Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ



Հայրենական Մեծ պատերազմն սկսվելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղում եւ Հյուսիսային Արցախում անցկացվեց ընդհանուր զորահավաք: Մինչեւ 1941թ. սեպտեմբերը զորահավաքային պլանները ԼՂԻՄ-ում արդեն գերակատարված էին` պահեստի հրամանատարական կազմինը` 105%-ով, միջին հրամանատարական կազմինը` 111%-ով, շարքային կազմինը` 120%-ով:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայերը առաջին հերթին համալրեցին 402-րդ հրաձգային դիվիզիայի շարքերը, որը կազմավորվեց Ստեփանակերտում` ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի 1941թ. օգոստոսի 9-ի N 459 որոշմամբ: 1941թ. նոյեմբերի 17-ի դրությամբ՝ հայերի թիվը այս դիվիզիայում կազմում էր 3334 մարդ, վրացիներինը` 3323, ադրբեջանցիներինը` 2208: Սակայն, մինչեւ ռազմաճակատ տեղափոխվելը, դիվիզիայի հրամանատարական կազմը, որը հիմնականում բաղկացած էր ռուսներից, ենթարկվեց փոփոխությունների, իսկ հայ եւ վրացի մարտիկներին տեղափոխեցին հայկական եւ վրացական նոր կազմավորվող ազգային դիվիզիաներ: Առավելապես ադրբեջանցիներից կազմված 402-րդ հրաձգային դիվիզիան Մոզդոկի ուղղությամբ մղված հենց առաջին մարտերում անփառունակ պարտություններ կրեց եւ տեղափոխվեց բանակի ռեզերվ: Արցախահայերի զգալի մասը`1419 մարտիկ, զորակոչվեց 416-րդ հրաձգային դիվիզիայի շարքերը, որը կազմավորվեց 1942թ. փետրվարի 15-ից մայիսի 15-ը` Ստեփանակերտից 60 կմ հյուսիս-արեւմուտքում գտնվող ՈՒջարա երկաթուղային կայարանի շրջանում: Հիմնականում հայ մարտիկներով համալրված 416-րդ դիվիզիան Ադրբեջանական ԽՍՀ տարածքում կազմավորված եզակի դիվիզիաներից է, որը սկսելով մարտական ուղին Հյուսիսային Կովկասից` հասավ Բեռլին: Եվս 1746 հայեր զորակոչվեցին Ստեփանակերտից 50 կմ դեպի հյուսիս` Եվլախում կազմավորված 400-րդ հրաձգային դիվիզիա: 1941թ. դեկտեմբերից մինչ 1942թ. մայիս դիվիզիան ծանր մարտեր էր մղում Կերչ թերակղզում: Ազգային զորամիավորումներ կազմավորելու գործընթացի շրջանակներում 1942թ. փետրվարի վերջին հայ զինծառայողները համալրեցին նոր ստեղծվող հայկական 390-րդ դիվիզիայի շարքերը, իսկ 400-րդ դիվիզիան սկսեց համալրվել միայն ադրբեջանցիներով, ինչի հետեւանքով դիվիզիայի մարտունակությունը կտրուկ նվազեց, քանի որ ադրբեջանցիներից շատերը հակված էին դասալքության եւ ինքնախեղման: Կերչի համար մղվող մարտերում այդ դիվիզիան ոչ միայն ծանր կորուստներ կրեց, այլեւ կորցրեց մարտական դրոշը: 1942թ. մայիսին 400-րդ դիվիզիան կազմալուծվեց: Նույն ճակատագրին արժանացան նաեւ ադրբեջանական 398-րդ, 196-րդ, 404-րդ դիվիզիաները:
Ընդհանուր թվով ավելի քան 11.000 արցախահայեր զորակոչվեցին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորված 77-րդ, 223-րդ, 369-րդ, 400-րդ, 404-րդ, 416-րդ դիվիզիաներ: Արցախահայերից ավելի քան 1000-ը փառավոր մարտական ուղի անցան հայկական 76-րդ, 390-րդ, 89-րդ Թամանյան, 409-րդ դիվիզիաների շարքերում՝ հասնելով Բեռլին, Պրահա, Մերձբալթիկա:
Բանակի ռեզերվի պատրաստման գործում կարեւոր նշանակություն ունեցավ կործանիչ գումարտակների եւ ժողովրդական աշխարհազորային վաշտերի ստեղծումը: Համաձայն Անդրկովկասյան ռազմաճակատի ռազմական խորհրդի որոշման` Լեռնային Ղարաբաղում կարճ ժամանակահատվածում ստեղծվեց 5 կործանիչ գումարտակ, որում ներգրավված էր ավելի քան 500 մարդ, ինչպես նաեւ՝ 12 ժողովրդական աշխարհազորի վաշտեր` ընդհանուր թվով 12.000 մարդ:
