«ՀԱՅ ԱՍՊԵՏԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է…
Օրերս ՀՀ ՊՆ Հասարակական խորհրդի անդամները եղան Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղակայված զորամասերում, ինչպես նաև ԼՂՀ մի շարք այլ զորամասերում: Այցերի հիմնական նպատակն էր ծանոթանալ զորամասերում գործող «Հայ ասպետ» ակումբների կատարած աշխատանքին, ինչպես նաև պարզապես զրուցել զինվորների հետ: Հասարակական խորհրդի անդամները այցելեցին նաև գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Նրանք շրջեցին զորամասի տարածքում, եղան գրադարանում, ապա զրուցեցին ակումբի անդամներիս` ժամկետային զինծառայողներիս հետ: Զինվորները մեկ անգամ էլ կարևորեցին «Հայ ասպետ» ակումբի դերը ինչպես զինվորների ինքնակրթության, այնպես էլ հայրենասիրական ոգու բարձրացման գործում:
Հանդիպման ընթացքում ես ինքս՝ «Հայ ասպետ» հեռուստախաղի հեղինակ և վարող Երվանդ Մելքումյանս, մի քանի հարցով դիմեցի տիկին Կարինե Տոնոյանին:
-Ինչպե՞ս ծնվեց «Հայ ասպետ» խաղի գաղափարը:
-Գիտեք, ես դժգոհում էի մեր երիտասարդներից, անընդհատ բողոքում, որ քիչ բան գիտեն, քիչ են կարդում: Մի անգամ էլ ինքս ինձ ասացի` դժգոհելու փոխարեն, ավելի լավ է, մի բան անես: Եվ գործի անցա: Նախ՝ դիմեցի իմ ծանոթներից մեկին, որը դպրոցի տնօրեն էր, խնդրեցի ինձ տրամադրել 20 աշակերտների: Նրանց հետ սկսեցի պարապել, հայրենասիրական երգ ու պար սովորեցնել, ապա կազմակերպեցի էքսկուրսիաներ ու արշավներ պատմական վայրերով: Այսպես սկսվեցին դպրոցական, բուհական ու բանակային խաղերը: Այսպես ծնվեց «ՀԱՅ ԱՍՊԵՏԸ»: Հիմա արդեն հազարավոր ասպետներ ունենք:
– Տիկին Տոնոյան, սկսվում է ամենամյա համաբանակային «Հայ ասպետ» հեռուստախաղը, և մեր զորամասը ևս մասնակցում է նախընտրական փուլի խաղերին: Կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս է կազմակերպվում մասնակցության գործընթացը:
– Մենք ԶՈՒ բոլոր զորամասերին ուղարկում ենք նախընտրական փուլի համար անհրաժեշտ գրականությունն ու նյութերը: Թիմերը նախընտրական փուլից անցնում են կիսաեզրափակիչ, ապա եզրափակչում պարզ է դառնում հաղթողը:
Հանդիպման ավարտին մենք շնորհակալություն հայտնեցինք զորամաս այցելության և հետաքրքիր զրույցի համար եւ խոստացանք, որ ըստ արժանվույն կպատրաստվենք` հետաքրքիր ու դիտարժան խաղ ցույց տալու համար:
ԵՐՎԱՆԴ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
«Հայ ասպետ» ակումբի անդամ
կրտսեր սերժանտ