Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԴԱԼՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ



Բաքվում կայացած Եվրոպական առաջին մարզական խաղերում Հայաստանի առաջին եւ միակ (արծաթ) մեդալակիրը

Այս մեդալի համար երկար ու դժվարին ճանապարհ եմ անցել: Ինձ համար այնքան ուրախ չեմ, որքան իմ երկրի` Հայաստանի համար: Մենք Բաքվում ենք, այս հողում, կռվի ենք դուրս եկել, հաղթանակ գրանցել, կա այդ կռվի արդյունքը, կա մեդալ, քայլ է արվել, ապացուցվել է բոլորիս կողմից, որ մենք՝ հայերս, ուժեղ ենք, մենք կռվող ենք, մենք անվախ ենք:

Միհրան Հարությունյան

♦ Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ՀՀ հավաքականի անդամ:

♦ 2015 թ. Հայաստանի չեմպիոն:

♦ Մինչև 2014 թվականը հանդես է եկել ՌԴ դրոշի ներքո:

♦ Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո, եզրափակելով ուժեղագույն հնգյակը, Միհրանը դարձել է ՌԴ երեք մրցաշարերի հաղթող:

♦ 2014 թ. դեկտեմբերի 6-ից 7-ը ՌԴ Բառնաուլ քաղաքում կայացած միջազգային մրցաշարի բացարձակ հաղթող. անցկացրած չորս գոտեմարտերն էլ ավարտել է ժամանակից շուտ:

«Այսօր հաղթեցի Բառնաուլի մրցաշարում: Առջևում դեռ շատ աշխատանք, նպատակներ ու հաղթանակներ կան: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել ու հավատում են ինձ»:

♦ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորեկը, 66 կգ քաշային կարգում Հայաստանի նորընծա չեմպիոնը ազգային հավաքականում իր նորամուտը նշանավորեց օլիմպիական խաղերի բնօրրանում կայացած միջազգային մրցաշարում փայլուն ելույթով՝ նվաճելով գլխավոր մրցանակն ու, հատկապես, աշխարհի գործող չեմպիոն կորեացի Հան Սու Ռիյայի նկատմամբ համոզիչ և արժեքավոր հաղթանակ տոնելով:

«Անսահման ուրախ եմ ու հպարտ, որ առաջին անգամ միջազգային ասպարեզում կարողացա նման լուրջ, ծանրակշիռ հաղթանակի հասնել եւ բարձր պահել Հայրենիքիս պատիվը»:

♦ Եվրոպական առաջին խաղերի եզրափակչի ճանապարհին 25-ամյա Միհրան Հարությունյանը գետնեց իսպանացի Սանչես Նավարային, բուլղարացի Կոնստանտին Ստասին, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին և ադրբեջանցի Հասան Ալիևին: Մասնագետների բնորոշմամբ՝ նրա բոլոր մենամարտերն էլ տպավորիչ էին, իսկ ադրբեջանցու հետ գոտեմարտը` ամենից տպավորիչը: Գոտեմարտի սկզբում պարտվելով 0 : 3 հաշվով, հայ ըմբիշն այնուհետև բառիս բուն իմաստով մի քանի ֆանտաստիկ հնարք կիրառելուց հետո զգետնեց Ալիևին իր իսկ հողում` հաղթելով 7 : 3 հաշվով:

«Այդ գոտեմարտի ժամանակ տրիբունաներից հնչող սուլոցներն ու հայհոյանքները չլռեցին ոչ մի վայրկյան, սակայն ես անտարբեր էի այդ ամենի նկատմամբ: Եվրոպական առաջին մարզական խաղերին ես ժպիտով էի մտնում դահլիճ ու ժպիտով դուրս գալիս»:

♦ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ օրեր առաջ հրապարակած հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն 20 ըմբիշների դասակարգման աղյուսակում Միհրան Հարությունյանը 66 կգ քաշային կարգում եզրափակել է ուժեղագույն հնգյակը:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Հոգևոր-մշակութային, Մարզաշխարհ


16/07/2015