Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՈՔՐԻԿ ԿԱՊՈՑԸ»



Բենիկը ծառայում էր սահմանային զորամասերից մեկում:
Մի անգամ, երբ պատրաստվում էի զորամաս գործուղման մեկնել, զանգեցի տիկին Անահիտին և հարցրի թե ինչ հաղորդեմ Բենիկին:
– Մի փոքրիկ կապոց չե՞ք հասցնի Բենիկիս,- խնդրեց տիկին Անահիտը:
Ես Բենիկի ծնողներին՝ Միշա և Անահիտ Հարությունյաններին, չէի ճանաչում, սակայն լսել էի, որ առողջական խնդիրներ ունեն ու ամեն անգամ բարձրադիր գոտում տեղակայված զորամաս գնալ-գալը, հատկապես հայրիկի համար, դժվար էր, ուստի համաձայնեցի: Պայմանավորվեցինք հանդիպել «Հայ զինվորի» խմբագրությունում:
Երբ տիկին Անահիտը խմբագրություն մտավ, ու ես տեսա նրա ձեռքի պայուսակը՝ շփոթվեցի: Տեսնելով շփոթմունքս՝ տիկին Անահիտն իր բարի ու մեղմ ժպիտով սկսեց սեղանին շարել «փոքրիկ կապոցի» պարունակությունը՝ տարբեր չափի տարաներով մուրաբաներ, խաղող, միրգ, լավաշով փաթաթված հավ, քյաբաբ, բանջարեղեն, մի խոսքով՝ ամեն ինչ: Տիկին Անահիտը թվարկում էր ու այդ ամենը հատ-հատ շարում սեղանին: Ես ծիծաղում ու փորձում էի պատճառաբանել, որ այդ ծանրությամբ դժվար է տեղաշարժվել, դիրքից դիրք անցնել, սակայն տիկին Անահիտը սրտնեղում էր. «Խաղողն այս տարի է բերք տվել. դեռ Բենիկս մի հատիկ էլ չի կերել: Մուրաբաներն էլ արել-դրել եմ, ու մինչ իր գալը մնալու են, տղաս շատ է սիրում իմ, Լուսինե քրոջ պատրաստած մուրաբաները: Խնդրում եմ, մի մերժեք»:
Այսպես, խոսում էր, իսկ ես մտածում էի, թե ինչպես հրաժարվեմ, որ չնեղացնեմ զինվորի մորը: Իմ պատճառաբանություններից հետո տիկին Անահիտը վերջապես համաձայնեց 3 կգ-անոց մուրաբաներից գոնե մեկը հանել կապոցից:
– Ախր Բենիկս դասակի հրամանատար է, տղաների համար էլ եմ ուղարկում:
Տեսնելով զինվորի մոր այդ նվիրվածությունը, սերը՝ ես պատճառաբանելու այլեւս ոչինչ չունեի: Չնայած դժվարություններին՝ այդ ամենը հասցրի դիրքեր, Բենիկին ու իր ընկերներին:
Տղաները ուրախացել էին: Գուրգուրանքով բացում էին կապոցները, հիշում Անահիտ մայրիկի ժպիտը, իրենց մայրերին, իսկ Բենիկը ժպտալով ասաց.
– Էլի լավ ես պրծել, մեր մայրերին որ մնա՝ առանց իրենց զինվոր տղաների՝ երկու տարի հաց չեն ուտի:
– Էլ ո՞նց չարդարացնենք մեր մայրերի հույսերը,- ասաց տղաներից Արթուրը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #18 (883) 11.05.2011 – 18.05.2011, Հոգևոր-մշակութային


19/05/2011