Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ՄԻ ՄԱՅՐ ՉԻ ԾՆԵԼ, ՍԱԿԱՅՆ ՄԻ ՕՐՈՐՈՑ Է ՕՐՈՐԵԼ…



Երկրային իր կյանքն ավարտեց «Սասունցիներ» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը` հայտնի Աֆոն, սիրելի Աֆոն: Նրա հոգին գնաց, որ միանա Խաչիկ Դաշտենցի Ռանչպարներին, գնաց, որ ննջի Մուշեղ Գալշոյանի Մարութա սարի ամպերին, գնաց, որ Վրեժ Իսրայելյանի հերոսի բերանով ի լուր աշխարհի մեզ ասի՝ «Աշխարհն առանց սասունցիների տխուր կլինի»:

Աֆոյի Արշակ հայրը Մեծ Եղեռնին Սասունի Գելիգուզան գյուղի բազմանդամ ընտանիքից փրկված միակ արու զավակն էր: Նա բնակություն հաստատեց Արագածոտնի Լեռնարոտ գյուղում: Ունեցավ 11 զավակ, որոնց անվանակոչել էր Եղեռնին զոհ գնացած իր հարազատների անունով: Աֆոն կրտսերն էր: Նա հրաշալի մարդ է, հրաշալի գիտնական` կենսաբանական գիտությունների թեկնածու: Իր ջոկատի մարտական ուղին մի անգամ նա հակիրճ այսպես ներկայացրեց. «Սասունցիներ» ջոկատի մարտական ուղին սկսվել է Սասունից և շարունակվում է դեպի Էրգիր, իսկ Էրգրի ճանապարհը անցնում է Արցախով»:

Աֆոյին տեսնելը, նրան լսելը եղել է իմ կյանքի երջանիկ պահերից: Եվ այդ հանդիպումներից ծնված նրա պատմությունները օրեր, ամիսներ խմորվել են իմ հոգում, և ծնվել է իմ գիրքը, որն ավաղ նա չտեսավ, սակայն կարդացել է մեքենագիր ամեն մի էջ:

Աֆոյի խոսքերը կդառնան թևավոր մտքեր, կանցնեն սերնդեսերունդ: Ես չեմ տեսել այնպիսի մտերմություն, ընկերություն, ինչպիսին Վրեժ Իսրայելյանի ու Ալֆրեդ Ներսիսյանի հոգևոր կապն էր: Նրանց մտերմությունը, զրույցները ինձ միշտ հիշեցնում էին Զորավար Անդրանիկին և Հովհաննես Թումանյանին: Երբ տիկին Գոհարի մահից հետո կյանքից հեռացավ Վրեժը, Աֆոն ասաց. «Մեկ տարի առաջ կորցրի կողակցիս, իսկ հիմա՝ սրտակցիս»:

Աֆոն ինձ հանձնեց Վրեժին գրած իր նամակը. «Վրեժ Իսրայելյանին

Վրե՛ժ, հայոց այբուբենը սովորելուց հետո ես անհետացա, մինչ օրս փնտրում եմ Մեսրոպ Մաշտոցին, սակայն, ինչքան փնտրում եմ, այնքան ավելի եմ կորցնում: Մեսրոպ Մաշտոցին փնտրելու ժամանակ ես անվերադարձ կորա: Շատ չարչարվեցի ինձ գտնելու, կարոտել եմ ինձ: Ուզում եմ ինձ գտնել ու հետս մի կուշտ խոսել: Բայց չեմ գտնում: Վրե՛ժ, էս աշխարհում միակ հույսս դու ես: Փնտրիր ինձ: Միայն մի խնդրանք ունեմ, որ գտնես, ինձ տեղյակ պահես»:

Դժվար է թերթի էջերում գրել այն ամենը, ինչ լսել եմ Աֆոյից, սակայն ուզում եմ մեջբերել արդեն թևավոր դարձած նրա մտքերից. «Սիրելի՛ Դավիթ, մեզ մի մայր չի ծնել, սակայն մի օրորոց է օրորել՝ հայրենիքի»: «Կարոտն է ծնում ոգի, իսկ ոգին ծնում է հաղթանակ»: «Երկրագունդը դեռևս չունի զենք, որ հաղթի արյան կանչին, Էրգրի կարոտին ու ոգուն»:

