ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿԻ ՍԻՐՏՆ Է
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը 2015 թվականի առաջին կիսամյակում խորհրդի մի խումբ անդամների հետ շրջայց է կատարել ԶՈւ զորամասերով, այցելել է մի քանի հոսպիտալներ, ծրագրեր է իրականացրել զորամիավորումներում եւ զորահավաքակայաններում:
-Տիկին Մարգարիտա, ասում են` պաշտպանության նախարարը չի թողնում Ձեզ «Մարոզ» ասեն: Ասում են` Ձեզ հորդորել է, որ Դուք էլ հրաժարվեք այդ մականունից:
-Այդ մականունը ինձ կպցրել են սպաները 99-ի վերջերին: Այն տարիներին, երբ բանակում շատ թերություններ կային, երբ սպաները չէին հասկանում, որ բանակի սիրտը զինվորն է, ես սպաների համար անհաճո անձ էի, ինձնից սառչում էին, որովհետև բացահայտում էի անարդարությունները:
Հիմա ոնց որ զինվորն է ինձ «մեր ջան» ասում, այնպես էլ ես «մեր ջան» եմ սպաների համար: Զինվորին սիրող, զինվորի հանդեպ հոգատար սպան իմ տղան է, իմ Արսենն է:
Նախարարը ճիշտ է ասում. հիմա ես Մարոզ չեմ, ջերմություն եմ, սիրող, ցավող սիրտ եմ սպայի համար: Էս վերջին շրջայցի ժամանակ զրուցեցի մի քանի սպաների հետ, բողոքում էին զինվորներից, ասում էին` խստությունը մի քիչ թուլացնում ես, սկսում են չենթարկվել: Ասացի` բալայիդ ոտին մեռնեմ, ամեն մեկը մի տան ճրագ է, մի մոր որդի է, ներիր, զիջողը դու եղիր, բան չկա… ինքն իր սխալը կզգա:
-2015-ի առաջին կիսամյակում բանակի ունեցած ձեռքբերումները ՊՆ և ԶՈՒ վարչության պետերն ու սպաները հատիկ-հատիկ կնշեն, եկեք մենք այս զրույցի ընթացքում բացառապես խոսենք թերություններից. ի՞նչ բացթողումներ տեսաք Ձեր շրջայցի ժամանակ:
-Կան զորամասեր, որտեղ ուտելիքի պատրաստման տեխնոլոգիան չի պահպանվում, ու ճաշը համով չի ստացվում: Օրինակ` վերմիշելի փլավ անելիս կարելի է վերմիշելը խնամքով բովել, որ չկպնի: Դու կուտե՞ս իրար կպած վերմիշել, որ բերեն, գնդով դնեն ափսեիդ մեջ:
-Չէ՛, ես հատիկ-հատիկ եմ սիրում:
-Զինվորն էլ է հատիկ-հատիկ սիրում, բայց տեղ կա, լավ չեն բովում: Զինվորներն էս շոգին սուպ չեն ուտում, մեծ մասը չեն ուտում, հնարավոր չի՞, որ սուպը ամեն օր եփել-թափելու փոխարեն մի ուրիշ բան եփեն, տան զինվորին, որ համ զինվորը սոված չմնա, համ էլ ուտելիքը չթափեն:
-Առանց ջրիկ ճաշի ո՞նց կլինի:
-Մեկ է` չեն ուտում: Կամ ամեն օր յուրաքանչյուր զինվորի երկու գդալ թթվասեր տալու փոխարեն ավելի լավ չէ՞ մի քանի օրը մեկ անգամ տան, բայց ավելի շատ: Աման լվացողներից պահանջում են, որ ափսեները մաքրությունից ճռճռան, ասում են` ամառ է, մաքրությունը վարակներից խուսափելու առաջին պայմանն է, աման լվանալու հեղուկը փութերով պիտի լցնել, որ յուղոտ ամանը կարգին մաքրի: Բանակին պիտի ամենաորակյալ ապրանքը տալ, նախ` զինվորի հետ գործ ունենք, երկրորդ` անորակ ապրանք գնելով ավելի մեծ նյութական կորուստ ենք ունենում, պետք չէ էժանի հետևից ընկնել:
-Զորանոցների մաքրությունը Ձեր սրտո՞վ էր:
-Այո՛, հիմա բանակը տեղը տեղին մաքուր է, բայց չգիտես ինչու վերջին շրջանում հիգիենիկ պարագաներն են ուշացրել, օրինակ` ատամի մածուկը:
-Որոշել են գումար ավելացնել, որ զինվորն ինքը գնի իր ուզած հիգիենիկ պարագաները: Ասում են` բանակի տվածը չեն օգտագործում, տնից են ուզում: Օրինակ` մածուկը :
-Դու ի՞նչ ատամի մածուկ ես օգտագործում:
-Կոլգեյթ:
-Զինվորն էլ է ուզում կոլգեյթ օգտագործի, որ կոլգեյթ տանք, տնից չի ուզի: Տնից ներքնազգեստ էլ են ուզում, որովհետև բանակի տված ներքնազգեստները հեչ հարմար չեն, կարերը կոպիտ են:
