ՊՍԱԿ
Ի՞նչ է պսակը։
– Պսակը այր ու կնոջ ամուսնության խորհուրդն է։
Ինչո՞ւ է ամուսնությունը խորհուրդ։
– Որովհետեւ այր եւ կնոջ միավորությունը օրհնվում եւ կնքվում է Աստուծո անունով. «Աստուծո միացրածը մարդը թող չբաժանի» [Մատթ. ԺԹ 5-6]։
Պողոս առաքյալը այր եւ կնոջ ամուսնական միավորությունը նմանեցնում է Քրիստոսի՝ Իր Եկեղեցու հետ միությանը։
Եվ իսկապես, մարդկային ցեղի մաքուր եւ առողջ աճը, Քրիստոսի Եկեղեցու բարգավաճումն ու պայծառությունը կախված են օրինավոր ամուսնության արդյունքից։ Եվ որովհետեւ Քրիստոս եւ Իր Եկեղեցին իբրեւ մեկ մարմին նույնացած են, հարկ է, որ ամուսնացողները, իբրեւ աստվածային պատվերը («աճեցե՛ք եւ բազմացե՛ք») կատարողներ, կատարելապես գիտակ եւ հավատարիմ լինեն իրենց միավորման ուխտին եւ նպատակին։ Երկու էակների միությունն ինքնին խորհրդավոր է, եւ Եկեղեցին այն դարձրել է յոթ խորհուրդներից մեկը՝ հիմնվելով աստվածային պատգամի եւ օրհնության վրա։
Ուրիշ ի՞նչ կարելի է ասել այս խորհրդի մասին։
– Ամուսնությունը հիմնված է ողջախոհության վրա, որովհետեւ նրա նպատակը որդեծնությունն է։ Այր եւ կին, իբրեւ իրենց Եկեղեցու ճշմարիտ անդամներ, պետք է մաքրակենցաղ լինեն, որպեսզի իրենց միությունն արդյունավոր լինի, տուն, ընտանիք կազմվի, եւ Եկեղեցին զորանա նոր ուժերով։
Եվ որովհետեւ ամուսնությունը հիմնված է ողջախոհության վրա, այր ու կին պետք է զգուշանան բղջախոհությունից եւ չապականեն իրենց ամուսնական միության սրբությունը պոռնկությամբ եւ շնությամբ։
Ի՞նչ է ասում Պողոս առաքյալն այս մասին։
– Այո՛։ Եփեսացիների թղթում այր եւ կնոջ ամուսնական կյանքի պարտավորությունները եւ նրանց՝ իրար նկատմամբ պարտականությունները բացատրելիս նա ասում է. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով։ Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը։ Որովհետեւ ամուսինն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու, եւ Ինքն է Փրկիչը այդ մարմնի։ Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Այրե՛ր, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին եւ Իր անձը մատնեց նրա համար Ով սիրում է իր կնոջը, իրեն է սիրում: Սրա համար այրը պիտի թողնի իր հորն ու մորը եւ գնա իր կնոջ ետեւից, եւ երկուսով պիտի լինեն մեկ մարմին։ Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի եւ Եկեղեցու վերաբերյալ» [Եփես. Ե 21-23]։
Ինչպե՞ս է կատարվում Պսակի արարողությունը։
– Մեր Եկեղեցում Պսակ կատարելու իրավունքը քահանայինն է։ Պսակվողները գալիս են եկեղեցի։ Աստուծո եւ հանդիսությանը ներկա մարդկանց առջեւ քահանան նրանց հարցնում է՝ իրենց ազատ կամքո՞վ են եկել պսակվելու եւ, հաստատական պատասխան ստանալով, միացնում է նրանց աջ ձեռքերն ու ճակատները եւ խրատում, աղոթում, օրհնում նրանց միությունը։
Ամուսնական միությունը կարո՞ղ է քակվել կամ լուծարվել։
– Ինչպես որ Քրիստոս չի զատվում Իր Եկեղեցուց, այնպես էլ պսակված ամուսինները չեն կարող բաժանվել միմյանցից։ Ուրիշ խոսքով, ամուսնական միությունը սկզբունքորեն անլուծելի է։
Ըստ Ավետարանի՝ ամուսնալուծման օրինական պատճառ կարող է լինել միայն շնությունը։ Բայց Եկեղեցին վաղ ժամանակներից, նկատի առնելով ամուսնական կյանքում երեւան եկող մի շարք լուրջ պատճառներ, որոնք արգելք են դառնում ամուսնական միությունն իրագործելուն կամ խանգարում են այդ միությանը, ընդունել է ամուսնալուծությունը՝ միությունն արգելակող օրինական պատճառները քննելուց եւ ստուգելուց հետո միայն։
Որո՞նք են ամուսնության համար անհրաժեշտ պայմանները։
– Չափահասություն, կանոնական հասություն, դավանական եւ ազգային նույնություն, փոխադարձ հոժարություն եւ սեր։
Չափահասության տարիքը կախված է կլիմայից եւ երկրի օրենքներից։ Արբունքի չհասածները եւ անչափահասները չեն կարող ամուսնանալ։
