Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»



221 ՍՊԱՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնայք գեներալներ, սպաներ,

Ձեզնից շատերի համար այսօր բացառիկ օր է: Սպայական կոչումներ են հանձնվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին: Նաև հրամանատարաշտաբային ու մեկամսյա դասընթացների շրջանավարտներին: Այստեղ են նաև Ռուսաստանի Դաշնության և արտերկրյա այլ ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական ակադեմիաների շրջանավարտները: Ձեր շարքերում են Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ ռազմական բժիշկներն ու Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ ռազմական դիրիժորները:

Ջերմորեն և ի սրտե շնորհավորում եմ ձեզ ուսումնական հաստատությունները հաջողությամբ ավարտելու և սպայական կոչումների արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում եմ ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ահա ինչու մենք հավատում ու վստահում ենք ձեզ:

Դուք այսօրվանից համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը: Ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է: Կջարդվի այդ ողնաշարը՝ չենք ունենա ոչինչ: Շիտակ կլինի այդ ողնաշարը՝ ուրեմն կունենանք այն պարտադիր նախադրյալը, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչը: Այսօր, նայելով ձեր կուռ շարքերին և դեմքերին, չեմ կասկածում, որ դուք լուրջ եք, պինդ և պատասխանատու: Չեմ կասկածում, որ ամուր և շիտակ է մեր երկրի ու ժողովրդի ողնաշարը: Ձեզնով նա դառնում է ավելի կենսունակ:

Այս հանդիսավոր պահին կարևոր եմ համարում ևս մեկ նկատառում: Ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ ժամանակակից աշխարհում չկա ուսումնառության ավարտ հասկացություն: Կա միայն անընդհատ կատարելագործում: Ռազմաուսումնական հաստատություն կամ դասընթաց, կամ նույնիսկ ակադեմիաներ ավարտելն իհարկե կարևոր է և պարտադիր, բայց դա բավարար չէ: Ե՛վ տեսական, և՛ գործնական ուսումնառությունը չընդհատվող գործընթաց է: Արդի քաղաքակրթությունը, այդ թվում` ռազմարվեստը, գրեթե ամեն օր կանգնում է նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ: Այդ խնդիրները պետք է ստանան ժամանակակից լուծումներ:

Դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մի կատակ կար շրջանառության մեջ, թե տարեց զինվորականները պատրաստվում են ոչ թե հաջորդ, այլ նախորդ պատերազմին: Կատակի իմաստն այն էր, որ ռազմական հարուստ կենսագրություն ունեցող զինվորականները սովորեցնում էին այն, ինչն իրենք տեսել են, ինչը իրենք լավ գիտեն, քանի որ պատերազմի մասին իրենց պատկերացումները ձևավորվել են նախորդ պատերազմի ժամանակ: Նրանք չեն պատկերացնում, որ հաջորդ պատերազմը կարող է լինել բոլորովին այլ տեսակի և բնույթի: Ասածիս իմաստն այն է, որ դուք 21-րդ դարի սպաներ եք: Պետք է սովորեք ամեն օր` ազատամարտիկների փորձից, կոչումով ավագի ու զինվորի հետ խոսելու տոնից սկսած մինչև բարդ տեխնիկական ու տեխնոլոգիական հարցերը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր իրադարձության առթիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ բարձր եք պահելու Հայաստանի Հանրապետության սպայի անունն ու պատիվը: Ձեր թիկունքում ձեր ու մեր մայրերն են, ձեր ու մեր ընտանիքները: Ձեր թիկունքում ընդհանրապես չկա «ձեր» ու «մեր», այլ կա հավերժի ճամփորդ Հայաստան:

Օգոստոսի 2-ն է: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կողք կողքի կանգնած են ռազմական բժիշկները, դիրիժորներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները: Այստեղ են նաեւ արտերկրյա ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև հայրենական ռազմական ակադեմիայի շրջանավարտները: Նրանց ավարտական հանդիսավոր միջոցառումն է:

Միջոցառմանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ քաղաքացիական բուհերի ռեկտորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր, շրջանավարտների ծնողներ ու հարազատներ:

Ուղիղ ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին զեկուցեց հանդիսավոր արարողության առթիվ անձնակազմի շարված լինելու մասին:

Ընդունելով զեկույցը` նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց անձնակազմին: Պատասխան ողջույնից հետո երկրի ղեկավարը շնորհավորեց ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ, եւ ի պատասխան հնչեց հաղթական «հուռան», ապա շրջանավարտները կատարեցին հանրապետության օրհներգը:

Եվ ահա վրա է հասնում ամենասպասված պահը` ավարտական վկայականներ և անվանական դաշույններ են ստանում 221 երիտասարդ սպաներ: Գերազանցիկ շրջանավարտներին սպայական վկայականներ հանձնեց անձամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Շրջանավարտներին պարգևներ ու վկայականներ հանձնեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երիտասարդ սպաներին իր պատգամը հղեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը.

-Ուսումնառության չորս տարիների ընթացքում դուք ստացաք գրագետ ծառայության համար անհրաժեշտ գիտելիքների պաշար, յուրացրիք ռազմական գործի գաղտնիքները, ձեռք բերեցիք ենթականերին ուսուցանելու եւ դաստիարակելու կայուն հմտություններ ու կարողություններ, ինքնավստահություն, սեփական ուժերին ապավինելու մտածելակերպ ու հոգեբանություն, սակայն պետք է գիտակցեք, որ ստացած գիտելիքը սպայի համար մասնագիտական բարձունքներին հասնելու միայն առաջին աստիճանն է, իսկ բարձունքը նվաճելու համար պետք է մշտապես զբաղվեք ինքնակրթությամբ: Զորքերում ծառայությունն առաջադրելու է նորանոր խնդիրներ, որոնց հաղթահարման համար ձեզնից մեծ եռանդ ու ջանք է պահանջվելու:

Այնուհետեւ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նշեց, որ 2015 թվականի օգոստոսի 2-ը յուրօրինակ խտացումն է այն հետևողական աշխատանքի, որն անցած չորս տարիների ընթացքում կատարեցին Հայաստանի Հանրապետության ու պաշտպանության նախարարության ղեկավարությունը և ռազմաուսումնական հաստատությունների անձնակազմը.

-Ես առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում սպաների կուրսանտական ուսումնառության տարիների դասախոսներին ու հրամանատարներին: Նրանց տքնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքները մենք տեսնելու ենք մի քանի տարի անց: Եվ վստահ եմ դրանում, քանի որ այս հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն այսօր զբաղեցնում են պատասխանատու հրամանատարական և շտաբային պաշտոններ, լիարժեք ապահովում են բանակային խնդիրների կատարումը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ գեղեցիկ համազգեստ և ուսադիրներ ստանալով՝ իսկույն սպա չեն դառնում, կոչում ստանալուն պես հրամանատար չեն դառնում.

-Հիշե՛ք Նժդեհի խոսքը. «Հենց այնպես ծառայել, ծառայել, որովհետեւ պահանջում են, կամ ստիպված ես մի զույգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար, նշանակում է դատապարտված լինել կատարելու սովորական մահկանացուին հատուկ ամենաաննշան ու անփառունակ գործերը»: Իսկ երբ գիշերներ շարունակ աչք չեն փակում, որովհետև քիչ այն կողմ գտնվող կրակադիրքերում իր զինվորներն են կանգնած, երբ յուրաքանչյուր ձայն լսելուն պես զենքը ձեռքին նետվում են պաշտպանելու նրանց ու մտովի պատկերացնում ստորաբաժանման պաշտպանության շրջանի յուրաքանչյուր մետրը, պարզվում է, որ երեկվա կուրսանտն արդեն անցել է հրամանատարական յուրօրինակ մկրտության ավազանով: Եվ տոնական այս օրը երեք մաղթանք եմ ուղղում ձեզ: Առաջին, որ այդ մկրտության դրոշմը երբեք չջնջվի ձեր հոգիներից: Երկրորդ, որ հետագայում հանդիպելով երբևէ ձեր ենթակայությամբ ծառայած զինվորներին` նրանց շուրթերից լսեք՝ «Պատիվ ունեմ, հրամանատա՛ր», ընդամենը այս երեք բառերը, որոնցում պարփակված մեծ խորհուրդը տարիներ անց եք հասկանալու: Եվ երրորդ, որ չդավաճանեք ձեր սկզբունքներին, չընկրկեք որևէ վտանգի դեմ, չընկճվեք ոչ մի դժվարությունից, և որպես հրամանատար վաստակեք ձեր զինվորների ազնիվ ու անկաշառ ընկերը լինելու մեծ պատիվը:

Նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` անցած տարվա շրջանավարտներին սպայական կոչումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի սահմաններում իրավիճակի առավել քան լարված պայմաններում.

– Ցավոք, հակառակորդն ականջալուր չեղավ ՀՀ նախագահի սաստող հորդորին, թե «Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգույշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք Ձեր վախճանը»»: Դրան հետևած իրադարձությունները, որոնք անվանում ենք «1994 թվականի մայիսյան զինադադարից ի վեր նախադեպը չունեցող հուլիս-օգոստոսյան լարվածություն», մեզ տեղափոխեցին ոգեղենության բոլորովին ուրիշ հարթություն: Ու թեև մեկ-երկու օր պահանջվեց Հայաստանի ու Արցախի սահմաններից գաղտագողի ներս սողոսկել փորձող հակառակորդին իր որջը դարձնելու համար, այնուհանդերձ, արդեն մեկ տարի է, ինչ ժամանակը մեզ համար բնութագրվում է այլ չափորոշիչներով, և խաղաղությունը պահպանվում է ոչ թե 1994 թվականի մայիսին ստորագրված համաձայնագրով, այլ հայկական բանակի ուժով, հզորությամբ, անձնակազմի մարտական վարպետությամբ, տոկունությամբ և աչալրջությամբ:

Նախարարը հիշեցրեց, որ նորավարտ սպաների ծառայության սկիզբը համընկնում է բանակում նոր ուսումնական փուլի մեկնարկի հետ, և վստահություն հայտնեց, որ նրանք գիտելիքների և ունակությունների հետ մեկտեղ զորքեր կտանեն նաև ոգևորություն, նպատակասլացություն ու հաստատակամություն եւ ավագ հրամանատարների հետ ուս ուսի տված՝ կկերտեն էությամբ ու բովանդակությամբ իրապես ազգային բանակ:

Սեյրան Օհանյանը շնորհավորեց նաև բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներն ավարտած և ակադեմիական կրթություն ստացած սպաներին, վստահություն հայտնեց, որ նրանք հայոց բանակի սպայակազմի լավագույն մասն են կազմելու:

Արարողությունն ավարտվեց ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումով:

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի ու հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

***

Նարեկ եւ Արեգ Հովհաննիսյանները զույգ եղբայրներ են, երկուսն էլ ավարտել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա ուսումը շարունակել արտերկրյա ռազմական ինստիտուտում եւ ոսկե մեդալով ավարտել: Երկուսն էլ սակրավոր են եւ պատրաստ են իրենց արհեստավարժությունը դրսեւորելու զինված ուժերում.

-Մեծ հույսերով, սպասումներով ու խանդավառությամբ ենք մեկնում զորքեր եւ խոստանում ենք բարձր պահել ազգային բանակի սպայի, համազգեստի, զինվորական ուսադիրների պատիվը:

Տիկին Կարինեն էլ վստահ է` իր միակ որդին` Գոռ Ավետիսյանը, որ օրեր անց մեկնելու է առաջնագիծ, ինչպես նաեւ նրա ընկերները աչքի կընկնեն անբասիր ծառայությամբ.

-Հպարտ եմ, որ նման զավակներ ունենք: Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում խաղաղ ու հայրենանվեր ծառայություն:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/08/2015