Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ. ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ



Զրույց ռազմական պատմաբան ՄՈՒՐԱԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

Սկիզբը՝ նախորդ համարում

-Ինչպե՞ս կազմավորվեց Հայաստանի Առաջին Հանրապետության բանակը, ի՞նչ ուժեր դարձան 1918-1920թթ. հայկական ազգային բանակի հիմքը:

-1918թ. մայիսին, երբ վերականգնվեց հայկական պետականությունը, և հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Մեծ եղեռնից մազապուրծ հայ ժողովուրդը, որը կենաց ու մահու պայքար էր մղում իր գոյությունը մի պատառ հողի վրա պահպանելու համար, բնականաբար՝ առաջին հերթին իր ողջ ուժերը պետք է նպատակամղեր կանոնավոր բանակ ստեղծելու գործին, լավ գիտակցելով, որ իր նվաճումները պաշտպանելու և հայոց պետականությունը ամրապնդելու այլ ուղի չկա: Նորաստեղծ հանրապետության կառավարությունը բանակի կազմավորմանը ձեռնամուխ եղավ իր գործունեության առաջին իսկ օրերից: Բանակի կազմավորման աշխատանքները ղեկավարում էր զինվորական նախարարությունը՝ գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Հախվերդյանի գլխավորությամբ: Թեեւ Թուրքիայի հետ 1918թ. հունիսի 4-ին Բաթումիում կնքված պայմանագրի հետևանքով Հայկական բանակի կազմավորման գործը լուրջ դժվարությունների և սահմանափակումների հետ էր կապված (պետք է ստեղծվեր միայն մեկ դիվիզիա), զինվորական նախարարությունը ձեռնամուխ եղավ Հայկական զինված ուժերի ստեղծման աշխատանքներին: Հայկական բանակի հիմքը դրեցին հայկական բանակային կորպուսի զորամասերը, ստորաբաժանումները և զինվորական կադրերը: Կորպուսի վերակազմավորման աշխատանքները սկսվեցին գեներալ Թ.Նազարբեկյանի՝ 1918թ. հուլիսի 20-ի թիվ 94 հրամանով, համաձայն որի՝ Առանձին հայկական կորպուսը վերակազմավորվում է Առանձին հայկական դիվիզիայի: Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար է նշանակվում ռուսական բանակի փորձված զորապետ, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, որը մինչ այդ եղել էր հայկական կորպուսի 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1918թ. ամռան դրությամբ Առանձին հայկական դիվիզիան բաղկացած էր երկու հետևակային, մեկ հրետանային բրիգադներից, համահավաք հեծյալ գնդից և մի շարք այլ՝ առանձին, մասնագիտացված զորամասերից և ստորաբաժանումներից: Յուրաքանչյուր հետևակային բրիգադ բաղկացած էր երեքական հետևակային գնդերից:

Մինչև 1918թ. հոկտեմբեր ամիսը Երևանում ավարտվեցին նաև հայկական բանակի բարձրագույն զինվորական կառույցի՝ զինվորական նախարարության եւ նրա ապարատի ձեւավորման աշխատանքները:

1920թ. օգոստոսի 1-ի դրությամբ հայկական բանակը բաղկացած էր մշտական և միլիցիոներական-պարտիզանական զորքերից: Հայկական ամբողջ բանակի զորամասերը և ստորաբաժանումները կազմված էին յոթ հիմնական՝ Ալեքսանդրապոլի և Արևելյան զորախմբերից, Դարալագյազի, Նոր Բայազետի, Հատուկ էքսպեդիցիոն, Շարուրի, Դիլիջան-Ղարաքիլիսայի զորաջոկատներից:

-Ինչպե՞ս էր զինված հայկական բանակը, զինվորական կադրերով համալրվածության մասին ի՞նչ կասեք:

-Հիմնականում զինված էին ռուսական եռագիծ «Մոսին», ինչպես նաև «Բերդան», «Լեբել» հրացաններով, «Մաքսիմ», «Կոլտ», «Լյուիս» գնդացիրներով, թեթև և լեռնային թնդանոթներով, ռուսական մակնիշի 48 մմ-անոց հաուբիցներով, ինչպես նաև սվիններով, սրերով ու խանչալներով: Հայկական բանակի սպառազինումը և հանդերձավորումը սկզբնական շրջանում կատարվում էր ռուսական բանակի՝ Հայաստանի տարածքում թողնված սպառազինության ու հանդերձանքի, ապա՝ Անգլիայից և ԱՄՆ-ից ստացվող զենքի ու զինամթերքի հաշվին: Բանակը համալրվում էր նաև Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարության համբանակային վարչության միջոցով: Բանակին նյութական օգնություն ցույց տալու գործին գործուն մասնակցում էին նաև սփյուռքահայերը:

Հայկական բանակը կազմավորված էր ռուսականի համակարգով և կառավարվում էր ռուսական զինվորական կանոններով: Գեներալական և սպայական կազմը բաղկացած էր ռուսական զինվորական ուսումնարաններ և ակադեմիաներ ավարտած, մարտական հարուստ փորձ ունեցող կադրերից: Զինվորական աստիճանաբաշխման համակարգում պահպանված էին ռուսական բանակում գոյություն ունեցող աստիճանները: Աստիճանաբաշխման իրավունքը վերապահված էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը (զինվորական նախարարի առաջարկով): Հայկական բանակի գեներալները, սպաները, դասային աստիճանավորներն ու զինվորներն իրավունք ունեին կրելու նաև նախկինում խիզախության համար ստացած իրենց բոլոր մարտական շքանշաններն ու մեդալները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց նաև իր սեփական՝ հայկական շքանշանները: 1919թ.-ից 1920թթ. ստեղծվեցին «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Սուրբ Վարդան Զորավար», «Մեծն Տրդատ» շքանշանները: Զգալի աշխատանքներ տարվեցին բանակն ազգայնացնելու, հայկական զինվորական ուսումնական հաստատություններ բացելու, անձնակազմին վարձատրելու և դասալքության դեմ պայքարելու ուղղությամբ:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց համեմատաբար կարճ շրջան՝ 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը: Հայկական բանակի հրամանատարության ջանքերի շնորհիվ հանրապետության զինված ուժերը մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը կարողացան պատվով կատարել պետության և ժողովրդի պաշտպանության ծանրագույն գործը: Արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում (հայ-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պատերազմներում) հայկական զորքերին բազմիցս հաջողվեց ոչ միայն կասեցնել նրանց հարձակումները, այլև հաճախ պարտության մատնել թշնամուն՝ Հայաստանին վերադարձնելով նախկինում բռնազավթված հայկական տարածքները:

-Պարոն Կարապետյան, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ ժառանգական կապ կա 1914-1920թթ. հայկական ազգային զինուժի և այսօրվա Հայաստանի Հանրապետության բանակի միջև:

-Ուղղակի: Ներկայիս՝ Հայաստանի Հանրապետության արդեն կայացած և հաղթանակած բանակը անմիջական ու արժանի ժառանգորդն է 1914-1918թթ. Կովկասյան ռազմաճակատում ստեղծված հայկական ազգային զինուժի՝ կամավորական խմբերի, կանոնավոր գումարտակների, Առանձին հայկական կորպուսի, 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության բանակի և 1920-1956թթ. խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած հայկական ազգային զորամիավորումների փայլուն մարտական ավանդույթների։

Միաժամանակ, 1914-1920թթ. հայկական ազգային զինուժի պատմության դասերը հուշում են, որ հայ ժողովուրդը պարտավոր է միշտ ունենալ ուժեղ, լավ կազմակերպված և սպառազինված, ապաքաղաքականացված, կանոնավոր, մարտունակ բանակ, որը սատար կկանգնի հայ ժողովրդի պետական-ազգային շահերի պաշտպանությանը, կնպաստի միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը, տարածաշրջանում նրա դերի և դիրքերի ամրապնդմանը: Հայ ժողովուրդը ի դեմս իր զինված ուժերի, իր բանակի, դարեր ի վեր կարողացել է հետ մղել թշնամիների հարձակումները, իր հաղթական զենքով ապացուցել գոյատևման իր իրավունքը, ինչը վառ արտահայտվեց նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և մայիսյան հերոսամարտերի օրերին, Առաջին Հանրապետության տարիներին։ Ու թեև այսօր իրադրությունը որոշակիորեն փոխվել է, միջազգային ընկերակցությունը միջազգային նորմերի միջոցով զսպում է ագրեսորներին, սակայն զսպման լավագույն միջոցը ինչպես առաջ, այնպես էլ հիմա մնում է հակառակորդին ջախջախիչ հակահարված հասցնելու պատրաստ ազգային բանակը:

Հարցազրույցը վարեց
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


09/07/2015