Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ «ԿԵՆՍԱԳԻՐՆԵՐԸ»



Այդ օրը հագեցած էր ազգային հերոս Ջիվան Աբրահամյանով: Իր անունը կրող դպրոցում բացվում էր հերոսի կիսանդրին: Բավական մայրը, եղբայրները, մարտական ընկերները հուշ-պատառիկներ են պատմում նրա կյանքից:

-Երեք եղբայրն էլ՝ Պետրոսը, Արշակը, Ջիվանը, գնում էին կռիվ: Վազգեն Սարգսյանը հետ էր բերում ռազմադաշտից՝ նորից էին մեկնում: Կարծես եղբայրները քիչ էին՝ քույրն էլ միացավ նրանց: Դժվար էր, անչափ ծանր էր Բավական մայրիկի վիճակը: Վերջին անգամ ես Ջիվանին ճանապարհեցի ռազմի դաշտ: Չեմ մոռանում հայացքը: Կյանքում մաքուր էր, առաքինի, փորձառու էր, անվախ, իսկական հերոս՝ ես նրան փնտրում եմ ամենուր, ամեն օր, իմ բաժին ապրած այս կյանքում,- ասում էր Ջիվանի մարտական ընկեր Վարդան Կարապետյանը:

Հետո Վարդանի խոսքը շարունակում է Քեռին՝ Արամ Աբրահամյանը:

-Լա՛ո, ես թուրքին պարտք մնացի,- ասում էր հայրս,- Լա՛ո, մեր սերունդը պարտք մնաց ազգին, թե կարող եք, էդ պարտքը մարեք: Սիրեք ու ճանաչեք էս հողը՝ էս հողի վրա Վարդան է ծնվել ու Վասակ, Անդրանիկ է ծնվել ու Մերուժան, Նժդեհ է ծնվել ու Վեստ Սարգիս: Պիտի էնպես ապրես, որ հայրենիքը չխռովի քեզանից: Ծնող-երեխա կռիվը, վեճը լուծելի է՝ հայրենիքը որ խռովեց՝ էլ երբեք չի ների… Էսպես էր ասում հայրս, ու էդ ոգով էլ դուրս եկանք մարտի… Ի՜նչ երանելի օրեր էին՝ զենք չկար, էն չկար, էս չկար, սակայն ոգի կար, նվիրվածություն… Տղերքը խռովում էին, երբ իրենց չէին տանում կռիվ, առանց զենք էին գալիս-հասնում մարտադաշտ:

Էդպես էինք բոլորս, ազգովի: Էդպես էր մեր Ջիվանը, մեր հերոսը, մեր ամենահաս ու ամենաքաջ մարտական ընկերը… Ինքն էլ էր մշեցու զարմ ու ամեն անգամ լսելով հայրիկիս խոսքերը ՝ մեծ ոգևորություն էր ապրում,- վերհիշում էր Քեռին:

Գ.Շ.

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Պատմության էջերից


16/07/2015