ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ
Քաշաթաղի զինկոմիսարիատն սկսել է գործել շրջանի կազմավորման հենց սկզբին: Մինչև այս տարվա մայիսի կեսերն այն ղեկավարում էր Սայաթ Լոքյանը: Երկու տասնամյակի ընթացքում միշտ էլ զորակոչը կայացել է ժամանակին և ըստ պլանի:
Հուլիսի 6-ին դարձյալ մարդաշատ էր Բերձորի շրջանային զինկոմիսարիատը: Տարբեր բնակավայրերից արդեն տեղ էին հասել նորակոչիկ տղաները: Զինկոմի տեղակալ, 1-ին բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը վերջին անգամ ստուգում էր նորակոչիկների փաստաթղթերը, զրուցում նրանց հետ: Նորակոչիկների ծնողները հարցաթերթիկ էին լրացնում, որը, ի դեպ, նորություն է:
Իր Սևակ որդուն բանակ էր ուղարկում նաև Շալուա համայնքի ղեկավար, «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Լրացնելով հարցաթերթիկը, նա գրել է. «Իմ որդուն բարձր տրամադրությամբ ուղարկում եմ բանակ. հպարտ եմ, որ նա դառնալու է հայրենիքի պաշտպան»:
Սևակն ուսանում է ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում:
-Ես ծառայելու եմ իսկական զինվորին վայել՝ տղամարդու պես, այնպես, որ հայրս ինձնով հպարտանա:
Արտաշավիի դպրոցի ուսուցչուհի Լիդա Սոլոմոնյանը նույնպես հուզված էր. որդին` Նվերը, Արցախի պետական համալսարանի տնտեսա-իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսն ավարտելուց հետո մեկնում է բանակ:
Շիրակ և Ռոբերտ Ստեփանյան եղբայրները միասին են մեկնում բանակ: Շիրակը մեկ տարով մեծ է և հասցրել է ավարտել Շուշիի Ա. Խաչատրյանի անվան քոլեջը: Նա ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է համալրում հայոց բանակի շարքերը, և ինքն ու եղբայրը այնպես կծառայեն, որ իրենց մայրը տխրելու առիթ չունենա:
Շրջանի հարավային Մուշ գյուղը շրջկենտրոնից հեռու է մոտ 110 կմ, սակայն Գևորգ Խաչատրյանը տեղ է հասել ժամանակին: Այս տարի է ավարտել Ալաշկերտի միջնակարգ դպրոցը: Վճռել է՝ զորացրվելուց հետո կընդունվի ագրարային համալսարան. շրջանին գյուղատնտեսներ են պետք:
-Գնում եմ գերազանց տրամադրությամբ, կարեւոր չէ, թե որտեղ և ինչ զորամասում կծառայեմ, կարևորը՝ դառնալու եմ հայրենիքի պաշտպան-զինվոր,- ասաց Գևորգը:
Նորանշանակ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, որ 1995 թվականից զինկոմիսարիատում է ծառայում և մեծ փորձ ունի, տեղեկացրեց, որ զորակոչը լավ է կազմակերպված. բոլոր տղաներն անցել են բժշկական հանձնաժողովներով: Նա ճանաչում էր բոլոր նորակոչիկներին մեկ առ մեկ, գիտեր նրանց հուզող խնդիրները: Եվ ուրախ էր, որ տղաները գիտակցում են՝ ուր են գնում, ինչի համար:
Փաստաթղթերի վերջնական ստուգումից հետո նորակոչիկ տղաները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում: Զինկոմ Օհանջանյանը մեկ անգամ ևս տեղեկացրեց, թե դեպի ուր են շարժվելու տղաները, հիշեցրեց, որ այսուհետ նրանք ենթարկվելու են հրամանատարությանը, զինվորական հրահանգներին ու հրամաններին, և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց: Բարեմաղթանքներ ասաց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Հարազատները հրաժեշտ տվեցին զորակոչիկներին: Ստեփանակերտ մեկնելուց առաջ զինկոմը բոլորին ուղեկցեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, որտեղ նորակոչիկները մոմ վառեցին…
Աստված պահապան հայ զինվորին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ազգային բանակ