ԾԱՌԱՅԵԼ ՊԱՏՎՈՎ
Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել փոխգնդապետ Ա. Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Ավանդույթի համաձայն՝ ինչպես զինվորների երդման, այնպես էլ հայրենասիրական այլ միջոցառումները այս մարզում տեղի են ունենում սրբավայրերում: Առավոտից Սուրբ Գևորգ եկեղեցու բակը մարդաշատ էր. անտեսելով կիզիչ արևը, հավաքվել էին Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած զինվորների ծնողները, հարազատները, մտերիմ-ընկերները, ինչպես նաև գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի վետերանները:
Տոնական տողանից և հրամանատարությանը զեկույցից հետո զինվորները մոտենում էին սեղաններին, կարդում երդման խոսքը:
Երդմնակալության արարողությունից հետո ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա համոզմունք հայտնեց, որ զինվորների նոր սերունդը իր նվիրվածությամբ ու պատրաստվածությամբ ավելի կհզորացնի հայրենի բանակը.
-Ծառայեք հպարտորեն, գիտակցեք՝ մեր զինված ուժերը մեր ազգի ամենամեծ ձեռքբերումն է: Փառք ու պատիվ նրանց, ովքեր կերտեցին այդ պատմական ուղին:
Նորաթուխ զինվորներին անամպ երկինք և խաղաղ ծառայություն մաղթեցին զոհված ազատամարտիկների հարազատները՝ Գերասիկ Միքայելյանի, Ժորա Պետրոսյանի և Գալուստ Շահբազյանի այրիները:
Երդման արարողությունից հետո ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանագրով զորամասի 3 զինծառայող պարգևատրվեցին կազմակերպության մեդալով, 3-ը՝ պատվոգրով:
Ինչպես նշեց ԵԿՄ Աշտարակի տարածքային կազմակերպության ղեկավար Գեղամ Սմբատյանը, տեղացի երկրապահները մշտապես կանգնած են զինվորականների թիկունքին: ԵԿՄ տարածքային կառույցի և զորամասի միջև բարեկամությունն ավանդական է. տարվա ընթացքում բազմաթիվ համատեղ միջոցառումներ են անցկացվում:
Երդումից հետո զորամասի սպաները պարգևատրվեցին ԵԿՄ մեդալներով և պատվոգրերով:
Զինվորները ստացան նաև Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր առաջնորդի օրհնությունը:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