն Դավիթի շարունակությունը կդառնա, Դավիթը կվերադառնա իր պատմվածքներով, մտքերով, ընկերների հուշերով, կսկսվի նրա նոր եւ ինքնուրույն կյանքը, հերոսը կդառնա մեր կյանքի ուղեկիցը, ինչպես և պետք է լինի, բայց… «Դավիթի «կյանքը» անակնկալ և անցանկալի ընթացք ստացավ: Եվ ամեն ինչ սկսվեց հերոսի մոր, որն, ի դեպ, Դավիթի վերջին հարազատն էր, ակադեմիկոս Էմմա Սարգսյանի մահով: Նա ռադիոտան հարեւանությամբ երեք սենյականոց բնակարանը կտակեց Դեւի վեց մարտական ընկերներին՝ հույսով, որ այն կվերածվի թանգարանի, որտեղ կցուցադրվեն որդու իրերը, նկարները, ստեղծագործությունները, կհավաքվեն ընկերները, հանդիպումներ կկազմակերպեն… Ավաղ, այդպես չեղավ: Բնակարանը վաճառվեց, իսկ Դավիթի արխիվները, իրերը անհետացան: Փրկվեց այն, ինչ վերցրել էի գիրքը կազմելիս… Գումարը, հավանաբար, ծախսված է, այնինչ, կարելի էր ծառայեցնել հերոսի հիշատակին՝ հիմնադրամի տեսքով, խրախուսել գերազանցիկ աշակերտներին կամ ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին… Հիմա նրա հարազատներից ոչ ոք չկա, որ հիշեցնի նրա մասին, ոչինչ չկա…»:

Եվ լրագրող Էվելինա Մելքումյանը կամովին ստանձնել է հերոսի վերջին հարազատի և կենսագրի, նրա հոգևոր ժառանգության պահապանի պարտականությունը. «Մարտիկի հիշատակին հասցված մյուս հարվածը Ձերժինսկու անվան դպրոցի շքամուտքից նրա մասին պատմող վահանակների տեղափոխումն է. դպրոցը վերանորոգվեց, իսկ Դավիթին այդտեղից հանեցին, տարան խորքում տեղակայված ՆԶՊ դասարան: Նախկինում դպրոց մտնողն անմիջապես կարող էր տեսնել հերոսին, ծանոթանալ նրա մարտական ուղուն, կենսագրությանը, հիմա արդեն` ո՛չ…»:

Մինչ տիկին Էվելինան հուզված պատմում է, մտածում եմ՝ մի՞թե երկու տասնյակ տարիները ի զորու են խամրեցնելու հերոսի դիմագիծը. «Դավիթը արդարություն փնտրող էր, պայքարող, երբեք չէր նահանջում, նա սիրում էր կյանքը… Դավիթը մեր հաղթանակի սյուներից մեկն է, եւ նա այսօր էլ շատ բան ունի տալու մեր երիտասարդությանը»:

…Այս ամենով հանդերձ, չի կարող Դավիթի պատմությունը տխուր վերջաբան ունենալ. ո՛չ, նման հերոսները չեն կարող մոռացվել… Իմացա, որ Թատերական ինստիտուտի ուսանողներից մեկը Դավիթին նվիրված ֆիլմ է նկարահանել, դիպլոմային պաշտպանել, Աննա եւ Նարի անուններով աղջիկները ֆեյսբուքում Դավիթի անունով էջ են բացել, հերոսին նվիրված միջոցառումներ, ստեղծագործությունների քննարկումներ են կազմակերպում…

Դավիթը շարունակում է ապրել նրանց շնորհիվ, ովքեր նրան չեն տեսել, չեն ճանաչում, նրա մասին գիտեն գրքերից կամ լրագրողական նյութերից, նրանց շնորհիվ, ովքեր գուցե չէին էլ ծնվել, երբ Դեւն իր կռիվն էր տալիս Արցախում: Այո՛, կարող ես պատից ջնջել հերոսին, վաճառել նրա տունը, մոռացության մատնել նրա իրերը, բայց իրական հերոսը ինքն է ճանապարհ հարթում իր համար, նա ի զորու է հաղթահարել ժամանակի մարտահրավերները…

Դավիթը բացակա չէ:

Սարերի հետևում չէ հերոսի 50-ամյակը…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


09/07/2015