-Դիրքերում ո՞նց էր` սնունդը, փոխհարաբերությունները, կենցաղային պայմանները:
-Դիրքերում սնունդը շատ լավ է: Տղաները գերադասում են սահման պահեն, քան զորամասում ծառայեն: Զինվորն այսօր պաշտպանված է սպայի կողմից, սպան զինվորի անվտանգության երաշխավորն է, սա մեծ ուրախությամբ եմ ասում:
Զորամասերին պետք է ավելի բազմազան դեղորայք տրվի:
-ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ասում է` բոլոր զորամասերը ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:
-Ճիշտ է ասել: Բայց որքանո՞վ է նպատակահարմար գլխացավի ժամանակ էլ ասպիրին տալ, ատամնացավի ժամանակ էլ:
Հոսպիտալները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, հոսպիտալացված հիվանդների համար կա բազմազան դեղորայք, բայց բուժկետերում բուժվող հիվանդներին նույնպես պետք է բազմազան դեղորայք տալ, որքան էլ նրանց հիվանդությունը թեթև է: Ի դեպ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կազմավորումից հետո բժիշկներն ավելի ձգվել են, ավելի հոգատար են զինվորի հանդեպ, համախմբումը հասարակական կազմակերպությունների մեջ նրանց գործունեությունն ավելի արդյունավետ է դարձրել:
-Զորակոչը ո՞նց անցավ:
-Շատ էին առողջական սահմանափակումներով զինակոչիկները:
-90-ականների սերունդն է:
-Դե, ասենք 90-ականների սերունդն է ու նստե՞նք: Եթե ապագա զինվորներին նախազորակոչային տարիքում, նույնիսկ` ավելի վաղ գոնե երեք տարին մեկ պոլիկլինիկաներում հետազոտեն ու հիվանդությունները բուժեն, այսօր դրանք չէին բարդանա: Այս հարցը մի օր պիտի՞ լուծվի, թե չէ:
-ՊՆ-ի խնդիրը չէ:
-Ինձ համար ինչ տարբերություն՝ ում խնդիրն է, բարձրացող սերնդի առողջությամբ հետաքրքրվող չկա: Թաքնված հիվանդությունները հետազոտությունների ժամանակ են բացահայտվում և սկզբնական փուլում կարող են հեշտ բուժվել, իսկ մնալով` բարդանում, դառնում են վտանգավոր:
Հիվանդ զինակոչիկներին տարկետում եք տալիս, ճամփում տուն: Ասենք` մեկ տարով: Ո՞վ պիտի մտահոգվի, ո՞վ պիտի իր վրա վերցնի զորակոչիկի բուժման պարտավորությունը: Մեկ տարով տարկետում է ստանում, մյուս զորակոչին առանց բուժվելու ներկայանում է:
-Իսկ վիճակահանությունն օրինակա՞ն է անցնում, արդա՞ր է:
-Արդար է, օրինական է: Կոռուպցիոն ռիսկերը նվազել են…բայց չեն վերացել: Մի բանից էլ եմ ուզում դժգոհել:
-Խնդրեմ…
-Պետք է փոխել զորահավաքակայանից զինակոչիկների բաշխման կարգը: Զինակոչիկները առավոտից իրիկուն կոտորվում են ամռան շոգին, էլ չեմ ասում, որ մոտի ուտելիքը փչանում է: Մոտեցա, ասացի` էրեխեք ջան, եթե տոպրակներում միս, կրեմով թխվածք կամ այլ փչացող ուտելիք ունեք, շպրտեք, արդեն փչացած կլինի, չուտեք` թունավորվեք: Մի լավ տղա կար, ասաց՝ ես չեմ շպրտի, մամայիս կարմրեցրած հավն է: Ես առաջարկում եմ սառնարան կառուցել զինակոչիկների ուտելիքը պահելու համար: Հետո կարելի է զինակոչիկներին խումբ-խումբ զորամասեր ուղարկել, ոչ թե սպասել մինչև ուշ երեկո ու բոլորին միանգամից ճանապարհել:
Բանակում խնդիրները լուծվում են ու կլուծվեն, միայն մարդկային կորուստներն են անդառնալի, տա Աստված ու նաեւ ամեն ինչ անենք, որ զոհեր չունենանք:
-Գիտեք ինչ է ինձ ուրախացնում: Մի ժամանակ դժգոհում էիք զորանոցների մաքրությունից, սպաների կոպտությունից զինվորների հանդեպ, հովանավորչությունից, սննդի պահպանման վիճակից, իսկ այսօր ասում եք` ներքնազգեստերի կարերը կոպիտ են, վերմիշելը լավ չի բովված… Իրոք, ձեռքբերումներ ունենք: Շնորհակալ եմ զրույցի համար:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում