ԵՐԲ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ…
Գաղտնիության ռեժիմի պատշաճ պահպանումը հակառակորդին զրկում է զինված ուժերի մասին հավաստի տեղեկատվություն ունենալու, հետևապես` ուժերի հարաբերակցությունը պարզելու, ռազմական գործողությունները հստակ պլանավորելու հնարավորությունից:
Գաղտնիության ռեժիմի պահպանման և տեղեկությունների արտահոսքի կանխարգելման ուղղությամբ աշխարհի բանակները շատ մեծ փորձ են կուտակել: Այդուհանդերձ, գիտության և տեխնիկայի շարունակական զարգացումը, ինչպես նաև հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցող փոփոխություններն ստիպում են նորովի գնահատել եղած մարտահրավերները և անընդհատ կատարելագործել եղած գործիքները:
Տեղեկատվական անվտանգության ասպարեզում ՀՀ զինված ուժերի առջև ծառացած այսօրվա մարտահրավերները ներկայացնում է ՀՀ ԶՈւ ԳՇ ութերորդ բաժնի պետ, գնդապետ ՌՈՒՍՏԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Գաղտնիության ռեժիմի պահպանման և տեղեկությունների արտահոսքի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները եղել և մնում են կազմակերպչական միջոցառումները, որոնց իրականացմանն էլ ուղղված են մեր բաժնի ջանքերը: Գաղտնիքների արտահոսքը կանխարգելելու համար հարկավոր է կառուցել մի այնպիսի երևակայական պատ, որից այն կողմ չի թույլատրվում տանել գաղտնիքը: Այդ երևակայական պատը այսօր ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի բոլոր այն հրամաններն ու կարգադրություններն են, որոնք կանոնակարգում են ՀՀ զինված ուժերում գաղտնիության ռեժիմի պահպանման ամբողջ գործընթացը, – նշում է Ռուստամ Կարապետյանը:
Գնդապետի խոսքով՝ գաղտնիության ռեժիմի պահպանման հարցում ունեցած լուրջ հաջողությունների կողքին, ցավոք, երբեմն ի հայտ են գալիս այնպիսի խախտումներ, որոնք պայմանավորված են որոշ զինծառայողների գիտակցական ոչ պատշաճ մակարդակով: Տեղեկատվական արտահոսք թույլ տված զինծառայողի նկատմամբ միայն պատժիչ միջոցառումներ գործադրելը տեղեկատվական անվտանգության ապահովման համար բավարար չէ: Առավել արդյունավետ աշխատանքը նրա գիտակցական մակարդակի բարձրացումն է:
-Գնահատելով իրավիճակը՝ մենք շեշտը դնում ենք ոչ թե պատժի խստության, այլ դրա անխուսափելիության և համապատասխան գիտակցական մակարդակի ձևավորման վրա: Նպատակը ոչ թե պատժելն է, այլ արտահոսքի հնարավոր ուղիների վերացումը: Այդ իսկ նպատակով մեր բաժինը ձեռնամուխ եղավ քարոզչական պաստառների, սկավառակների, դասախոսական նյութերի պատրաստմանը և զորքերում դրանց տարածմանը, ինչը տեղերում հրամանատարության և մեր համատեղ գործադրած ջանքերի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դրական արդյունք տվեց,- մասնավորեցնում է Ռուստամ Կարապետյանը:
