ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔԻ
Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը, յուրացնում են մեր պատմությունը, մշակութային ժառանգությունը, պետականորեն մշակված ծրագրի համաձայն` նենգափոխում եւ աղավաղում: Քարոզչական ոլորտում հակաքայլերի մշակման անհրաժեշտությամբ էր պայմանավորված մայիսի 4-ին մեկնարկած «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Պաշտպանության նախարարությունում, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ներկայացվեցին երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների զեկույցները, որոնք մերկացնում են թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը:
Գիտաժողովը նախաձեռնել էր ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը:
Խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ եթե սահմանում մեր հակառակորդը կաշկանդված է, ապա քարոզչական դաշտում նա լիովին տրվել է հակահայկականության անսանձ մոլուցքին. «Այստեղ առանձնահատուկ թիրախ են դարձել պատմությունն ու մշակույթը՝ ենթարկվելով տարաբնույթ հարձակումների, նենգափոխությունից եւ ժխտողականությունից մինչեւ պատմամշակութային արժեքների ոչնչացում եւ սեփականացում: Մի երեւույթ, որ տարիներ շարունակ Թուրքիան իրականացնում է որպես պետական ծրագիր»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարեւորելով միջոցառումը, նշեց, որ հակառակորդի կողմից պատմությունը խեղաթյուրելու, իրողությունները նենգափոխելու, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը սեփականելու փորձերը մեր ազգային անվտանգությանը ուղղված սպառնալիք են, որի դեմ պետք է պայքարենք:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես քննարկվող հարցերը կապեց ազգային անվտանգության հետ: Եթե ակադեմիական շրջանակների համար ադրբեջանական խեղաթյուրումները առնվազն ծիծաղելի են, ապա Արեւմուտքի եւ Արեւելքի նույնիսկ քաղաքական էլիտան Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկատվական հոսքը թյուր կերպով է ընկալում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ այսօր հայկական մշակույթն ու գիտությունը թշնամու խեղաթյուրումներից պաշտպանելու հրամայական կա:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը համոզված է, որ թուրքերը դեռ չեն հրաժարվել պանթուրքիզմի գաղափարից, եւ նրանց ծավալապաշտական նկրտումներից տուժում են նաեւ թյուրքալեզու ժողովուրդները, օրինակ` թուրքմենները: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իր զեկույցում հաստատեց դա եւ ասաց, որ թուրքմեն գործընկերների հետ հանդիպման ժամանակ վերջիններս պատմել են, թե ինչպես ադրբեջանցիները փորձում են յուրացնել իրենց պատմությունը, իսկ թուրք պատմաբանները դեռ 20-րդ դարի 20-ական թվերից գործի են դրել ներկայիս Թուրքիայի տարածքում ապրած ժողովուրդների պատմությունը յուրացնելու մեթոդը` ժխտելով նրանց գոյությունը տարածաշրջանում:
Ըստ պատմաբանի` ադրբեջանցիները յուրացրել են իրենց թուրք գրչակիցների կիրառած հնարքները եւ հին փոքրասիական ժողովուրդների փոխարեն ադրբեջանցիների նախնի հռչակել աղվաններին. «Աշխարհի գիտական հասարակայնությունը այլեւս լրջորեն չի վերաբերվում ադրբեջանցիներին: Զիա Բունիաթովի ժամանակ` 1960-70-ական թվականներին, ադրբեջանցիները շատ քողարկված եւ նրբորեն էին իրենց քարոզչությունն իրագործում, բայց եթե այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ առհասարակ Հայաստան երկիր չի եղել, եւ որ Արեւելյան Հայաստանն Արեւմտյան Ադրբեջանն է, բնականաբար այստեղ գիտականության մասին խոսք իսկ լինել չի կարող»:
Իրավաբանական գիտությունների թեկնածու Վիգեն Քոչարյանը իր զեկույցում նշեց, որ Ադրբեջանը, փորձելով արդարացնել իր վարած քաղաքականությունը, ջանում է նենգափոխել նաեւ հակամարտության էությունը` այն ներկայացնելով որպես հակամարտություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ըստ բանախոսի` կարեւոր խնդիր է համակարգված եւ միասնական միջազգային իրավական դիրքորոշման հստակեցումը` որպես հիմնահարցի արդարացի կարգավորման կարեւոր նախապայման: Նա նշեց, որ միջազգային հանրությունը որոշակի իմաստով ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը` ամրագրելով այն որպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ապագա կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը. «Իրականում, երբ 1945թ. ստեղծվեց ՄԱԿ-ը, այն ուներ ընդամենը 51 անդամ-պետություն: 2011թ. այն ունի 192 անդամ: Ավելին, այս տարվա հուլիսի 9-ին Հարավային Սուդանը կդառնա 193-րդ անդամը: Եվ, իհարկե, բոլորն էլ անկախացել են` օգտվելով իրենց ինքնորոշման իրավունքից: Մեզ համար նախադեպ է նաեւ Կոսովոն»:
Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը առանձնացրեց ադրբեջանական կեղծարարությունների հիմնական երեք նպատակը` ներկայացնել Ադրբեջանի պատմությունը ժամանակագրական ավելի մեծ տիրույթում` դրանով իսկ հիմնավորելով Ադրբեջանի պետականության հին լինելու առասպելը, ներկայացնելով Ադրբեջանի հին լինելը` ի ցույց դնել Կովկասում տեղացի, բնիկ լինելու հանգամանքը, ադրբեջանցիների բնիկ լինելու փաստով հիմնավորել Հայաստանի եւ Արցախի տարածքների պատկանելիությունը արդի Ադրբեջանին:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը իր հերթին նշեց, որ տեղեկատվական պատերազմներին հատուկ է այս կամ այն պատմական փաստը որոշակի քաղաքական նպատակներին ծառայեցնելը: Քաղաքագետը համոզված է, որ գերազանց ռեժիսորական աշխատանքի արդյունքում ստեղծված մեկ ֆիլմը, օրինակ` Մեսրոպ Մաշտոցի ժամանակի եւ գործունեության մասին, մեկ որակյալ հայագիտական կայքը ավելի մեծ ազդեցություն կունենան, քան ադրբեջանական հակաքարոզչության ողջ զազրախոսությունը:
Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը թշնամու քարոզչությանը հակազդելու գործում կարեւորեց ուղղորդող կենտրոնի գոյությունը եւ առաջարկեց, որ պաշտպանության նախարարությունն իր վրա վերցնի այդ գործառույթը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գիտաժողովի վերջում նշեց, որ հնչած բազմաթիվ առաջարկություններն ու եզրակացությունները ուղեցույց կդառնան հետագա գործողությունների համար: Նախարարը շեշտեց, որ համոզելու գործում կարեւորը փաստերն են, իսկ հայկական կողմը դրանց պակաս չի զգում. «Մեր զարկերակներով հոսող արյունը շատ ավելի մեծ պատմություն ունի, քան իրենց զարկերակներով հոսող նավթն ու գազը»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լեյտենանտ