Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



«Զորակոչվածների ֆիզիկական պատրաստվածությունը լավ է, բայց առկա է մասնագիտական առարկաների իմացության պակաս»,-ներկայացնելով 2015 թվականի ամառային զորակոչի արդյունքները՝ կարծիք հայտնեց փոխգնդապետ Աշոտ Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Համբարձումյանը։

Ըստ նրա՝ կրտսեր մասնագետներ կրթելու համար անհրաժեշտ նախապայման են տեխնիկական առարկաների լավ իմացությունը:

-Ցանկալի կլիներ, որ մեր զորամաս գային գոնե տեխնիկական կրթահամալիրների կամ ուսումնարանների շրջանավարտները, քան բարձրագույն ուսումնական հաստատությունից ոչ մեր բնագավառին համապատասխանող երիտասարդները, – նշում է փոխգնդապետ Համբարձումյանը:

-Ընդհանուր առմամբ, նկատելի բարձր են ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշները: Երիտասարդների շարքերում ունենք 12 լուրջ մարզիկներ, – ասում է նա:

Զորամասում նախապատրաստական փուլն ընթացել է բարձր մակարդակով, անխափան: Հրամանատարությունը խստապահանջ է և զգոն նորակոչիկների հետ անմիջապես աշխատող սերժանտների ընտրության և նրանց համապատասխան պատրաստվածության հարցում: Ուսումնական ստորաբաժանումների բոլոր կրտսեր հրամանատարները պայմանագրային զինծառայողներ են:

– Ներկայում, երբ զորամասում այլևս չկա ժամկետային զինծառայող, կրտսեր հրամատարական օղակի համալրման հարցն այսօր ամենակարևորն է, մանավանդ որ նրանցով են պայմանավորված նաև ուսումնական փուլից հետո մյուս զորամասեր գործուղվող ժամկետային մասնագետների որակական ունակությունները: Որպես ուսումնական ջոկերի հրամանատարներ՝ սերժանտները ընտրվում են նախապես: Եվ այսօր նրանց ուսերին լուրջ պատասխանատվություն է դրված: Կարևոր է նրանց դերը ոչ միայն որպես կրտսեր հրամանատար, այլ նաև՝ որպես փորձագետ, երբ ուսումնական փուլի ընթացքում համապատասխանաբար պատրաստվում են 8 որակավորմամբ մասնագետներ, – նշում է փոխգնդապետ Համբարձումյանը:

***

Նորակոչիկների հետ աշխատանքներն իրականացնում է դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, շարքային Հենրիկ Թադևոսյանը: Նա գոհունակությամբ նշում է, որ այս զորակոչի զինծառայողներն առանձնանում են իրենց պատշաճ պատրաստվածությամբ:

– Ուշադրություն ենք դարձնում ամեն մի մանրուքի վրա: Բնական է, որ զորամաս մտնող նորակոչիկը շատ բաներից անտեղյակ է, և մենք ուսուցման միջոցով եւ խորհուրդներով ուղղորդում ենք նրան:

– Նորակոչիկները լավ հասկանում են, որ մասնագիտական պատրաստվածությունը և զինվորական կարգապահությունն են հաջողության գրավականը, – ասում է դասակի հրամանատարը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ
լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Ազգային բանակ


13/08/2015