ԱՖՈՆ

Ալֆրեդ Ներսիսյանը երեք տարով մեկնել էր Մոսկվա` մոլեկուլյար գենետիկայի ինստիտուտ`դոկտորանտուրայի համար: Ապրում էր հյուրանոցում: Ապրիլի 24-ն էր: Հարևան սենյակներում բնակվողները զանգահարում են միլիցիա, թե հարևան համարում, որտեղ ապրում է Հայաստանից եկած մի երիտասարդ` տուրուդմբոց է, աղմուկ-աղաղակ, պատերն ուր որ է փուլ են գալու:

Ոստիկանության աշխատակիցների դեմ դուռը բաց էր, ու նրանք ներս են մտնում: Սեղանին կիսադատարկ կոնյակի մի շիշ է, կողքին թավաբեղ մի երիտասարդ` գլուխն առած ափերի մեջ, տխուր ու միայնակ: Տեսնելով ներս մտնողներին` Աֆոն հրավիրում է նրանց սեղանի մոտ, ապա նորից խրոխտ ոտքի ելնելով շարունակում է իր պարը` «Յարխուշտան»` ձեռքերը վեր պարզած խոյանալով դեպի ոստիկանները: Ոստիկաններն ընկրկում են` հետո զարմանքով սկսում դիտել: Ափերն իրար զարնելով, պտտվում է, կռանում, ապա մոտենում է դիմացի պատին ու ողջ ուժով հարվածում: Այսպես շարունակվում է սասունցի երիտասարդի պարը: Դեպքը պատահել է խորհրդային տարիներին, երբ աշխարհն անտարբեր էր հայի ցավին, և այդ ցավին խուլ ու անձուկ էին աշխարհի խիղճն ու սիրտը: Երբ սկսվեց արցախյան ազատագրական պայքարը` Ալֆրեդ Ներսիսյանի կազմավորած «Սասունցիներ» ջոկատը դուրս եկավ նախնյաց վրեժը լուծելու:

Ծնողները գաղթել էին Սասունից: Ցավը, կսկիծը փոխանցվել էր որդուն, իսկ իրենք հեռացել, գնացել էին ծննդավայր: Որդին դուրս էր եկել նախնիների վրեժը լուծելու: Ներքևում ազերիների դիրքերն էին: Հրամանատարն ամեն այգաբացի հասակով մեկ կանգնում էր բարձր ժայռին ու ձայնում.

-Է~յ, ասկյար, քո վերջին օրն է, նամազդ արա…

Արևագալի հետ Աֆոյի` Ալֆրեդ Ներսիսյանի ձայնը կախվում էր ծերպերից, ժայռերից, լցվում թավշապատ անտառներն ու ձորերը: Իսկ արձագանքն ասես իր հետ բերում էր Սասնա քար ու ժայռին մամռոտած Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Գևորգ Չաուշի ձայները:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԻ ՄԵԿ ԳԻՇԵՐԸ

-Ազատագրված հողի բույրն ու համը, գույնն ու ձայնը և վերջապես կարոտը զգալու համար պետք է ազատագրելուց հետո մի գիշեր քնես այդտեղ, լինի բնակավայր, թե ամայի տարածք,- խորհում էր Ալֆրեդ Ներսիսյանը` Աֆոն: -Այդ զգացողությունը ես ունեցա Նյուվադիից հետո։ Բլրակին մի տուն կար, որտեղ էլ գիշերն անցկացրինք գեներալ Գրիգոր Գրիգորյանի հետ, որը լսելով, որ մեր ջոկատը պետք է իրականացնի Նյուվադիի ազատագրումը՝ սար ու ձորերով, արնոտած ոտքերով եկել-հասել էր մեզ: Խաղաղ գիշեր էր: Մարել էին բոլոր կրակոցների ձայները, ասես չէին էլ եղել: Գիշերվա լռության մեջ խորհրդավոր ձայնով լսվում էր Արաքսի ջրերի ձայնը, ինչպես են ձկները խայտում, պոչերով ալիք տալիս: Ինչպես են կռանում ծառերը, կամ ինչպես են ճաք տալիս նռները: Ինչպես է ծիծեռնակը քնեցնում իր անհնազանդ ձագերին, կատուն ինչպես է քնում այդ ձայների լռությունից հետո: Ինչ է հարցնում քամին Արաքսի եղեգներին և լռում` ականջը պատասխանի, լսում ես ջարդված խաչքարի ճիչը, զգում ցավը:

Ասացի՝ պետք է մեկ գիշեր քնես ազատագրված հողին, սակայն չես կարող քնել, պիտի ողջ գիշեր արթուն մնաս ու լսես այն հարազատ, մոռացված ձայները` քարի, սարի, առվի, ծիծեռնակի, ծառի, եղեգնի, որոնք վաղուց լռել էին կամ լսող, ականջ դնող չունեին, սրտացավ չէին:

Ու երբ բացվում է առավոտը, դու ասես նոր ծնունդ ես առնում, ասես էլ առաջվանը չես` զորեղ ես, զորացած, հոգեպես հարստացած և հայրենիքի զգացողությունը նորովի ընկալած:

ՄԱՐԱԹՈՒԿ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ

Ծերությունն ու հիվանդությունը Արշակ պապին գամել էր անկողնում: Հարազատները, գյուղացիները շրջապատել էին նրան ու հայացքները հառել ծերունու դեմքին: Լուռ էր, ինքնամփոփ, մտքով նորից հասել էր Սասնո Գելիգուզան գյուղը, իր ծննդավայրը, որտեղ անցել էր իր մանկության երանելի պահերը, և սակայն ամեն մի լուսավոր պահ գալիս ու ընդհատվում էր դաժան մի տարեթվով:

Երբ ներս մտավ կրտսեր զավակը` Ալֆրեդը, ու քայլեց դեպի մահճակալը` ծերունու դեմքին ժպիտ նկատվեց: Ալֆրեդ Ներսիսյանը Արշակ պապի տասնմեկերորդ զավակն է` ամենափոքրը:

-Հայրի՛կ, վաղը ջոկատով մեկնելու ենք կռվի` թուրք ասկյարը նորից գլուխ է բարձրացրել:

Մինչ այդ անխոս ու հանգիստ ծերունու հայացքը մեկեն բոցավառվեց և պատանու առույգությամբ իջնելով մահճակալից՝ ընդառաջ գնաց որդուն, համբուրեց ճակատն ու կտրուկ շուռ գալով քայլեց դեպի պատը` իջեցրեց գլխավերևում պատից կախ «Մոսին» հրացանը, երկու ձեռքով ամուր բռնած սեղմեց կրծքին, ապա ծնկի եկավ, համբուրեց ու հանձնեց որդուն: Որդին նույնպես ծնկի եկավ, համբուրեց զենքը:

-Էս «Մոսին» իր կռիվը կիսատ թողեց, իմ հոր, իմ պապի, իմ փոխարեն զարկ ասկյարին: Մեր մուրազն ի կատար ածի, հավատդ` անսասան, բազուկդ` ամուր, Մարաթուկ քեզ օգնական, գնա՛, զավա՛կս:

Մահճակալի կողքին կանգնած էր ճերմակ մազերով, շապիկ վարտիքով ծեր սասունցին` երջանիկ ժպիտը դեմքին: Պահն այնքան հուզիչ էր, ազդեցիկ, որ հավաքվածների դեմքերին, չնայած հուզմունքին, զգացվում էր զսպված հիացմունք ու ոգևորություն: Ծերունին երանելի ժպիտը դեմքին քայլեց դեպի մահճակալը: Արագածի փեշերի փոքրիկ գյուղը անէացել էր, ու ծեր սասունցու հայացքի դեմ պատկերվել էր Սասնա բարձրիկ լեռներին թիկնած ծննդավայրը:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ճակատագրեր


16/07/2015