Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ ՆՐԱՆ



Լուրը կայծակի արագությամբ տարածվեց Ջերմուկում. քսանը նոր լրացած երիտասարդ զինվորը ջոկատի տղաների հետ հակառակորդի դիրքերը գրավելիս հերոսաբար զոհվել էր։ Քսանմեկերորդ զոհը քաղաքի կամավորների ջոկատից՝ Արցախյան ազատամարտի մի քանի տասնյակ մասնակիցներից։

…Օրեր շարունակ Հորադիզ լեռան այդ տեղամասում ջոկատը կենաց-մահու մարտեր էր մղում։ Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել։ Պետք էր չեզոքացնել նրա կրակակետերը։ Դիրքերի հեռավորությունը չնչին էր՝ տեղ-տեղ նույնիսկ քսանհինգ-երեսուն մետր։ Մեկ-երկու հատվածում անգամ ձեռնամարտի անցան, կորուստներն զգալի էին, բայց ոչ մի գնով չէր կարելի թույլ տալ, որ թշնամին հակագրոհի անցնի։ Երեկոյան, հերթական գրոհից հետո, փոքր դադար տիրեց։

– Տղե՛րք, օգնեցե՛ք, ես ողջ եմ,- հանկարծ մոտ-մոտիկից լսվեց վիրավոր զինվորի նվաղուն ձայնը, հետո՝ նորից,- օգնեցե՜ք, թշնամու ձեռքը չընկնեմ։

Խրամատում անհանգիստ ու տագնապալից մթնոլորտ էր։ Հրամանատարի հայացքը սպասողական էր. ո՞վ կարձագանքի առաջինը։

– Ե՛ս կգնամ,- լսվեց Ռոբերտի վճռական ձայնը։

Եվ զգուշորեն դուրս սողաց խրամատից։ Հակառակորդը նկատեց, կրակ բացեց։ Ռոբերտի ոտքերից քիչ հեռու քարը ցրիվ եկավ, ու բեկորներ վրան թափվեցին։ Մի պահ կանգ առավ, բայց դա միայն մի վայրկյան էր։ Ընկերները դիմադարձ կրակ բացեցին հակառակորդի ուղղությամբ։ Շարունակեց սողալ դեպի վիրավորը։ Ամեն մի մետր հաղթահարելը կարող էր հատուցվել կյանքով։ Ահա՛, ահա նա՝ վիրավոր զինվորը։ Երկկողմանի կրակահերթերը շարունակվում էին։ Ռոբերտը գրկեց վիրավորին։ Վերջինս խոր տնքաց.

– Վա՛յ, մե՛ր ջան։

– Դիմացի՛ր, եղբա՛յր,- մխիթարեց Ռոբերտը։

Վերադարձը ապրեմ-չապրեմի ճանապարհ էր։ Փորձեց հույս տալ վիրավոր ընկերոջը, հավատ ներշնչել.

– Դու պիտի ապրես, մենք միասին կվերադառնանք մեր սիրելի Ջերմուկը… Կարոտե՞լ ես, չէ՞…

Մթության մեջ չնկատեց վիրավորի ժպիտը. Փա՜ռք Աստծո, անվնաս խրամատ հասան, ընկերները վերցրին վիրավորին։ Ռոբերտն էլ ուժասպառ խրամատ գլորվեց, սրբեց քրտինքը, հոգնած թևերով ավտոմատը սեղմեց կրծքին ու թեք ընկավ։

– Կեցցե՜ս, Ռոբե՛րտ, քո արածը հերոսություն էր,- և հրամանատարը գրկեց նրան։

Աչքերը մի պահ փակեց, երազանքի գիրկն ընկավ։ Իրենք հաղթել են, ջոկատի ողջ մնացած զինվորներով հարազատ Ջերմուկ են վերադառնում։ Ըմպելասրահ տանող փողոցը լի է մարդկանցով. ոմանք ուրախության ճիչեր են արձակում, ոմանց աչքերում արցունքներ են։ Ո՞վ է հայացքը խոնարհած այն աղջիկը։ Դե՛, իհարկե, իր սիրելին է՝ Լուսինեն։ «Տե՛ս, եկել եմ, խոստացել էի, վերադարձա…»։ Թևերը պարզեց, որ գրկի… Ավտոմատն ընկավ։ Նույն պահին թշնամին կրակն ուժեղացրեց… Երազանքը կիսատ մնաց։

– Պատրաստվե՛ք գրոհի,- լսվեց հրամանը։

Խրամատից անընդմեջ կրակահերթերով դուրս նետվեցին։ Հնչեց հաղթական «ուռան»։ Գրոհը հանկարծակի էր, անկասելի։ Ջոկատի տղաների մեծ մասն արդեն հակառակորդի դիրքերում էր։ Անզիջում ձեռնամարտ սկսվեց։ Ռոբերտի հայացքի դեմ կուրացուցիչ կարմրավուն լույս ցոլցլաց։ Ձայն չլսեց։ Զգաց, որ ընկնում է։ Հետո լույսը միանգամից խավարեց, և ինչ-որ մեկի ուրախ ճիչը հնչեց.

-Ռոբե՛րտ, սթափվի՛ր, մե՛նք հաղթեցինք…

Բայց նա այլևս ոչինչ չէր լսում. հավերժ փակել էր աչքերը… Ջերմուկի տներից մեկի լույսը նույնպես մարեց… Մնաց հիշողությունը հարազատների, մերձավորների, սիրելի աղջնակի վիրավոր սրտում։ Մնաց հպարտությունը հերոս զինվորի ծնողների՝ Աշոտ և Վարդիթեր Հարությունյանների եղբոր` Վարդանի, քույրերի` Սրբուհու, Լուսինեի, Մանուշակի, բոլոր նրանց հոգիներում, ովքեր ճանաչում էին պատմական Ելփին գյուղի նշանավոր տոհմից սերված հերոս զինվորին: Այսօր ինչպես Վարդանի, այնպես էլ Սրբուհու տղաները կրում են Ռոբերտ անունը, և Սրբուհի քրոջ Ռոբերտ որդին այսօր ծառայում է Արցախում: Մնացին անավարտ կենսագրության վկայագրերը՝ դպրոցի, երաժշտական դպրոցի սանի, Կապանի շինարարական տեխնիկումի շրջանավարտի հավաստագիրը և մի քանի լուսանկար, նրանց մեջ ամենաթանկը՝ Ռոբերտը զինվորական համազգեստով։

…Ապրում էր աշխարհում մի հրաշալի պատանի՝ ապագայի հանդեպ իր լուսավոր երազանքներով ու հավատով։ Պատերազմը սպանեց նրան, բայց կենդանի ու վառ մնաց Հիշողությունը հայրենյաց զինվորի մասին։ Ապրողները չեն մոռացել նրան։ Ուրեմն՝ ապրում է նաև նա՝ հերոս ազատամարտիկ Ռոբերտ Աշոտի Հարությունյանը։

Վ.Խ.

Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ճակատագրեր


09/07/2015