Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Ես կատարյալ մոլորության մեջ էի, զգալով անօգնականությունս, դրանից էլ հոգուս խորքում սարսափելի հուզվում էի, ինքս ինձ հուսադրելով, թե ուր որ է՝ կկենտրոնանամ, դուրս կգամ չգիտակցված վախի հոգեվիճակից, որպեսզի հավաքեմ մտքերս և վերջապես մի ինչ-որ հոդաբաշխ խոսք արտաբերեմ։ Բայց ծիծաղելի, նվաստ երևալուս թերարժեքության բարդույթը մեջս դարձյալ գլուխ բարձրացրեց, ուստի ուզեցի, առանց ձայն-ծպտուն հանելու, հեռանալ՝ ուշ չդարձնելով գեղեցկուհու պարտադրող խոսքին։

– Չլսվա՛ծ բան է, մենք նույնիսկ իրար չենք ճանաչում, իսկ դու փախչո՞ւմ ես ինձնից,– թևքիցս բռնելով՝ պոռթկաց «մերժված սրտերի» տիրուհին՝ չհաշտվելով իր իսկ մերժված լինելու մտքի հետ։– Լսի՛ր, գուցե դու խուլ ու հա՞մր ես կամ էլ ոչ մի բառ չե՞ս հասկանում. հազար ափսո՜ս, իսկ ես քեզ ուզում էի խնդրե՜լ…,– վրա բերեց տարակա տոնով։

Սիրտս պատեպատ էր զարկվում, գետինը փլուզվում էր ոտքերիս տակ. և հասկանալով, որ հապաղելն այլևս անդառնալի կլինի, որ երբեք ինքս ինձ չեմ ների իմ այս ատելի խեղճության համար՝ կանչեցի նրա ետևից, երբ արդեն քայլ էր արել դեպի ելքի դուռը։

– Իսկ ի՞նչ է որ…

Մարիան խանդավառ շրջվեց և իսկույն էլ շողացրեց հաղթական հայացքը։

– Ա՜, բռնվեցի՞ր, ուրեմն դու ասո՞ւն ես. ամեն ինչ հասկանում ես և լավ էլ խոսե՛լ գիտես։ Դե որ այդպես է՝ օգնի՛ր ինձ, խնդրում եմ, գլուխս ուղղակի պտտվեց, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել «Տրիստանը և Իզոլդան», գրադարանավարուհին ասաց՝ վերևներում է։

Անսալով գեղեցկուհու խնդրանք-հորդորին՝ կարողացա կարճ ժամանակում բազմաթիվ գրքերի կիտուկի միջից հանել նրա ուզածը, որի հայերեն թարգմանությունը հաջորդ օրը ճարեցի ու մի շնչով կարդացի, քանի որ փափագում էի գոնե այդ կերպ հաղորդակից լինել գոռոզ աղջկա հոգում ծնվող ինտրիգներին, աշխարհզգացողությանը՝ ընդհանրապես, թեկուզև հենց միայն այն պատճառով, որ ինքս ինձ ստիպեի սառն ու անտարբեր լինել նրա նկատմամբ՝ «Այն, ինչ ես տածում եմ գեներալի դստեր նկատմամբ, հերյուրանք է, երևակայության մորմոք…»։

– Բայց ինչպե՞ս է, որ առաջ քեզ չեմ տեսել.– փորձում էր տրամաբանական հենքի բերել իր անտեղյակությունը։– Ի՜նչ թախծոտ են աչքերդ, ի՛նչ գեղեցիկ, տարօրինա՜կ է… Անունդ ի՞նչ է, դու հայկակա՞ն դասարանից ես…

Թե ինչն էր նրան տարօրինակ թվացել, գլխի էի ընկնում. ես դուրս էի մնացել ամենակալ պչրուհու ազդեցության ոլորտից, դրա համար էլ ենթարկվում էի սրտակեղեք հարցաքննության, որից ինձ ազատեց գրադարանավարուհու կարգուկանոնի հրավիրող ձայնը, որ հորդորոււմ էր «սիլիբիլի» չանել, ինչը նորից խթանեց ծլկելու տրամադրությունս, և ես անխոս չքվեցի՝ թողնելով Մարիային անորոշության մեջ։

9

Այս դեպքից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ինձ էլ կարծես ձեռքերիս վրա էին կանգնեցրել. ու թե առաջ դիվահարի նման փախչում էի նրանից, ուզում էի կոտրել ոտքս կամ ձեռքս, որ դպրոց չգնամ, որպեսզի չտեսնեմ-չլսեմ գեներալի աղջկան, ապա հիմա հայացքս ամենուր նրան էր փնտրում, քայլերս ինձ ինքնաբերաբար ուղղորդում էին դեպի այն վայրը, որտեղով անցել էր երազներիս թագուհին՝ 8-ի գ-ից։ Մարդկային «մոլություն» է. հոգու և մարմնի ամբողջ ուժով ձգտում ենք դեպի տառապանքի աղբյուրը, որը թերևս կործանարար լինի թե՛ հոգու և թե մարմնի համար՝ կարծելով, որ հենց ողբերգականն ու դրամատիկը չեն հերիքել մեզ, ինչին ձգտում ենք մեր կամքից անկախ՝ ողջ կյանքում, որպես ցմահ ցնորք։ Ես մի ձեռնասուն ուրվական էի, որ կրնկակոխ հետևում էր գեղեցկուհու անձնապաստան հետքին։ Միտքս՝ տենչում, իսկ մարմինս հալչում էր հրայրքից՝ «Ես քեզ սիրում եմ, Մարիա՛, ես սիրում եմ քեզ…», որ երբեք էլ չհայտնեցի նրան։

