Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԲՈՒՖԵ՞Ր



Վրաստանի արտաքին քաղաքականության առանցքում շարունակում են վճռորոշ մնալ Թբիլիսիի և Մոսկվայի միջև փոխհարաբերությունները: Դրանցով են պայմանավորված՝ ռազմաքաղաքական ո՞ր դաշինքում կլինի Վրաստանը, կամ ինչպե՞ս Թբիլիսին կկառուցի իր հետագա հարաբերությունները տարածաշրջանային հարևանների հետ: Միաժամանակ՝ քաղաքական և տնտեսական ներկայիս իրավիճակն ստիպում է Վրաստանի քաղաքական վերնախավին ավելի հաշվենկատ լինել՝ պահպանելով երկրի ռազմաքաղաքական չեզոքությունը… Թեև Թբիլիսիի համար այլ սցենարներ են մշակվում:

Արևմտքում Վրաստանի համար երեք կարգավիճակ են ուրվագծում: Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում չեն բացառում, որ Վրաստանը կարող է քայլ առ քայլ հայտնվել Ռուսաստանի ազդեցության ոլորտում, առավել ևս, երբ Թբիլիսին ներկայումս տնտեսապես շահեկան վիճակում է Եվրասիական միության անդամներ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջանցիկ կարգավիճակի շնորհիվ: Երկրում ուժեղանում է Մոսկվայի ազդեցությունը, աշխուժացել են ռուսամետ ուժերը:

Ռուս-վրացական հարաբերությունների մեղմացման մասին է վկայում նաև այն փաստը, որ Թբիլիսիում սկսել են ավելի դրական արտահայտվել Աբխազիայով երկաթուղային կապի վերականգնման հնարավորության մասին:

Վրաստանի արևմտամետ ուժերի համար մեծ հարված էին մայիսի վերջին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ժամանակ հնչած հայտարարությունները, որ Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում դեռ չեն սպասում: Թեև Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավաստիացրեց, թե Վաշինգտոնը կշարունակի աջակցել Թբիլիսիին՝ եվրաինտեգրման և դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին, այնուամենայնիվ, Սոչիում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո այս վստահեցումները վրացի քաղաքական վերնախավի համար այնքան էլ հիմնավոր չեն:

Եվրասիական ինտեգրմանը մասնակցելուն, ռուս-վրացական հարաբերությունների վերալիցքավորմանը խանգարում է այն, որ Վրաստանը դեռ չի կարողանում ուշքի գալ Հարավային Օսեթիան և Աբխազիան վերջնականապես կորցնելու մտքից: Տնտեսական նոր հնարավորությունները դրդում են Վրաստանի ղեկավարությանը նոր որակի հարաբերություններ կառուցել նաև Հայաստանի հետ: Միաժամանակ, ռուս-թուրքական գազային գործարքը վրացիներին ստիպում է փոխել վերաբերմունքը Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմաքաղաքական և տնտեսական առանցքի նկատմամբ: Վրաստանն ավելի զգույշ է դարձել իր թուրք գործընկերների հետ հարաբերություններում: Ավելին՝ վերջին օրերին վրացական նախկին Զաքաթալա երկրամասի շուրջ լարվածություն է հասունացել վրացական և ադրբեջանական քաղաքական ու հասարակական վերնախավի միջև:

Արևմուտքում հասկանում են, որ Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում Վրաստանի վրա ավելի քիչ ուշադրություն դարձնելով, կարող են կորցնել այն: Միաժամանակ, վրացական ուղղությամբ մեծ ջանքեր չի գործադրում նաև Մոսկվան, կրկին զբաղված լինելով ուկրաինական թնջուկով: Այդ պայմաններում թե՛ Արևմուտքին և թե՛ Ռուսաստանին ձեռնտու է Վրաստանի չեզոք կարգավիճակը:

Սպիտակ տանը չեն թաքցնում, որ թեև հայտարարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին, բայց իրականում Վրաստանը պետք է «բուֆերային» դեր կատարի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այնպես, ինչպես Ուկրաինան, Բելառուսը և Ադրբեջանը:

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին ավելի կտրուկ է դարձնում կովկասյան տարածաշրջանում բաժանարար գծերը, և Վաշինգտոնում չեն ցանկանում, որ ՆԱՏՕ-ի սահմանները անցնեն ռուս-վրացական կամ հայ-վրացական սահմանով: Բացի այդ, Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին կստիպի նաև լուրջ պատասխանատվություն ստանձնել նրա տարածքային ամբողջականության պահպանման հարցում, բացահայտ առճակատման գնալ Ռուսաստանի հետ՝ հանուն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի: Եվ հենց այդ մտավախությունն է, որ արևմտյան գերտերություններին ստիպում է բավարարվել Վրաստանը որպես «չեզոք գոտի» դիտարկելու գաղափարով:

Բնական է, որ Արևմուտքը կշարունակի Թբիլիսիին ցուցաբերել անհրաժեշտ ռազմական, ֆինանսական և այլ աջակցություն, սակայն իրականում դա արվելու է զուտ որպես երաշխիք առ այն, որպեսզի Վրաստանը պահպանի գոնե իր ներկայիս սահմանները կամ ինքնիշխանությունը:

Միաժամանակ, Վրաստանի քաղաքական ղեկավարության մի մասը կարծում է, որ երկրի «չեզոքությունը» չի կարող երաշխավորել երկրի անվտանգությունը: Թեև այս գաղափարի կողմնակիցների թիվը տարի առ տարի հետզհետե նվազում է, բայց նրանց կարծիքը դեռ վճռորոշ է:

Ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանի համար Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կորստի գիտակցումը ժամանակի հարց է: Ազգագրական առումով ոչ միատարր Վրաստանի համար թեև այդ երկու երկրամասերը դեռ մեկ ընդհանրական համակարգի մաս են կազմում, սակայն վրացական վերնախավը լավ հասկանում է, որ վերադարձը 1990 թվականի սահմաններին հնարավոր կլինի միմիայն Մոսկվայի համապատասխան վերաբերմունքի շնորհիվ, թեև Կրեմլը երբեք հետ չի կանգնի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից: Բնական է, որ Թբիլիսիում բացառում են որևէ նոր ռուս-վրացական պատերազմ՝ գիտակցելով Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի գինը:

Հատկանշական է, որ Վրաստանի հարցում Մոսկվան զգուշավոր է նույնիսկ 2008 թվականի պատերազմից հետո: Ռուս Ուղղափառ եկեղեցին չշտապեց ներառել իր կազմում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ուղղափառ եկեղեցիները՝ թողնելով առայժմ Վրաց Ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ: Ըստ երևույթին՝ դա լրջագույն փոխզիջում է՝ գոնե կրոնագաղափարական հողի վրա: Բնական է, որ այդ գործոնը կարող է իր լուրջ դերակատարությունն ունենալ ռուս-վրացական հարաբերությունների լավացման հարցում:

Այսպիսով, մոտակա հինգ տարիների հեռանկարում Վրաստանը կպահպանի իր ռազմաքաղաքական չեզոքությունը՝ սևեռվելով միայն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման վրա:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Տարածաշրջան


16/07/2015