Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ



1968թ. մայիսի 21-ին ԱՄՆ-ում Տ.Տ. Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «Բեւերլի» հիվանդանոցում բուժվող Միսաք Թոռլաքյանին, որը 1921թ հուլիսի18-ին Պոլսում սպանեց Բաքվի հայության գլխավոր ջարդարար Ջիվանշիրին։

Վեհափառը հիվանդի անկողնու մոտ աղոթում է նրա շուտափույթ ապաքինման համար։ Վեհափառի այցելությունն ու աղոթքը մեծապես մխիթարում են արդեն 80-ամյա վրիժառուի հայրենակարոտ սիրտը։ Իսկ թուրք հյուպատոսը բողոքում է, որ հոգեւոր առաջնորդը օրհնում է «ահաբեկչին»։ Բայց դա ամենեւին էլ չի խանգարում, որ 5 օր հետո Բոստոնում, երբ նշվում էր Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, Վեհափառի շքախմբում հայտնվի մեկ այլ հերոս նվիրյալ՝ բոստոնաբնակ Արշավիր Շիրակյանը, որի զարկից սպանվել էին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Սաիդ Հալիմը եւ Ջեմալ Ազմին…

Խոսելով ազգային արժեքների ու ցեղային առաքելությունների մասին՝ Վեհափառը բոլորին կոչ է անում լինել ազգի նվիրյալ զավակ, ինչպիսին Արշավիր Շիրակյանն է։

Ո՛չ ԱՄՆ-ում թուրք դեսպան Շյուքրի Էլեքդաղի բողոքները, ո՛չ էլ խորհրդային դեսպան Դուբինինի զգուշացումները չկարողացան արգելել արիասիրտ Վեհափառին, որ նա օրեր անց Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի արարողության ժամանակ հայրենիքի համար նահատակվածների շարքում հիշի արգենտինյան հողում հանգչող մեծանուն վրիժառու Արամ Երկանյանին…

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎՐԻԺԱՌՈՒՆ. ՄԻՍԱՔ ԹՈՌԼԱՔՅԱՆ

Ծնվել է 1888թ., Տրապիզոնի նահանգի Կյուշանա գյուղում: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում՝ կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբը, որը զբաղվել է նաեւ զենք ու զինամթերք հայթայթելով։ 1915-18 թթ. ծառայել է ռուսական բանակում՝ որպես հետախույզ։ Ռուսական բանակում ծառայելու ընթացքում Թոռլաքյանը պարգեւատրվել է Մարտական խաչով: 1918 թ. մայիսի վերջին նա այն առաջապահ ջոկատում էր, որը Դրոյի հրամանով Բաշ-Ապարանի ճակատամարտում սկսեց հարձակումը թուրքական զորքերի դիրքերի վրա:

1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ժիվանշիր խանին։ Անգլիական Ռազմական դատարանը դատել է Թոռլաքյանին եւ արդարացրել որպես անմեղսունակ՝ նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն։

«Այդ գործողության իրականացման պատիվն ընձեռվեց ինձ: 1921 թ. հուլիսի 18-ի երեկոյան երկու մեքենաներ կանգնեցին «Բերա Պալաս» հյուրանոցի մոտ, որտեղ ապրում էր Ջիվանշիրը: Երբ նա դուրս եկավ սրճարանից եւ գնաց հյուրանոցի ուղղությամբ, մարդկանց ամբոխի միջից ես մոտեցա նրան: Նա շատ բարձրահասակ էր: Այդ պատճառով ես կրակեցի ոչ թե նրա գլխին, այլ կողքին: Առաջին գնդակը նրան չտապալեց: Նա կարողացավ պինդ կառչել իմ ձեռքերից: Դրանով նա ինձ օգնեց, քանի որ դեպի ինձ թեքվեց կրծքով: Ես երկու անգամ կրակեցի նրա կրծքին: Նա ընկավ: Ես ցանկացա փախչել մոտակա գերեզմանոցի միջով, սակայն լսեցի Ջիվանշիրի ձայնը, որ օգնություն էր կանչում: Ես մտածեցի՝ «Նա դեռ չի մահացել, անհրաժեշտ է վերադառնալ եւ վերջ տալ նրան»: Նրա շուրջն արդեն հավաքվել էր 20-30 մարդ: Նրանք, երբ իմ ձեռքում զենք տեսան, մի կողմ քաշվեցին: Ես մոտեցա եւ մի գնդակ եւս ուղարկեցի նրա սիրտը…»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Դրոյի եւ Նժդեհի հետ Թոռլաքյանը մասնակցեց հայ զորամիավորումների ձեւավորմանը վերմախտի կազմում: Ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական եւ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները: Անձամբ ղեկավարել է պանթուրքիզմի տարածմանը եւ Կովկասի նվաճմանը վերաբերող թուրքական ղեկավարության գաղտնի փաստաթղթերի զավթման գործողությունը: Թուրքիայում ձեռք բերված փաստաթղթերը, որոնք ներկայացվեցին Ռոզենբերգին, պատճառ դարձան, որ ռեյխը չվստահի Թուրքիային որպես դաշնակցի: Դրանից հետո գերմանական ղեկավարությունը հրաժարվեց օգտագործել թուրքական բանակը Կովկասում: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել է Կալիֆոռնիա։

Մեծ հայորդին վախճանվել է Կալիֆոռնիայում, 1968 թվականին:

Տպագրության պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


16/07/2015