Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐԱԿ



Լիդերությունը այն հարցերից է, որոնց բազմիցս անդրադարձել են հոգեբանական և մանկավարժական գիտությունները, ինչպես նաև մարդկանց խմբերին կառավարելու տարբեր խնդիրներով զբաղվող գիտությունները:

Գիտական աշխարհում գոյություն են ունեցել ամենաբազմազան մոտեցումներ, մասնավորապես՝ այն հարցին, թե ինչպես են առաջ գալիս լիդերները խմբում: Իսկ ինչպես պաշտոնական լիդերը կարող է իրական լիդերի` խմբի կողմից որպես այդպիսին ընդունված, հեղինակություն վայելող անձի նշանակություն ձեռք բերել իր ենթակայության տակ գտնվող կոլեկտիվում:

Խմբում լիդերի առաջացման խնդրադրմանը կան տարբեր մոտեցումներ: «Խարիզմատիկ տեսության» կամ «գծերի տեսության» (Կ. Բերդ) համաձայն՝ լիդերը տիրապետում է որոշակի բնածին անձնային որակների ամբողջության, որոնք դրսևորվում են խմբի առանձին անձանց մեջ:

Հաջորդ մոտեցումը, որը քննարկվում էր, «լիդերության իրադրային տեսությունն» էր, ըստ որի՝ լիդերը այն անձնավորությունն է, որը որոշակի իրադրություններում տիրապետում է այն անհրաժեշտ որակներին, փորձին, ընդունակություններին, որոնք նրան հնարավորություն են տալիս տվյալ իրադրության մեջ առավել արդյունավետ լուծումներ գտնելու, քան խմբի մյուս անդամները: Ընդ որում, կախված իրադրության բնույթից, լիդերները կարող են տարբեր լինել, ինչպես, օրինակ` ոգեշնչող լիդեր, կատարող լիդեր, գործնական լիդեր, հուզական լիդեր և այլն:

Այս երկու մոտեցումների թույլ կողմերը հաշվի առնելով` Ե. Հարթլին առաջադրեց երեք «մոդելներ»` հիմնավորելու այն փաստը, թե ինչու, այնուամենայնիվ, որոշ անձինք դառնում են լիդեր, իսկ ուրիշները` ոչ: Առաջին` նա մատնանշում էր այն փաստը, որ եթե ինչ-որ մեկը որոշակի իրադրությունում դարձել է խմբի լիդեր, ապա բացառված չէ, որ մեկ այլ իրադրությունում նա նորից լիդեր դառնա (ինչը անտեսվում էր իրադրային տեսության մեջ): Երկրորդ` խմբային կարծրատիպերի ազդեցության տակ մի իրադրության մեջ իրենց որպես լիդեր դրսևորած անձինք խմբի կողմից ընկալվում են որպես «ընդհանրապես» լիդերներ:

Եվ երրորդ` առանձին մարդկանց ներհատուկ է «դիրք փնտրելը», որի հետևանքով նրանք իրենց այնպես են դրսևորում, որ նրանց «տալիս են» այդ դիրքերը: Այս տեսությունը անվանվեց «համակարգային տեսություն» և մեծ ճանաչում գտավ գիտնականների շրջանում:

Սպան ի պաշտոնե լիդեր է, ղեկավար: Եվ այն խումբը, որի ղեկավարն է դառնում նա, նույնպես առանձնահատուկ կոլեկտիվ է: «Զինվորական կոլեկտիվ» հասկացությունը կարելի է սահմանել հետևյալ կերպ. սահմանադրորեն միավորված միատեսակ և միևնույն գործողությունը ծավալող մարդկանց խումբ, որի գործունեությունը բխում է հասարակական պետական շահերից:

Բանակը, ամբողջությամբ վերցրած, կոլեկտիվ է, որն իր հերթին կազմված է տարբեր մասշտաբի ավելի փոքր կոլեկտիվներից: Ընդհանրապես, ընդունված է զինվորական կոլեկտիվների բաժանման հետևյալ կարգը` սկզբնական կոլեկտիվներ, որոնց թվին են պատկանում ջոկը, վաշտը և դրանց հավասարեցված մյուս ստորաբաժանումները, միջին կոլեկտիվներ, որպիսիք են գումարտակները և դիվիզիոնները, ինչպես և բարձր կոլեկտիվներ, որոնց թվին են պատկանում զորամասերը, ապա և` նրանց կառավարման մարմինները (շտաբներ, վարչություններ): Մեր հետազոտության շրջանակներում հատուկ կարևորել ենք սկզբնական և մասամբ միջին կոլեկտիվների ղեկավարների` կրտսեր հրամանատարների մասնագիտամանկավարժական համակարգված պատրաստության դերը: Նշված կոլեկտիվները կազմող անձինք, ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ ապրում և գործում են անմիջական միջանձնային փոխհարաբերությունների պայմաններում: Նրանց գործունեությունը կրում է կոլեկտիվ բնույթ` զինվորական ուսուցման, կենցաղի, մարտական հերթապահության և այլ իրավիճակներում: Զինվորական ստորաբաժանումները կայացման ընթացքում ձևավորում են յուրահատուկ կոլեկտիվ հոգեբանություն, որը կարգավորում է մարտիկների համատեղ կյանքը և գործունեությունը:

Կանգ չառնելով զինվորական կոլեկտիվի առանձին խնդիրների քննարկման վրա` նշենք, որ այն (կոլեկտիվը) ունի հսկայական դաստիարակչական հնարավորություններ: Նշենք այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են զինվորական կոլեկտիվներին.

1. Զինվորական կոլեկտիվին բնորոշ է յուրահատուկ գլխավոր մի նպատակ` պետության պաշտպանության իրականացումը: Ընդ որում, այս խնդրի լուծումը իրականանում է զենքի կիրառմամբ:

2. Զինվորական կոլեկտիվներում ծառայողամարտական հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ ԶՈՒ համազորային կանոնադրություններով:

3. Զինվորական կոլեկտիվը զինված անձանց խումբ է:

4. Զինվորական կոլեկտիվներում նախատեսված է ուղղահայաց ղեկավարման համակարգ, որում կոլեկտիվի անդամները ծառայողական հստակ ենթախմբերի են բաժանված, որոնք էլ կարգավորում են նրանց պարտականություններն ու իրավունքները:

5. Զինվորական կոլեկտիվներին բնորոշ են գործունեության հարաբերական միատեսակությունը և կայունությունը:

6. Զինվորական կոլեկտիվի նշանակալի մասի անջատվածությունն ընտանիքից, հարազատներից:

7. Տարբեր հասարակական խավերի ներկայացուցիչների առկայությունը զինվորների շրջանում:

8. Զինվորը և կրտսեր սպան սովորաբար գրեթե տարեկիցներ են և այլն:

Նշված բոլոր առանձնահատկությունները լրացուցիչ բարդություն են առաջ բերում կրտսեր սպայի` ստորաբաժանումում որպես լիդեր իր դերի հաստատման համար և նրանից պահանջում են ղեկավարման միջոցների, մեթոդների և մոտեցումների բավականին հմուտ գործելաոճ, մեծ ճկունություն:

«Ղեկավարելու ունակությունը սպայի կարևոր գծերից է: Բանակում մարդկանց փոխհարաբերությունները հնարավոր չէ ղեկավարել միայն կանոնադրություններով ու որոշումներով»` կարդում ենք Ռ. Ղամբարյանի հոդվածում («Հայկական բանակ», 1995թ.,N1): Եվ, իրոք, սպա-հրամանատարի մասնագիտամանկավարժական աշխատանքը զորքերում չի կարող հանգել միայն չոր, կանոնակարգված ղեկավարման: Այն բազմազան և դինամիկ աշխատանք է պահանջում զինվորական կոլեկտիվի ղեկավարից: Կանոնադրային պահանջները պետք է խորապես հասկանալի և ընդունելի լինեն ենթակաների համար: Միայն այս դեպքում կիրականանա արդյունավետ ուսուցման և դաստիարակության գործընթացը:

Շարունակելի

Քնարիկ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Ազգային բանակ, Սոցիալ-իրավական


16/07/2015