ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
«Դուք մեզ տվեցիք դաստիարակված, ուժեղ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված զավակ, մենք ձեզ կարողացանք վերադարձնել ազգի հերոս»:
ԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Գեներալ-մայոր
Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց ինստիտուտի շրջանավարտ, 2014թ. օգոստոսին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված կապիտան (հետմահու) Զորիկ Ժիրայրի Գևորգյանի անվան լսարանը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Զորիկ Գևորգյանի հարազատները, ինստիտուտի սպայական կազմի ներկայացուցիչներ, կուրսանտներ:
Հետախուզության մասնագիտական լսարանը կահավորված է հետախույզի պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական. դիտողական նյութերով: Մասնագիտական ցուցապաստառների կողքին Զորիկի մեծադիր նկարն է՝ նրա խոսքերը, անցած ճանապարհը: Այսինքն՝ ապագա հետախույզների համար կապիտան Զորիկ Գևորգյանի անձնուրաց ծառայությունը պետք է օրինակ ծառայի շատերի համար:
Լսարանի կահավորմանը ծանոթանալուց հետո հրավիրվածները ռազմական ինստիտուտի դահլիճում մասնակցեցին Զորիկի հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթին: Ինստիտուտի կուրսանտների կատարմամբ հնչեցին երգեր, բանաստեղծություններ: Հուզիչ էր հատկապես այն պահը, երբ աղջիկներից մեկը, մարմնավորելով հերոսի մորը` տիկին Հերմինեին, պատմեց Զորիկի մանկության, ծառայության օրերի իր ապրումների մասին:
-Ես շատ էի նրա վրա դողում, շատ էի սիրում, շատ էի կապված ու հիմա շատ եմ կարոտում: Ինձ մի բան է մխիթարում՝ նա հիմա մենակ իմը չէ, իմ ժողովրդինն է, այն ժողովրդինը, որին շատ էր սիրում: Ես հպարտ եմ իմ հերոս զավակով,- այսպես իր զգացմունքներն արտահայտեց տիկին Հերմինեն:
Ամփոփելով միջոցառումը՝ ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշեց.
-Նրա ապրած կարճատև կյանքը և գործած սխրանքը սերունդներ է դաստիարակելու, նրա անձնական օրինակը ոգևորելու և պարտավորեցնելու է ծառայել այնպես, ինչպես ծառայել է կապիտան Զորիկ Գևորգյանը: Նրա անունը գրանցված է ռազմական ինստիտուտի Պատվո գրքում: Նա հավերժ զինվոր է ու հավերժ մեր շարքերում է:
Շնորհակալությո՛ւն, Զորիկի՛ ծնողներ: Դուք մեզ տվեցիք դաստիարակված, ուժեղ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված զավակ, մենք միայն կարողացանք վերադարձնել ձեզ ազգի հերոս: Թող գոնե այս գաղափարը սփոփի ձեզ, իմաստավորի ձեր կյանքը:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #26 (1095) 9.07.2015 – 15.07.2015, Ազգային բանակ