Կանոնական հասություն նշանակում է ազգականական որոշակի աստիճան։ Իբրեւ առողջ սերունդ ունենալու պայման՝ ամուսնացողներն ազգականությամբ ու արյունով որքան հեռու լինեն իրարից, այնքան հարգած կլինեն Եկեղեցու կանոնները, որոնք հիմնված են առողջապահական սկզբունքների վրա։ Հին կանոններով՝ տղան յոթ պորտ, յոթ ճյուղ կամ յոթ աստիճան հեռու պիտի լինի այն աղջկանից, ում հետ ամուսնանում է։
Նախկինում նույնքան խիստ էին խնամիական եւ հոգեւոր ազգականության (սանահայրություն կամ կնքահայրություն) աստիճանները, բայց այժմ դրանք գրեթե անուշադրության են մատնված, եւ ուշադրություն է դարձվում միայն ազգականական կամ արյունակցական կապի աստիճանին։
Տղայի եւ աղջկա՝ միեւնույն դավանության եւ ազգության պատկանելը շատ կարեւոր է ընտանեկան կյանքի խաղաղության եւ երջանկության համար։
Իսկ ամուսնացողների փոխադարձ հոժարությունն ու սերը անհրաժեշտ պայմաններ են՝ ամուսնության բնական եւ բարոյական պարտականությունները կատարելու համար։ Միայն այս պայմանը հարգելով են խափանվում բռնի ամուսնություններն ու այլ անպատեհությունները։
Կարո՞ղ է ամեն օր Պսակ կատարվել։
– Ողջախոհության եւ բարեպաշտության հիմքերի վրա մեր Եկեղեցին կանոնադրել է, որ Պահոց եւ Տերունի օրերին Պսակ չօրհնվի, եւ հարսանիք չարվի։ Սա շատ գեղեցիկ է, եւ երանի՜ թե մեր Եկեղեցու զավակները կարողանային լիովին հարգել իրենց ազգային եւ եկեղեցական սովորությունները։
Ամուսնությունը կրկնելի՞ է։
– Այո՛, երբ կողմերից մեկը մեռնի, եւ երբ օրինական ամուսնալուծության հետեւանքով մեկ կամ մյուս կողմն արտոնված լինի նորից ամուսնանալու։
Եթե մարդը երկու անգամ կորցնում է կնոջը, եկեղեցական կանոնը թույլատրում է, որ նա երրորդ անգամ պսակվի։ Ավելին հակառակ է ոչ միայն կանոնին, այլ նաեւ բարոյագիտությանը։
Երբ ամուսիններից մեկը որեւէ պատճառով կորչի, ամուսնությունը լուծարվո՞ւմ է։
– Այո՛, եթե ամուսիններից մեկը կորչի, եւ յոթ տարի որեւէ լուր եւ տեղեկություն չլինի նրա մասին, մյուսը կարող է ամուսնանալ, եթե կամենա։ Եվ եթե յոթ տարի անցնելուց հետո կորած կողմը հայտնվի, նա ազատ է եւ կարող է ամուսնանալ ուրիշի հետ։
Դարձյալ՝ եթե ամուսիններից մեկը փոխի իր քրիստոնեական հավատքը կամ խախտի ամուսնական կյանքի միության եւ խորհրդի պայմանները, հոգեւոր իշխանությունը կարող է մարդասիրական հատուկ կարգադրություններ անել։
Ըստ Ավետարանի՝ պոռնկությունն ու շնությունը խախտում են ամուսնական միությունը եւ եղծում խորհուրդը, հետեւաբար ամուսնությունը լուծվում է, իսկ հանցավոր կողմը դատապարտվում եւ զրկվում է վերստին ամուսնանալու իրավունքից։
Եթե իրենց պսակի ապականության համար երկու կողմերն էլ մեղավոր են, կամ եթե երկու կողմերն էլ ֆիզիկապես եւ բարոյապես ընդունակ չեն եղել ընտանիք կազմելու եւ գայթակղությունների տեղիք են տվել, ամուսնությունը լուծվում է, եւ երկուսն էլ զրկվում են վերստին ամուսնանալու իրավունքից։
Ո՞վ է իրավասու լուծել ամուսնությունը։
– Հոգեւոր վերին իշխանությունը։ Եկեղեցին է պսակում, եւ Եկեղեցին էլ լուծում է պսակը։ Քահանան պսակում է Եկեղեցու անունով, բայց լուծել չի կարող։ Ամուսնությունը լուծելը հոգեւոր վերին իշխանության իրավասությունն է՝ օրինական քննություններ կատարելուց հետո, թե՛ ժողովների միջոցով, թե՛ ուղղակի։
Իսկ հոգեւոր իշխանությունը ներկայանում է եպիսկոպոսությամբ։ Նրանք, եթե առաջնորդական պաշտոն ունեն, կարող են զբաղվել ամուսնական խնդիրներով։ Բայց ամենից վերեւ կաթողիկոսն է, որ իշխանություն եւ իրավասություն ունի վերջին խոսքն ասելու եւ վճիռներ արձակելու՝ ամուսնական խնդիրներ լուծելու համար։
ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր