Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԳԱՎԱԹՈՎ



Հունիսի 22-ից 27-ը Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների զինված ուժերի ինժեներական զորքերի ստորաբաժանումների 13-րդ հավաքը, որին մասնակցեց նաև Հայաստանը: Հավաքի շրջանակներում անցկացված մրցույթներից երեքում հայ զինվորականներն զբաղեցրին երկրորդ, իսկ ընդհանուր ցուցանիշով` երրորդ տեղը:

Մրցում էին Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ինժեներական զորքերի ստորաբաժանումները: Հավաքի շրջանակում մրցույթներ անցկացվեցին ինչպես մասնագիտական պատրաստությունից, այնպես էլ ռազմակիրառական մարզաձևերից: Նորմատիվների գործարկման ժամանակ երեք երկրների ինժեներական զորքերի մասնագետները մասնակցեցին հետախուզության, ինժեներական արգելքների հաղթահարման, մեխանիզացված կամրջի հավաքման, մեխանիկական միջոցների օգնությամբ տեխնիկական միջոցների թաքստոցի բացազատման, տաբելային լրակազմով հատուկ տեխնիկայի քողարկման և փայտե կառույցների տարրերի պատրաստման մրցույթներին:

Հայաստանը պատվով ներկայացրեց Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասը:

Հավաքի ժամանակ հայ զինծառայողները հանդես եկան նաև սպորտային միջոցառումներում, մասնավորապես՝ ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումներում և զինվորական էստաֆետում: Հայկական թիմը աչքի ընկավ նաև մշակութաժամանցային մրցույթում` հայկական մշակույթը ներկայացնող կատարումներով: Արդյունքում` հայ զինվորները երկրորդ տեղն զբաղեցրին ինժեներական հետախուզության, մշակութաժամանցային և մասնագիտական պատրաստության մրցելույթներում:

Զորամասը ԱՊՀ երկրների զինված ուժերի ինժեներական զորքերի ստորաբաժանումների հավաքներին արդեն երկրորդ անգամ է մասնակցում: Անցած տարի ընդհանուր ցուցանիշով զորամասի զինծառայողները ևս զբաղեցրին երրորդ տեղը: Այս անգամ, սակայն, մասնագիտական մրցույթներում նրանց արդյունքներն ավելի բարձր էին:

-Մրցույթներն արձանագրեցին, որ մեր մասնագետներն ավելի շատ ուշադրություն են դարձնում անվտանգության կանոնների պահպանմանը, քան արագությանը, ինչի պատճառով էլ մենք ընդամենը վայրկյաններով զիջեցինք արագության մեջ:

Հավաքին նախապատրաստվելու աշխատանքներն սկսվել էին դեռ մայիսին` փոխգնդապետ Արմեն Մանուկյանի և կապիտան Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ: Հայաստանը ներկայացնող զինվորները շատ գոհ են իրենց արդյունքներից և ընդհանրապես հավաքից:

-Ամեն ինչ լավ էր: Մենք և՛ փորձ ձեռք բերեցինք, և՛ նոր ընկերներ: Տեսանք մեր բացթողումները, որոնք էլ կաշխատենք շտկել: Մյուս անգամ ավելի բարձր արդյունք ցույց կտանք,- իրար ընդհատելով` խոսում էին հավաքին մասնակցած տղաները:

Ավագ սերժանտ Աղասի Հարությունյանը զորացրվել է 10 օր առաջ, բայց դեռ կանգնած է իր ծառայակից ընկերների կողքին:

-Իմ ընտանիքի համար կրկնակի ուրախություն էր, որ տուն էի վերադարձել նաև գավաթով,- ասում է նա:

Աղասին ցանկանում է ավելի հմտանալ ռազմաինժեներական մասնագիտացման մեջ և ծառայությունը շարունակել զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Նույն մտքին է նաև կրտսեր սերժանտ, մեխանիկ-վարորդ Արսեն Կիրակոսյանը: Նա մասնակցում է ԱՊՀ ինժեներական զորքերի հավաքներին երկրորդ անգամ:

Մշակութաժամանցային մրցույթին Հայաստանը ներկայացրեց պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Մակարյանը, որը «Դլե յաման» ժողովրդական ստեղծագործությունը կատարեց երաժշտական 4 գործիքով` դհոլ, զուռնա, կլարնետ և դուդուկ: Արդյունքում՝ նա ստացավ ամփոփիչ համերգ-միջոցառման մասնակցության հատուկ հրավեր և ելույթ ունեցավ երկու համարով: Մշակութաժամանցային միջոցառումներին հայկական թիմին սատարեց նաև Բելառուսի հայկական համայնքը: Համատեղ ջանքերով ներկայացվեց Հայաստանը, դրվագներ հայոց պատմությունից, տեղական համայնքի ներկայացուցիչները եւս հանդես եկան ազգային երգ ու պարով:

-Շնորհակալ ենք Բելառուսի հայ համայնքին, որ աջակցեց մեզ, եղավ մեր կողքին: Եթե ռուսական և բելառուսական թիմերը հանդես եկան հիմնականում բանահյուսությամբ և երգիծական կատարմամբ` մենք փորձեցինք ներկայացնել մեր մշակույթը: Եվ ստացվեց: Մինսկում հնչեցին Արա Գևորգյանի երաժշտական մշակումները` «Սարդարապատը», «Արցախը»,- պատմում է Գևորգ Մակարյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին ինժեներական զորքերի հավաքը տեղի էր ունեցել Ռուսաստանում` Վոլժսկում, և Հայաստանի թիմն ընդհանուր արդյունքներով զբաղեցրել էր երրորդ տեղը:

Թիմի մասնակցությունից գոհ էին նաև ղեկավարներ՝ փոխգնդապետ Արմեն Մանուկյանը և կապիտան Արթուր Գրիգորյանը: Նրանց խոսքերով, արձանագրված թերությունները քիչ էին, հայ զինվորները փայլեցին թե՛ տեխնիկական իմացությամբ և թե՛ առհասարակ գիտելիքներով:

-Մրցույթը ցույց տվեց, որ մեր զինվորներն առավել ուշադրություն են դարձրել տեխնիկական անվտանգության կանոններին, քան արագությանը, մինչդեռ պետք էր համատեղել այդ երկուսը: Պետք է հաշվի առնել նաև, որ արդեն որերորդ տարին այս հավաքին Ռուսաստանից մասնակցում են ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներ` ենթասպաներ ու սպաներ: Շատ ուժեղ էր նաև Բելառուսի թիմը: Եվ մեր զինվորները մեզ պատվով ներկայացրին: Ընդհանրապես, լավ կլիներ, եթե մեր զինված ուժերում եւս պարբերաբար նման մրցույթներ անցկացվեին: Դա կլիներ փորձի փոխանակման լավագույն հնարավորությունը, բացի այդ` կբարձրանար մրցակցային ոգին, նաև` մասնագիտական պատրաստության մակարդակը,- նշում է փոխգնդապետ Մանուկյանը:

Զորամասն այսօր էլ շարունակում է ապրել իր առօրյա կյանքով: Լավ գնահատականով ավարտելով 2015 թվականի առաջին ուսումնական փուլը՝ նախապատրաստվում է հաջորդին: Թե ովքե՞ր կլինեն հայաստանյան ինժեներական զորքերի ապագան կերտողները` ցույց կտա ժամանակը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ազգային բանակ


09/07/2015