ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ
Ընդամենը մի քանի օրից Ծաղկաձորը կհյուրընկալի «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքի շուրջ 500 մասնակիցների նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, ինչպես նաև Մերձդնեստրից: Թեև ուժեղ թիմեր են ընդգրկված մրցույթում, սակայն ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները վճռական են տրամադրված: Տղաները վստահեցնում են` ջանք չեն խնայելու հաղթանակի հասնելու համար: Հավաքական թիմի անդամները, անտեսելով շոգը, օրը մի քանի ժամ վարժարանի տարածքում ուսումնամարզական հավաք են անցկացնում:
«Սաներից յուրաքանչյուրը գիտի՝ հաղթանակը ոչ թե բախտի, այլ քրտնաջան աշխատանքի, միասնականության եւ կարգապահության արդյունք է: Գիտեն եւ պատրաստվում են: Միջոցառմանը մասնակցելու ցանկություն և համապատասխան պատրաստություն շատերն ունեն, բայց պետք է ընտրենք ամենաուժեղներին: Մրցակցությունն այստեղ արդեն թեժ է»,- ասում է ռազմամարզական վարժարանի ֆիզպատրաստության պետ, ավագ լեյտենանտ Նորայր Սարգսյանը:
Նարեկ Սահակյանն ու Էդուարդ Վարդանյանը ուսումնասիրում են Երկրորդ համաշխարհային պատերազմի դրվագները, օգտագործված զինտեխնիկայի լուսանկարները. «Մենք ինտելեկտուալ մրցույթին ենք նախապատրաստվում. գրքեր ենք կարդում, հոդվածներ: Մեր գործում էլ հիշողությունն է կարեւոր: Ոչինչ չենք շփոթի»:
«Ես տղաներին ոչ թե հարվածել եմ սովորեցնում, այլ միմյանց հետ շփվել: Կարատեն միայն սպորտաձև չէ՝ աշխարհի հետ ճիշտ շփվելու, ինքդ քեզ հաղթելու եւ հասկանալու արվեստ է: Կարծում եմ` սաներս յուրացրել են այս ճշմարտությունը: Հանրապետական բաց առաջնությունում, որին մասնակցում էին 5-25 տարեկան 140 պատանիներ և երիտասարդներ, նրանք գերազանց են հանդես եկել: Հինգ մոնթեականներից չորսը դարձել է մրցաշարի հաղթող: Ուժեղ են»,- ասում է ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» նախագահ, սեւ գոտի չորրորդ դան, միջազգային կարգի մրցավար Սերգեյ Խաչատրյանը:
Սուրեն Հովսեփյանի նետած դանակները մեկը մյուսի հետեւից անվրեպ մխրճվում են տախտակի մեջ: Նա այս վարժությունը գերազանց է կատարում: «Ոտքիդ դիրքը, դանակը բռնելու ձեւը, անգամ շնչելուդ հաճախականությունն է կարեւոր այս գործում, մեկ էլ աչքդ չպիտի վրիպի»,- ասում է նա:
72 ձգում. ՌԴ Պերմ քաղաքում անցկացված հավաքի ժամանակ այս ռեկորդն էր սահմանել վարժարանի սան Արտավազդ Ամիրխանյանը: Տղաները ամբողջ օրը պտտաձողից պոկ չեն գալիս, միայն թե կրկնեն այս ռեկորդը:
Կարճատեւ դադար՝ ուժերը վերականգնելու համար:
Այս բարդ վարժությունը նախատեսված է հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների համար, բայց մոնթեականներն էլ հետ չեն մնում: Նրանք չեն խնայում ձեռքերը, դաստակները, ոտքերն ու մատները:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