1939թ. մարդահամարի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրում էր 150.800 մարդ, որոնցից 132.800-ը, կամ 88,1%-ը հայեր էին: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Հայրենական մեծ պատերազմին մասնակցեցին 45.000 հայեր, ինչը կազմում էր բնակչության 1/3-ը, այդ թվում՝ 1850 կին: 22.000 ղարաբաղցիներ զոհվեցին պատերազմի տարբեր ռազմաճակատներում:
Վերջին տվյալների համաձայն` Հյուսիսային Արցախից ռազմաճակատ մեկնած հայերի թիվը կազմում է 43.640 (բնակչության 31,2%-ը), իսկ զոհվածների թիվը` ավելի քան 18.000 մարդ կամ զորակոչվածների 41%-ը:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից եւ Հյուսիսային Արցախից Մեծ Հայրենական պատերազմում մարտնչեց մոտ 90.000 հայ, որոնցից 40.000 զոհվեցին: Այսինքն՝ Արցախի հայ բնակչության ավելի քան 1/3-ը մեկնեց ռազմաճակատ, իսկ զորակոչվածների 44,4%-ը զոհվեց:
Համեմատության համար նշենք, որ պատերազմի տարիներին 19 ադրբեջանցուց զորակոչվել է ընդամենը մեկը:
♦♦♦
Արցախահայերը պատվով կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Արցախցի ռազմիկների շարքից առաջ քաշվեցին հիանալի զորապետներ, որոնց անուններն ընդմիշտ մտել են Հայրենական պատերազմի տարեգրության մեջ: Ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում ցուցաբերած արիությամբ ու խիզախությամբ իրենց անունները փառքով պսակեցին թվով 29 Խորհրդային Միության հերոսներ, որոնց շարքում նաեւ կրկնակի հերոսներ` մարշալ Հովհաննես Բաղրամյանը եւ Բալթյան նավատորմի 47-րդ Կարմրադրոշ գրոհային ավիագնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը: Թվով 7 արցախցիներ դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Ռազմաճակատի տարբեր հատվածներում իրենց ռազմական տաղանդով փայլել են ծնունդով արցախցի ԽՍՀՄ 3 մարշալ, 24 գեներալ, 3 ծովակալ: Մեծ հայրենականի տարիներին ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Տեր-Իսահակյանը (Ի.Ս. Իսակով) եղել է Ռազմածովային նավատորմի ժողկոմի առաջին տեղակալ, նավատորմի գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը` սկզբում բանակի, այնուհետեւ՝ ռազմաճակատի հրամանատար, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Ս.Ա. Խուդյակով) եղել է Կարմիր բանակի ռազմական ավիացիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, օդային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովը` բանակի հրամանատար, այնուհետեւ՝ ճակատի հրետանու պետ, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը` մոտորացված բրիգադի հրամանատար, այնուհետեւ` կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը եւ գնդապետ Սմբատ Դանիելյանը` բրիգադի, այնուհետեւ՝ դիվիզիայի հրամանատարներ, գնդապետ Բագրատ Իսահակյանը` տանկային, իսկ Սմբատ Արզումանյանը` պարտիզանական բրիգադի հրամանատարներ,Նելսոն Ստեփանյանը, Սերգեյ Սարդարովը, Ռաֆայել Կապրելյանը` ավիացիայի գնդի հրամանատարներ, Գրիգոր Բաղյանը, Բորիս Մուսայելյանը եւ Արտավազդ Մարտիրոսովը` հրաձգային գնդի հրամանատարներ, Գուրգեն Մանասյանը` հրետանային եւ Նիկոլայ Պետրոսյանը` հեծյալ գնդի հրամանատարներ, հետախույզ գեներալ-մայոր Ի. Ի.Աղայանցը նախ Իրանում, այնուհետեւ Ֆրանսիայում ղեկավարել է գերմանական լրտեսների դեմ տարվող հետախուզական աշխատանքները եւ այլն:
Պատերազմի ամբողջ ծանրությունը պատվով կրեցին ոչ միայն անմիջականորեն ռազմաճակատում կռվողները, այլ նաեւ խորը թիկունքում գտնվողները:
Հայրենական պատերազմի սկզբից արցախցիները ակտիվ մասնակցում էին պաշտպանության ֆոնդ ստեղծելու համար երկրում ծավալված շարժմանը: Ստեփանակերտի ուսուցիչները պաշտպանության ֆոնդին փոխանցեցին 33.646 ռուբլի, իսկ աշակերտները 9.000 ռուբլի մտցրին տանկային շարասյան ֆոնդ եւ ռազմաճակատ ուղարկեցին 68 նվեր-ծանրոց: Լեռնային Ղարաբաղի աշակերտները տանկային շարասյան ֆոնդը հարստացրին 1.526.000 ռուբլով, որից Ստեփանակերտից` 410.000 ռ., Մարտակերտից` 420.000 ռ., Մարտունիից` 300.000 ռ., Հադրութից` 305.000, Շուշիից` 90.000 ռ.: Աշակերտներից հետ չմնացին նաեւ կոմերիտականները՝ փոխանցելով 2.800.000 ռ., 1268 գ. ոսկի, 400 կգ. արծաթ: «Սովետական Ղարաբաղ» թերթը 1945թ. մայիսի 15-ի համարում հրապարակեց Ի.Ստալինի հեռագիրը, որում նա շնորհակալություն է հայտնում Խաչմազ գյուղի կոլտնտեսության նախագահ Հայրապետյանին եւ սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար Պետրոսյանին` «Նելսոն Ստեփանյան» ավիաէսկադրիլիայի կառուցման ֆոնդին 50.000 ռուբլի եւ 54.000 ռուբլու արժողությամբ պետական բաժնետոմս փոխանցելու համար: Այդպիսի օրինակները բազմաթիվ էին: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից պաշտպանության ֆոնդին փոխանցվել է 42.000.000 ռուբլի, 6 կգ. ոսկի, 600 կգ արծաթ, 473.124 կգ. եւ 24.000 կգ. գունավոր մետաղ եւ այլն:
Պատերազմի առաջին շրջանում Ստեփանակերտի եւ Շուշիի մշակույթի տները վերածվեցին զինվորական հոսպիտալների (թվով երեքը), որտեղ վիրավորների 73% բուժվեց եւ վերադարձավ ռազմաճակատ: Սրտառուչ էր մարզի դպրոցականների շեֆությունը հոսպիտալների վրա: Նրանք կարճ ժամանակում վիրավոր զինվոր մարտիկներին ուղարկեցին 40.000 ռուբլի կանխիկ դրամ, 762 լիտր սպիրտ, 6.000 հատ ասեղ, 400 հատ թաշկինակ, 45 տոննա դեղաբույսեր եւ այլն:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց կարեւոր ներդրումն են ունեցել նաեւ ծնունդով արցախցի շատ հայտնի գիտնականներ: 1940-1948թթ. սոցիալիստական աշխատանքի հերոս Ի.Տ.Թեւոսյանը եղել է ԽՍՀՄ սեւ մետաղագործության ժողկոմ, հայտնի քիմիկոս, ինժեներական ծառայության գեներալ-մայոր Ի.Լ.Կնունյանցը` Գլխավոր շտաբի փորձագետ: Էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրամեխանիկայի բնագավառում հայտնի գիտնական Ա. Ի. Իոսիֆյանը Մոսկվայում N 627 գաղտնի գործարանի տնօրենն էր, որտեղ ռազմաճակատի համար արտադրվում էին տորպեդներ, ռադիոկայաններ: Ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Ս.Հ.Աղաջանովը կործանիչ ինքնաթիռներ թողարկող N 21 ավիացիոն գործարանի տնօրենն էր, հրետանու գեներալ-մայոր Ե.Ա.Ղուլյանը` N 235 հրետանային գործարանի տնօրենը եւ այլն:
Ռազմաճակատում կռվող քաջազունների մարտական սխրագործությունների հետ թիկունքայինների կատարած անձնվեր աշխատանքի միաձուլման շնորհիվ կերտվեց բաղձալի հաղթանակը:

ԼԻԼՅԱ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Պատմության էջերից


19/05/2011