Տեղեկատվական ոլորտի թռիչքային զարգացումը նոր մարտահրավերներ է ի հայտ բերում: Հատկապես վերջին տասնամյակում մեր կենցաղ ներխուժեցին օրեցօր կատարելագործվող այնպիսի կապի միջոցներ, ինչպիսիք են համակարգիչները և բջջային հեռախոսները: Գնդապետ Կարապետյանը նշում է, որ դրանք՝ իրենց բոլոր առավելություններով հանդերձ, գաղտնիության ռեժիմի պահպանման տեսանկյունից լուրջ մարտահրավեր են բոլոր բանակների համար: Սոցիալական կայքերը հնարավորություն են ընձեռում աշխարհի ցանկացած կետից կապ հաստատել մեկ այլ կետում գտնվող օգտատիրոջ հետ: Սոցիալական կայքերից օգտվելով` զինծառայողը հնարավորություն է տալիս արտերկրի հատուկ ծառայությունների հոգեբաններին գեղեցիկ կնոջ, հետաքրքիր զրուցակցի, կոլեգայի կամ մեկ այլ մարդու անվան տակ «ընկերական» հարաբերություններ ու նամակագրություն հաստատել իր հետ և որոշ ժամանակ անց, վստահություն ձեռք բերելով, տեղեկանալ զինծառայողի գաղտնիքներին, այդ թվում` ծառայական:
-Հասկանալի է, որ զինվորական տարբեր մասնագիտություններ ունեցող զինծառայողները շատ դեպքերում քաջատեղյակ չեն հետախուզության ձևերին և մեթոդներին, հետեւաբար, սոցցանցերում ծանոթություններ հաստատելով, չեն էլ կասկածում, թե իրականում ով է նստած համակարգչի մյուս կողմում և թե ինչ նպատակներով է առաջին հայացքից անմեղ թվացող հարցեր տալիս:
-Մեկընդմիշտ պետք է հիշել, որ հակառակորդի վերլուծաբան-հետախույզի համար չկա անկարևոր տեղեկատվություն, և զինծառայողից ստացած ցանկացած «անմեղ» նորություն կարող է օգնել նրան հետաքրքրող խնդրի վերաբերյալ ամբողջական կարծիք կազմելու, – շեշտում է ութերորդ բաժնի պետը:
Ըստ Ռուստամ Կարապետյանի՝ դեռ շատ անելիքներ կան հասարակությանը, մասնավորապես՝ զինծառայողներին համացանցից օգտվելու անհրաժեշտ մշակույթ սովորեցնելու համար: Նրա խոսքով՝ կարող են օգտագործվել նույնիսկ սոցկայքերում տեղադրված զինծառայողների լուսանկարները, առավել ևս՝ եթե պատկերված են սպառազինության, տեխնիկայի ֆոնին: Զորքերում բարոյահոգեբանական վիճակի մասին կարող են պատկերացում տալ զինծառայողների անձնական կամ խմբակային լուսանկարները: Նույնպիսի խնդիրների ենք բախվում նաև բջջային հեռախոսների օգտագործման դեպքում:
-Ցանկանում եմ հույս հայտնել, որ հատկապես մեր ժամկետային զինծառայողները և նրանց հարազատները, գիտակցելով խնդրի կարևորությունը իրենց իսկ անվտանգության շահերից ելնելով, առաջիկայում կվերանայեն իրենց մոտեցումները և ձեռնպահ կմնան բջջային հեռախոսներով ծառայությանն առնչվող ու հակառակորդի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների քննարկումներից: Պետք է հիշել, որ ներկայումս որևէ դժվարություն չի ներկայացնում բջջային հեռախոսազրույցների գաղտնալսումը, և հակառակորդը դրանց միջոցով կարող է տեղեկանալ զորամասի անցուդարձին, ապա և առաջնագծում հատկապես իրականացնել արդյունավետ խափանարար գործողություններ, – նշում է գնդապետ Կարապետյանը՝ շեշտելով, որ մշտապես պետք է զգոն լինել թե՛ համակարգչից և թե՛ կապի այլ միջոցներից օգտվելիս՝ չխոսել ծառայությանը վերաբերող թեմաներից:
Ըստ գնդապետի՝ մեր հասարակության բոլոր խավերի կողմից պետական և ծառայողական գաղտնիքի և տեղեկատվության հավուր պատշաճի պահպանումը կարող է ի չիք դարձնել մեր հակառակորդների ցանկացած ագրեսիվ մտադրություն՝ նախադրյալներ ստեղծելով մեր բանակի հետագա զարգացման ու հզորացման համար: Հենց այդ գիտակցության ձևավորմանն ու ամրապնդմանն էլ ուղղված են լինելու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ութերորդ բաժնի անձնակազմի առաջիկա տարիների հիմնական ջանքերը:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