Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ



Հուլիսի 27-ին Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերից եկած զորակոչիկները մեկնեցին Ստեփանակերտի զինվորական հավաքակայան՝ համալրելու հայոց բանակի շարքերը, որտեղից էլ նրանք զորամասեր մեկնեցին վիճակահանության արդյունքներով:

Ըստ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի՝ զորակոչն ընթանում է ըստ պլանի: Ամսվա վերջին կկայանա ամառային զորակոչի վերջին փուլը: Զինկոմը տեղեկացրեց, որ նորակոչիկներից մեկ-երկուսը առողջական խնդիրներ ունեցել և լրացուցիչ բուժզննում են անցնում:

Զորակոչիկ Նվեր Մարտիրոսյանը բազմազավակ ընտանիքից է: Քաղաքի արվեստի և սպորտի դպրոցի տղաների հանդբոլի թիմի լավագույն մարզիկներից է: Սովորում է համալսարանում.

-Ավարտեցի առաջին կուրսն ու հիմա բանակ եմ գնում: Մնացածը՝ բանակից հետո, -ասաց Նվերը:

Նրան ճանապարհելու էին եկել ծնողները, քույրն ու եղբայրները: Ուրախ էին ու վստահ, որ երկու տարուց նույն զվարթ տրամադրությամբ էլ դիմավորելու են Նվերին:

Ռաֆիկ Սուլթանյանի 6 որդիներից Գոռը հինգերորդն է, որ դարձավ զինվոր: 1997 թվականին նրանք Սումգայիթից գաղթել են Կումայրի, սակայն Գոռը այստեղ է հասակ առել, դպրոց հաճախել: Զինկոմիսարիատում ասացին, որ Գոռը ժամանակին առողջական խնդիրներ է ունեցել, հիմա, փառք Աստծո, առողջ է և պատրաստ է զինվորական պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:

-Միևնույն է՝ ինչ զորամաս կընկնեմ, բայց ուզում եմ կապավոր դառնալ: Տրամադրությունս, ինչպես տեսնում եք, բարձր է և բանակ եմ գնում ուրախ սրտով,- ասաց Գոռը:

Զորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց զինկոմ Ստեփան Օհանջանյանը՝ ասելով. «Հայրենիքի պաշտպանության խնդիրն այժմ ձեր ուսերին է, ուստի պետք է լինեք արի, զգոն, ենթարկվեք զորամասի հրամանատարության հրահանգներին»:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ողջունելով զորակոչիկներին, կարևորեց այն հանգամանքը, որ տղաները պետք է հստակ իմանան՝ ինչի համար և ուր են գնում: Եվ նորակոչիկ տղաներին մեկ անգամ էլ հիշեցրեց նրանց պարտքի և պատասխանատվության մասին:

Զորակոչի բաժնում զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանն ու բաժնի պետ, ավագ լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը վերջնական տեսքի են բերում տղաների փաստաթղթերը, ճշտում ընթացիկ խնդիրներն ու մեքենաները նստելու հրահանգ տալիս:

-Աստված բոլորիդ հաջողություն տա, հովանավոր ու պահապան լինի,- տղաների հետևից բարեմաղթանքի խոսքեր է շշնջում Մրիկ գյուղի բնակիչ, նորակոչիկ Երվանդ Մուրադյանի մայրը:- Ուրախ սրտով ճանապարհեք, որ ուրախ էլ դիմավորեք:

Հերթական զորակոչն էլ հաջող կայացավ, և տղաները մեկնեցին պաշտպանելու մեր մայրերի ու մանուկների անդորրը:

Զինկոմիսարիատում արդեն սկսում են նախապատրաստվել ձմեռային զորակոչին:

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1098) 30.07.2015 – 5.08.2015, Ազգային բանակ


30/07/2015