Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՆԱ ԻՇԽԱՆ



2015թ. լրացավ օսմանյան բռնության զոհ, ՀՅԴ ականավոր գործիչ, մարտիկ, գրող Նիկոլ Միքայելյանի (Պողոսյանի) մահվան 100-րդ տարելիցը:

Նիկոլ Միքայելի Միքայելյանը, նույն ինքը՝ Վանա Իշխանը, հայ ժողովրդի սիրված հերոսներից է: Ծնվել է 1882թ., Ղարաբաղի Քռասնի գյուղում: Իշխանը սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում: Նրա ուսումնառության տարիները համընկել են թուրքական բռնապետության դեմ ուղղված հայ ազատագրական զինված պայքարի վերելքի, հայրենասիրական գաղափարների բուռն խմորումների ժամանակաշրջանի հետ: Թեմականում սովորելու տարիներին մի խումբ առաջադեմ աշակերտների` Մենակի (Եգոր Առուստամյան), Թորգոմի (Թուման Թումանյան), Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան), Իսաջանի հետ հրատարակել է հայրենասիրական-հեղափոխական գաղափարներ քարոզող «Կոկոն» ձեռագիր թերթիկը:

Հայրենասեր և ազգի խնդիրներով տառապող Իշխանը, հարելով ազատագրական պայքարի ելած ՀՅԴ կուսակցությանը, ներգրավվում է գործող գաղտնի խմբակներում: Բարձրագույն գաղափարներով տոգորված՝ նա պատրաստ էր զոհելու իրեն հանուն հայրենիքի ու կուսակցության, հանուն հեղափոխության և հասարակության:

1902թ. կիսատ թողնելով ուսումը` մեկնում է Կարս, որտեղ էլ սկսվում է նրա հեղափոխական գործունեությունը: Այդ տարիներին Կարսը համարվում էր հեղափոխական հնոց: Նա երկար չի մնում այնտեղ և, ստանալով կուսակցության հանձնարարականը, 1903թ. իր ընկեր Մենակի հետ մեկնում է Բասենի գյուղերը՝ պայքարի հանելու տեղի հայությանը:

1904թ. Սասունի համար ռազմամթերք և զինվորական ղեկավարներ հասցնող Խանի (Բարսեղ Թիրաքյան) ձիավոր և Սարգիս Նևրուզի հետևակ 150 հոգուց բաղկացած խմբերին դիմավորելու և առաջնորդելու առաջադրանք են տալիս Իշխանին: Խմբերը Կարսից ուղևորվում են Սասուն: Նա մտնում է Նևրուզի հարյուրյակի մեջ` իբրև զինվոր: Խանի և Նևրուզի խմբերը կազմվել էին սահմանային արշավանքների համար: Նրանց վիճակված էր դառը ճակատագիր: Այդ խմբերը ռուսական սահմանից հազիվ քսան կիլոմետր էին հեռացել, երբ Բասենի մոտ՝ Դելիբաբա, Գոմաձոր, Իզվերան եռանկյունու հատվածում հանկարծակի հայտնվում են թուրքական սահմանային զորքերի պաշարման մեջ: Կռիվը տևում է մինչև սեպտեմբերի 23-ը: Օսմանյան սահմանապահ զորամասերը մեծ կորուստներ տալով՝ Էրզրումից օժանդակ համալրում ստանալուց հետո միայն կարողանում են հաղթել ֆիդայիներին: Այս մարտում խմբի մեծ մասի հետ զոհվում են նաեւ հայ երկու խմբապետներ: Անհավասար կռվում ողջ մնացած 20 (այլ տվյալներով՝ 13) հոգուց մեկը Իշխանն էր:

Իշխանը փորձում է գտնել հեղափոխական գործունեության այլ ճանապարհներ: Հենց այս առթիվ իր հույզերն ու մտորումները կիսել է Արամի հետ. «Մենք ասում ենք ու գնում ենք նահատակվելու հայրենիքի համար: Ահա 150 հոգի գնացին ու նահատակվեցին մի քանի օրում: Բոլորն էլ ընկան պատվով: Բայց կարևորը ոչ թե նահատակվելն է, այլ նպատակին հասնելը: Փորձը ցույց է տալիս, որ այս ճանապարհով ծրագրերն իրագործելը անհնարին է: Ես հրաժարվում եմ զինված խմբերով գնալ: Դու էլ հրաժարվիր, և մտածենք այլ եղանակներ»: Արամն այս ամենից հետո հետևություն է անում. «Առարկել չի լինի, որովհետև ասածների մեջ ճշմարտություն կար»: Իշխանը առաջնորդվում էր իր սեփական համոզմունքներով և ուներ իր առանձնահատուկ տարբերակները յուրաքանչյուր իրադրության համար: Այդպիսի մի տարբերակ էլ նա առաջարկում է 1904թ. Աղթամարում տեղի ունեցած ֆիդայիների խորհրդակցության ժամանակ: Ֆիդայիները չեն հաշտվում կորցրածի հետ, այն է՝ թողնել Տարոնը այդպես խոշտանգված ու ջախջախված: Նրանք առաջարկում են հետ դառնալ ու շարունակել կռիվը: Ֆիդայիներին հետաքրքրում էր այն հարցը, թե կռիվը շարունակելու դեպքում արդյոք Վասպուրականը կօգնի՞ Տարոնին, կմատակարարի՞ սննդամթերք ու զինամթերք: Խորհրդակցության ժամանակ Իշխանն առաջարկում է Տարոնից հեռանալու իր տարբերակը: Նրա կարծիքով՝ պայքարը շարունակելն անիմաստ էր, քանի որ կլինեին նոր պարտություններ ու զոհեր: Իշխանի առաջարկին կողմ էր նաև Վ. Փափազյանը: Ընդունվում է նրանց առաջարկությունը:

Հաջորդ օրը թուրքական զորաջոկատները իմանալով, որ հայդուկներն Աղթամարում են, պաշարում են կղզին և սկսում ռմբակոծել նրանց դիրքերն ու նավերը` նպատակ ունենալով խորտակելու վերջիններս և զրկելով ափ դուրս գալու հնարավորությունից: Անդրանիկն ընդունում է ծովամարտը: Ֆիդայիներին հաջողվում է հետ շպրտել թուրքերին:

Իշխանը անխնա էր դավաճանների նկատմամբ: Հայտնի է այսպիսի մի փաստ. Աղթամար եկած ֆիդայիներին կերակրելու գործը նա հանձնարարել էր Աղթամարի վանքի կաթողիկոսական փոխանորդ Արսենին: Դավաճան հոգևորականը, որը տանել չէր կարող հեղափոխական շարժումները և կապված էր թուրք ոստիկանների հետ, ոչ միայն չի կատարում Իշխանի հանձնարարությունը, այլև թուրք կառավարությանը հայտնում է ֆիդայիների գալու մասին: Իշխանը չի հանդուրժում դավաճանի արարքը և գիշերով ներխուժելով թուրք ոստիկանների կողմից հսկվող սրահ՝ դաշունահարում է դավաճան հոգեւորականին:

Մեծ է Իշխանի դերակատարությունը նաև Վանում: Գտնվելով բանուկ ճանապարհի վրա՝ հայկական զինատար ջոկատները թափանցում էին Երկիր, փոխադրում զենք-զինամթերք: Վանում էին նաև Արամը, Մալխասը, Վռամյանը: Իշխանին Վանում մեծարում էին Վանա Իշխան անունով: Այստեղ նրան հաջողվում է Վասպուրականի հեղափոխական շարժումը հեղաշրջել` ծանրության կենտրոն դարձնելով գյուղացիությանը:

Իշխանի գործունեությունն աննկատ չի մնում թուրքական կառավարության աչքից. սկսվում է նրա հետապնդումը: Նարեկ գյուղում՝ Գրիգոր Նարեկացի վանքի մոտ, նրան հաջողվում է ճեղքել թուրքերի և քրդերի պաշարման շղթան և բարձրանալ Լեռնապարի բարձունքները:

Նա սիրում էր իր զինվորներին և սիրված էր նրանցից: Շնորհիվ իր խստավարժության, երբեմն էլ՝ ծեծի ու գնդակահարության, Իշխանն իր զինվորների մեջ մտցրել էր երկաթյա կարգ ու կանոն: Իր ճարտասանությամբ և գեղեցիկ քարոզներով հմայում ու հնազանդեցնում էր ժողովրդին: Ժողովուրդը սիրում էր Իշխանին, երգում նրա մասին.

«Աշունն եկաւ, թափուաւ խազալ

Իշխանն եկաւ` ձեռը մաւիզար

Վայ լէ՜, լէ՜, վայ լօ՜, լօ՜

Կ’ուզես խարիր, կու տամ խազար,

Մենակ թէ դուն տուշմանին զար:

Վայ լէ՜, լէ՜, վայ լօ՜, լօ՜ »:

1908թ. հուլիսին Թուրքիայում իրականացվեց երիտթուրքական հեղաշրջումը. տապալվեց սուլթանի միահեծան իշխանությունը, երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն, որից հետո որոշ ազատություններ եղան, և Իշխանն ու իր գործընկերները դուրս եկան ընդհատակից: Քաղաքական իրադրության փոփոխությունը նոր հույսեր արթնացրեց հեղափոխական գործիչների մեջ, նրանցից շատերը, հուսավառված թուրքերի սուտ խոստումներից, անգամ եղբայրություն և բարեկամություն էին քարոզում, և միայն սակավաթիվ գործիչներ, այդ թվում նաեւ Իշխանը, Արամը, ամենուրեք զգաստության կոչեր էին անում՝ ասելով, որ հայ-թուրքական բարեկամություն երբեք չի լինի, ու հրաժարվում էին ենթարկվել կուսակցության պահանջին՝ ցրելու հայդուկային թռուցիկ խմբերը: Նրանք ճիշտ էին: Երիտթուրքական հեղափոխությունից շատ չանցած` 1909թ. ապրիլին, տեղի ունեցավ Ադանայի կոտորածը, որին զոհ գնացին 30 հազար հայեր:

Հայերին սպասում էին նոր փորձություններ՝ Առաջին աշխարհամարտը, Մեծ եղեռնը… Վանում կազմակերպվեց Զինվորական մարմին, որի մեջ մտավ նաև Իշխանը: Նա նպաստեց զինված թռուցիկ խմբերի ստեղծմանը, նշանակեց պատասխանատուներ: Զինվեց ողջ Վասպուրականը: Մարտի վերջին Վանի կուսակալ Ջևդեթ փաշայի հրամանով ձերբակալվում է Շատախի գավառի դաշնակցական ղեկավարներից մեկը՝ Հովսեփ Չոլոյանը, որը մի քանի օրից բանտում սպանվում է: Ջևդեթ փաշան խնդիրը «խաղաղ» կարգավորելու համար Արամ Մանուկյանին առաջարկում է Իշխանին ուղարկել և տեղում հարցերը քննել ու պարզաբանել: Առաջին հայացքից այս առաջարկը տեղին էր թվում: Իշխանը հեղինակություն էր վայելում թե՛ քրդերի և թե՛ թուրքերի շրջանում, ուստի կարող էր ստանձնել այդ պարտականությունը, որի տակ թաքնված էր դավադրություն և ստոր ոճրագործություն: Ընդունելով առաջարկը` Իշխանն իր ընկերների հետ ոստիկանական ջոկատի և թուրք ոստիկանապետի ուղեկցությամբ ուղևորվում է Շատախ: Գիշերելու համար կանգ են առնում քրդական Հիրճ գյուղում՝ Իշխանի բարեկամի տանը, որտեղ էլ կատարվում է ոճրագործությունը: Վանի կուսակալ Ջևդեթի ուղարկած չերքեզ մարդասպաններն ապրիլի 3-ի գիշերը ներխուժում են այդ տուն և սպանում Իշխանին ու նրա ընկերներին՝ Պողոս Թութունջյանին, Միհրան Տեր-Մարգարյանին, Վահան Խռանյանին: Ապրիլի սկզբին թուրքական տասը հազարանոց զորքը պաշարեց Վանը:

Իշխանի մահը միավորել էր Վանի ամբողջ հայությանը. նրանք ոտքի կանգնեցին: Վանի ժողովուրդը գիտակցեց, որ զենքը ձեռքին պաշտպանվելուց բացի, ուրիշ միջոց չկա: Մեկամսյա գոյամարտը պսակվեց հայերի հաղթանակով: Այդ հաղթանակը արդյունք էր տարիներով կատարված քրտնաջան հեղափոխական աշխատանքի, որի մեջ իր ներդրումն ուներ նաև Իշխանը:

Հայ կամավորների գործուն աջակցությամբ հաջողվել է գտնել Իշխանի և նրա ընկերների խոշտանգված դիակները: Մայիսի 19-ին Վանի պանթեոն տեղափոխված հերոսների դիակները հուղարկավորվեցին: Հուղարկավորությանը մասնակցում էր Վանի ողջ հայությունը: Այստեղ էին նաև նահանգապետ Արամ Մանուկյանը, հրամանատար Վարդանը, խմբապետ Համազասպը, Կոստի Համբարձումյանը, Սարգիս Արարատյանը: Հնչում էին եկեղեցական շարականներ, մարտական երաժշտություն՝ Վանի հերոսամարտի նվագախմբի կատարմամբ, իսկ զինվորները կատարում էին Իշխանի երգը.

«Դուն էլ վեր կացար դէմ արևածագին,

Գօտիդ կապեցիր քո մէջքը հպարտ,

Աչքդ դարձուցիր շողուն աստղերին,

Ասիր՝ կը հասնեմ, դեռ լոյս չի բացուած…»:

Արևիկ ՄԵԼԻՔՅԱՆ

Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից


09/07/2015