Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



Վերջերս գնդապետ Ա Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց հրամանատարական հավաք, որին մասնակցում էին զորամիավորման զորամասերի, առանձին գումարտակների, դիվիզիոնների հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Հանդիպեցինք զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Սարգսյանին զորամասի մարտական հերթափոխի նախապատրաստման ավանում և խնդրեցինք ներկայացնել հրամանատարական այս հավաքի կարևորությունը:

-Ըստ 2015թ. զորամիավորման մարտական պատրաստության պլանի, անցկացնում ենք գումարտակների, դիվիզիոնների և նրանց տեղակալների հետ հրամանատարական հավաքներ: Հրամանատարական հավաքների հիմնական մասը անցկացվում է զորամասի մարտական հերթափոխի նախապատրաստման ավանում: Մասնակիցներից կազմվել են 5 ենթախմբեր: Կոնկրետ այս պարապմունքին «Մարտական հերթապահության նախապատրաստման կարգի վերաբերյալ» թեմայով 5 ենթախմբերն էլ գտնվում են այստեղ:

Անչափ կարևոր են գործնական այս պարապմունքները, որոնց ընթացքում տրվում են տարբեր հարցեր և հնչում են դրանց պատասխանները:

Եվ գնդապետը այսպիսի հարց ուղղեց հավաքի մասնակիցներին.

-Երբ նախկին հերթափոխի, ծառայության ընթացքում ինչ-որ կասկածելի բան է նկատվել և, հնարավոր է, որ իրենք դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ վտանգ է սպասվում` ինչպե՞ս և ե՞րբ պետք է այդ մասին տեղեկացնել նոր հերթափոխին:

Պատասխանը գոհացնող էր, սակայն գնդապետ Ա. Սարգսյանը այն ավելի մանրամասնեց.

-Հերթափոխը հերթափոխին հանձնելուց պարտավոր է իր նկատած կասկած հարուցող երևույթները պարզել-ճշգրտել և տեղյակ պահել հաջորդ հերթափոխին:

Այնուհետև հրամանատարական հավաքի մասին իր կարծիքն ասաց դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Հ. Իկիլիկյանը.

-Շատ եմ կարևորում հրամանատարական հավաքները, որի ժամանակ կատարելագործում ենք մեր գիտելիքները, ունակությունները: Հավաքներն անցկացնում են մեր զորամիավորման հրամանատարի տեղակալները, ծառայության պետերը և իրենց անցած փորձից ճիշտ ծառայողական խորհուրդներ են տալիս: Բանակային զորամիավորման մակարդակով գումարտակի հրամանատարներով ու տեղակալներով հավաքվում ենք և նոր ծանոթությունները վերածվում են ընկերության, իսկ դա մեծ նշանակություն ունի, որովհետև պատերազմի ժամանակ արդեն քաջատեղյակ կլինենք մեր հարևանների ունակություններին, և դա կօգնի մարտական գործողությունների հստակ կատարմանը:

Իսկ տանկային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ղ. Վարժապետյանը շարունակում է.

-Հրամանատարական հավաքների ժամանակ, եթե թերանում ենք ինչ-ինչ հարցերում` մենք իրենցից ենք վերցնում-սովորում, իրենք՝ մեզնից: Այս հավաքները մեծ նշանակություն ունեն:

Իսկ առաջարկությունները մենք ենք անում մեր վերադաս հրամանատարությանը և նրանք էլ հաշվի են առնում մեր առաջարկությունները:

Խոսքս վերաբերում է մարտական հերթապահությունը ավելի բարելավելու, ավելի անվտանգ դարձնելուն: Եվ մեր վերադասը պահանջում է այդ թեմաների շուրջ մեր առաջարկությունները, որին էլ հետևում են գործնական պարապմունքները: Օրինակ՝ նախորդ պարապմունքը, որն անցկացրեց գնդապետ Ա. Սարգսյանը, «Նռնականետային դասակի, ականանետային դասակի մարտական գործողությունները» թեմայով էր, որը տվեց իր արդյունավետությունը: Կային մասնագիտական նրբություններ, որոնց ինքներս չէինք տիրապետում և սովորեցինք: Պարապմունքների հետ լիարժեք տիրապետում ենք նաև բոլոր այն տեղեկություններին, որ մեզ է տալիս վերադասը:

Գումարտակի շտաբի պետի տեղակալ մայոր Ա. Խաչատրյան.

-Հավաքի նպատակն է ուսուցանել սպաներին մարտական դիրքերում, մարտական հերթափոխ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև մարտական հերթապահության կրման կարգի վերաբերյալ` թե ինչ կարգով է անցկացվում հերթափոխը, և ինչ հարցերի վրա է առավել անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Ահավասիկ` դիրքերի ավագները սպաներին ցույց տվեցին հերթափոխը մարտական հենակետերում ինչպես նաև փոխարինումը դիտորդների ու գետնատնակի մուտքի արթուն հերթապահի:

Ամենակարևորը այն է, որ հերթափոխի հանձնման-ընդունման ժամանակ դիրքերի ավագներն այն անցկացնեն անթերի: Առանձնապես ուզում եմ նշել, որ զեկույցները հերթափոխից հետո պետք է ջոկի դիրքի ավագը զեկուցի իր դասակի հենակետի ավագին, դասակի հենակետի ավագը բոլոր դիրքերից զեկույցները ընդունելուց հետո զեկույց տա վաշտի հենակետի ավագին և այսպես հաջորդաբար մինչև զորամասի հրամանատար:

-Միայն անհրաժեշտ գիտելիքներով զինված, գործին անմնացորդ նվիրված, տրված առաջադրանքների կատարմանը մինչև վերջ հետամուտ , ռազմական գործում բոլոր խնդիրներն առաջնահերթ ու կարևոր համարող հրամանատարներն են ի վիճակի հաջողությամբ իրականացնել մարտական առաջադրանքները, կազմակերպել և առաջնորդել ստորաբաժանումները,-նշեց գնդապետ Ա. Սարգսյանը:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Ազգային բանակ


06/08/2015