Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ՀԵՏ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ



Ես գնում եմ նորից հետ գալու համար,
Գալու քեզ համար, քո սիրո համար,
Դու եղիր միայն իմ սրտին պատվար,
Գնում եմ նորից, գնում Քելբաջար:
Եվ ես գնում եմ, նորից գնում եմ,
Գնում եմ հեռու լեռներին գրկեմ,
Ձուլվեմ լեռներին` մի բեկոր լինեմ,
Թշնամու գլխին հուր կայծակ լինեմ:

Օգոստոսի 4-ին Վերին Բազմաբերդ գյուղում համագյուղացիները, մարտական, ծառայակից ընկերները իրենց խոնարհումի, հարգանքի տուրքը մատուցեցին մեկ տարի առաջ նույն օրը հերոսաբար զոհված հայորդու` Արամ (Ռուբո) Գրիգորյանի հիշատակին: Օրը հագեցած էր Արամի մասին հիշողություններով:

Իսկ Արամ-Ռուբիկի հոգին սավառնում է Արցախ ու Հայաստան աշխարհում, անցնում է իր պատերազմական ճանապարհներով, բնակավայրերով` Մեղրի, Նոյեմբերյան, Կոռնիձոր, Կիչան, Սրխավենդ, Մարտակերտ, Ֆիզուլի, Հորադիզ, Կարախանբեյլի: Հրադադարից հետո անցավ պայմանագրային ծառայության: Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս նրա աչքի առաջ էին գալիս իր նախնիների ծննդավայրերը: Հայրական կողմը` Մկրտիչ Համազասպի Գրիգորյանը, սերում էր Մշո Մառնիկ գյուղից, իսկ մայրը` Շողիկ Վարդանի Ջահիկյանը` Սասունի Բերդակ գյուղից: Նախնիների մասին պատմությունները Արամի հոգին բոցավառում էր և մանուկ հասակից նա թղթին էր հանձնում այդ հերոսական պատմությունները, եղանակ հորինում և սկսում էր երգել: Երգում էր, երբ ամենուր որոտում էին համազարկները, երգում էր, երբ արդեն պայմանագրային զինծառայող էր: Ինչ մակդիրներ ասես չէին ավելանում նրա անվանը` Ֆիդայի Արամ, երգիչ Ռուբո, Չեչեն Ռուբո: Նրա կենդանության օրոք արդեն նրա շուրջը հյուսվում էին ասքն ու լեգենդը, իսկ նա տեղյակ այդ ամենին` ժպտում էր իր համեստ ժպիտով ու լռում: Թե խոսում էր` խոսում էր բանաստեղծությամբ ու երգով, որը լսվում էր անգամ գնդակների կրակոցների տակ: Եվ արդեն մեկ տարի է Արամ-Ռուբիկն ավարտել է իր երկրային կյանքը և գնացել է «հաշիվ տալու» իր զոհված մարտական ընկերներին, իր Պողե-Պողոս պապին, որը կազմակերպել և ի կատար էր ածել Խալիլ փաշայի սպանությունը: Եվ ինչպես իր պատմվածքներից մեկում մեր մեծ մտավորական Արշակ Չոպանյանն է գրում. «Երբ հանդերձյալ աշխարհում զավակները հանդիպում են իրենց արժանավոր նախնիներին, նախնյաց առաջին հարցը այս է լինում. «Եկուր, եկուր զավակս` տեսնեմ դուն արժանի՞ ես ինձի»: Եվ Պողե-Պողոս պապի առաջին հարցն էլ այդ է եղել: Եվ արդեն մեկ տարի է, Արամ-Ռուբիկ Գրիգորյանի համեստ լռությունը խոսքեր է գտնում-տալիս նրան ճանաչողներին, որ խոսեն, որովհետև այնքան կարոտ է կուտակվել, այնքան սեր… Եվ ինչպես ջերմ խոսքեր չասես «Արար» հիմնադրամին, որը տպագրության է պատրաստել Արամ-Ռուբո Գրիգորյանի «Բանաստեղծություններ» գիրքը: Արամ-Ռուբիկի մարտական և ծառայակից ընկերների հոգու ամենամեծ սփոփանքը այդ գիրքն էր. Արամի խոսքերը, բանաստեղծությունները, որոնք կարդալիս նրանց միտք ու հոգում հնչում են իրենց մարտական ընկերոջ ձայնը, երգի խրոխտ ելևէջները.

Եվ Մառնկա քաջի հոգին
Ձայն է տալիս իր զարմերին,
Էլի լաո, ժամն է նորից,
Թուրքն է ելե իր խոր քնից:

Մառնկա քաջ, հանգիստ քնի,
Ե՛ս եմ Պողեն այս նոր կռվի,
Կապել եմ Խաչն Պատերազմի,
Գռվի գերդամ դեմ ասքյարի:

Բա՛վ է, ինչքան որ ջարդվել ենք,
Դլե-յաման երգելու չենք,
Մաճի տեղակ զենք կբռնենք
Մշո ջամբեն բդի բացենք:

Այսպես ասում-հիշում-երգում-խոսում-պատմում են Արամ-Ռուբոյի մարտական ու ծառայակից ընկերները, հարազատները, և օրը ձգվում է ոնց տարի…

Եվ հաջորդ օրն իսկ պայմանագրայինները կապում են իրենց գոտին, զենքն ու զրահը և մեկնում դիրքեր` հանդիպելու իրենց ընկերոջը` Արամ-(Ռուբո) Մկրտիչի Գրիգորյանին, որի անմահության ծնունդը եղավ հայրենի լեռների բարձունքներին, որտեղից հար պիտի լսվի նրա երգ դարձած, իր հոգուց բխած տողերը.

Եվ ես գնում եմ, նորից գնում եմ,
Գնում եմ հեռու լեռներին գրկեմ,
Ձուլվեմ լեռներին` մի բեկոր լինեմ,
Թշնամու գլխին հուր կայծակ լինեմ:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Հոգևոր-մշակութային


13/08/2015