Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՎՃԱՐՈՒՄ Է ԿՀՎ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԻՊ-Ի ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակն ընդդեմ քրդերի ցեղասպանական ռմբակոծության արշավ սկսելու համար: Ինչպես հայտնի է՝ քրդերը խիզախորեն դիմակայում են ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում:

Wall Street Journal թերթը օգոստոսի 12-ին տեղեկացրեց, որ ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական մեղադրել է Թուրքիային ամերիկյան կառավարությանը խաբելու համար՝ իբրեւ թե «Ինջիրլիքի ավիաբազան ԻՊ-ի վրա ավիահարձակումներ իրականացնելու համար» երբ այն իրականում որպես ծածկ է ծառայել նախագահ Էրդողանի համար պատերազմ հռչակելու քուրդ զինյալների (ՔԲԿ) դեմ Հյուսիսային Իրաքում: Մինչև օրս Թուրքիան իրականացրել է 300 օդային հարձակում ՔԲԿ-ի և միայն երեքը՝ ԻՊ-ի դեմ… Էրդողանի նպատակն է քրդերին պատժելու միջոցով շահել թուրք ընտրողների համակրանքը հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որը հնարավորություն կտա նրա կուսակցությանը բացարձակ մեծամասնություն ստանալու և ավտորիտար նախագահական կրոնապետություն հաստատելու երկրում:

Անկարան, ամերիկյան հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակով, քրդերի դեմ իր պատերազմն սկսելուց մի քանի օր հետո վարձեց Squire Patton Boggs ընկերությունը ամսական 32 հազար դոլարով՝ որպես Gephardt Group հզոր լոբբիստական ընկերության ենթակապալառու: «Սքվայր փաթոն բոգսի»-ի կազմում են նախկին սենատորներ Թրենդ Լոթը, Ջոն Բրոն և Սպիտակ տան նախկին պաշտոնյա Ռոբերտ Կապլան: «Գեբարդի» թուրքական լոբբիստական խումբը կազմված է հետևյալ ենթակապալառուներից. Գրինբերգ Թրորիգ, Բրայան Ֆոռնի, Լիդիա Բոռլանդ և «Դիկշտայն Շապիրո» ընկերություն, վերջինը իր լոբբիստական աշխատակազմում վերջերս ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Պորտեր Գոսին: Թուրքիայի կողմից վարձակալված այլ լոբբիստական ընկերություններն են՝ Goldin Solutions, Alpaytac, Finn Partners, Ferah Ozbek և Golin/Harris International: Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տեղեկությունների՝ Թուրքիան տարեկան շուրջ 5 մլն դոլար է վճարում այս լոբբիստական/PR ընկերություններին: Բացի այդ, շահույթ չհետապնդող մի քանի ամերիկյան կազմակերպություններ նպաստավոր ճակատ են հանդիսանում թուրքական կառավարության համար՝ ծառայելով վերջինիս շահերին Միացյալ Նահանգներում, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամներին ու լրագրողներին ժամանակ առ ժամանակ հրավիրելով Թուրքիա ամբողջովին վճարված զբոսախնջույքների:

Թուրքիայի համար աշխատող ամերիկյան լոբբիստների թվում թերևս ամենավիճահարույցը Պորտեր Գոսն է՝ 2004-2006 թվականներին ԿՀՎ տնօրենը, որը համաձայնել է ծախել իր հոգին, գուցե և Միացյալ Նահանգների ազգային գաղտնիքները, մի բուռ թուրքական լիրայի դիմաց:

Հատկանշական է, որ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության դեպարտամենտին ներկայացրած զեկույցում Գոսը խուսափել է պատասխանել թուրքական կառավարության կողմից իր վարձատրության վերաբերյալ հարցին: Նա պարզապես գրել է. «Աշխատավարձը հիմնված չէ միայն օտարերկրյա հաճախորդին (Թուրքիային) մատուցվող ծառայությունների վրա»…:

2015 թ. ապրիլի 23-ին ներկայացված իր զեկույցում Գոսը հետևյալ կերպ է նկարագրում իր ծառայությունները Թուրքիային.

1) Ապահովել խորհրդատվություն թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման կապակցությամբ մի շարք առանցքային ոլորտներում, որոնք քննարկման առարկա են Կոնգրեսում՝ ներառյալ առևտուր, էներգետիկ անվտանգություն, հակաահաբեկչական ջանքեր և ջանքեր հանուն տարածաշրջանային կայունության Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում:

2) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին:

3) Տեղեկացնել Թուրքիային Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին, որը վերաբերում է Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերին:

4) Պատրաստել իրադարձությունների վերլուծություն Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի շուրջ:

Հատկանշական է, որ Գոսի գործատերը՝ «Դիկշտայն Շապիրոն», խաբել է արդարադատության նախարարությանը՝ նրա ծառայության մեկնարկից երկու օր և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից երեք օր առաջ զեկուցելով, որ ԿՀՎ նախկին տնօրենն իր լոբբիստական ընկերության անունից արդեն հանդիպել է Կոնգրեսի ինը անդամներին՝ քննարկելու «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»:

Ամենայն հավանականությամբ, Պորտեր Գոսին՝ որպես լոբբիստ վարձելը Թուրքիայի պարգևատրությունն էր թուրքանպաստ հարցերում 1989-2004 թվականներին հանրապետական կոնգրեսական եղած ժամանակ ցուցաբերած հավատարմության: 2000 թ. հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ կոնգրեսական Գոսը՝ այն ժամանակ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահը, դեմ արտահայտվեց բանաձևի ընդունմանը՝ որպես պատրվակ օգտագործելով տխրահռչակ ու ծեծված այն «փաստարկը», թե դա կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այնուամենայնիվ, ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 24 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Շատ ամոթալի է, որ Կոնգրեսի նախկին անդամներն իրենց վաճառում են առաջին պատահածին, ով պատրաստ է նրանց փող տալ: Սակայն ԿՀՎ-ի տնօրե՞նը… Սա ոչ միայն անբարոյականություն է, այլև լուրջ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ի՞նչ կլինի, եթե հանկարծ Հյուսիսային Կորեան ավելի բարձր գին առաջարկի: Մի՞թե Գոսը կնետվի լոբբինգ անելու թշնամի պետության օգտին՝ պարզապես մի քանի դոլար ավելի վաստակելու համար:

Թարգմանությունը՝
Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


20/08/2015