Նույնիսկ երկար թախանձանքի գնով մորս համոզեցի ինձ համար ակորդեոն գնել, որ հաճախեմ Սպայի տան երաժշտական խմբակ, որտեղ պանին առանձին դասարանում ջութակ էր պարապում։ Ես գիտակցում էի, որ ինքս իմ անպտուղ նախաձեռնության զոհն եմ, որովհետև գլուխս մտցրել էի, թե ես էլ գուցե կորսամ այն նվիրական մեղեդին, որն ինձ վեր կհաներ, կբարձրացներ նրա աչքին, կդարձներ նույնքան ցանկալի, որքան և ինքը… Զուր հույսեր, որոնք փշրվում էին ամեն քայլափոխի, բախվելով կարիքի անթափանց պատին, և չարժեին մորս տառապանքը, որի անքուն գիշերների դառը վաստակն ինձ պարգևեց «Վելդմայստեր Ստելլա» ֆիրմային կարմիր ակորդեոնը՝ ամենալավը, որ խորհրդանշումն էր հոռի հանգամանքների, այլ ոչ թե իմ երաժշտական տաղանդի։

«Папа, посмотри какие у него печальные глаза, какой трагичныи взгляд»,– մատնացույց արեց ինձ աղջիկը մի անգամ, հոր հետ կենտրոնական զբոսայգու ծառուղով թևանցուկ ճեմելիս, երբ ակորդեոնի ահագին ճամպրուկատուփը քարշ տալով՝ վերադառնում էի Սպայի տնից։ Եվ երբ, խոնարհաբար բարևելով, կամեցա շարունակել ճանապարհս, գեներալն անսպասելիորեն իր երկար, ուժեղ բազուկներով բռնեց ուսերիցս և կտրելով ինձ գետնից՝ բարձրացրեց-պահեց ուղիղ սևեռուն հայացքի դիմաց այնպես, կարծես փորձում էր դուրս վանել ինձնից չարքին, որն ինձ դժբախտ էր դարձնում։

– Դու քաղցա՞ծ ես, հա՞, գուցե քեզ նեղացնո՞ւմ են, ծեծո՞ւմ… Էդ ոչի՜նչ, բան չկա, կանցնի,– մտամոլոր գուշակելով՝ գեներալն ինձ դարձյալ դրեց ոտքերիս վրա՝ հավանորեն գլուխ չհանելով քաջքից։

Նա «կույր» էր, թեև կռահել էր այն բոլոր զրկանքները, որոնց ես ժամանակ առ ժամանակ իսկապես էլ ենթարկվում էի. ես և՛ քաղցած էի մնում, քանի որ մորս չարքաշ աշխատանքը վարձատրվում էր չնչին վճարով ու հազիվ էր հերիքում դպրոցական արտահագուստ և գրենական պիտույքներ գնելուն, և՛ դեռ բավական հաճախ էլ ծեծկռտուքի մեջ էի ընկնում, որովհետև, հասակ առնելով «հատակում», որտեղ երեխաները չափից դուրս շուտ են հասունանում, հայտնվել էի կյանքի հակառակ բևեռում, իսկ աղքատներին, հայտնի բան է, չեն սիրում ոչ մի հասարակարգում։ Ես վիշտ ունեի թաքցրած, որի համեմատությամբ ոչինչ էին մարմնական զրկանքն ու լլկանքը, ինչը չէր կարող հասու լինել անհաղորդ, կուշտուկուռ մեկին։ «…Էդ ոչի՜նչ, բան չկա… կանցնի…»:

Զրկված լինելով հայրական խնամքից՝ ձախողակ, բայց և բարեհոգի մարդու աջակցությունից, որի հետ մանկուց կապվել էի, մի տեսակ, անճարակ սիրով, ինչից էլ սնունդ էր առել իմ սարսափը հորս հանդեպ՝ խելահեղ հակումներով նրբազգաց մի հոգի, որ հաճախ կյանքի անարդարությունից կարճատև ցնորությամբ բռնված՝ կոտրված հավատով սպառնում էր կործանել աշխարհը՝ ինքն իրեն՝ վերջ տալու համար իր թշվառ գոյությանը՝ հույսի այն դյուրաբեկ կենտրոնը, որի շուրջը պտտվում էի ես, իբրև անհաստատ մի արբանյակ՝ վախենալով անհասցե կորչելուց այս դավադիր դարում, որն էլ, ի վերջո, խլեց նրան ինձնից (նա ինքնասպան եղավ)՝ թողնելով ինձ և մորս անապավեն, ծնողիս բացակայությունն զգացել եմ ամեն քայլափոխի՝ քուն թե արթուն՝ հորինելով հոր և որդու միջև խանդաղատանքի հիացական տեսարաններ, ինչպիսին գեներալի գթառատ վերաբերմունքն էր իր ցնծուհու նկատմամբ։ Ես նախանձով էի նայում երջանիկ զույգի բարեբախտ խաղին եւ հաճախ էի հեռվից թաքուն հետևում, թե ինչպես է չարաճճի աղջիկը մատի վրա խաղացնում հսկայամարմին գեներալին, որի անզուգական արտաքինը ցնցող տպավորություն էր գործում ինձ վրա։ Եվ այնժամ մարդկանց ուշադրությանն արժանանալու ցանկությունն ինձանում մոլուցքի էր հասնում. գլխավորն ինձ համար միմիայն փառքի ձգտումն էր, ճանաչված լինելը՝ ոչ այնքան շռայլ կյանք վարելու, որքան ստորին, թշվառ վիճակից մեկընդմիշտ ազատագրվելու համար։ Ես ինձ ներշնչել էի, թե իմ կյանքը չէր կարող սովորական, անփառունակ անցնել։

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Հոգևոր-մշակութային


23/07/2015