Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

13

Զատկի տոներին՝ քառասնօրյա հոգեմաշ ապաքինումից հետո, դուրս գրվեցի հիվանդանոցից: Եվ հենց դպրոց հաճախելուս առաջին իսկ օրը շքամուտքի մոտ ինձ դիմավորեց զվարթուն լեհուհին:

– Ուրախ եմ քեզ տեսնելուս համար, Սոլոմո՛ն,– ողջունեց, անունս անվարժ վանկարկելով, և անսպասելի համբուրեց այտս, որից ես չգիտեի՝ երջանի՞կ զգալ, թե դժբախտ, որովհետև նա շարունակում էր նույն թեթև, անփույթ հանդիսավորությամբ ապրել իր աղջկական, անհոգ կյանքը՝ նշանակություն չտալով շրջապատին, ու դժվար էր կռահել, թե ի՞նչ է, արդյոք, հյուսում նրա միտքն այդ պահին:

***

Նա նազանքով բռնեց ձեռքս, և մենք երկուսով կողք կողքի, մեր ուսերն իրար հպելով, ինչպես սիրահար զույգ, քայլեցինք սանդուղքով վեր…Միակ և վերջին անգամ: Եվ որքան էլ այդ կարճատև, երանելի վայրկյաններն ինձ «խայտառակության» քրտինք արժեցան, միևնույն է, կյանքումս առաջին անգամ չընդվզեցի, չընդդիմացա` համերաշխ լինելով իմ ներսի խաչակիր սարդի հետ: Ես երբեք դեռ այդքան ինքնավստահ, այդքան համարձակ ու երջանիկ չէի եղել…

-Ես չեմ ուզում բռնանալ կամ համառել անտեղի, ոչ էլ կամքիդ հակառակ որոշումներ ընդունել, քավ լիցի, չեմ ուզում, որ մեր հանդիպումը տխուր ավարտ ունենա,- խոսեց անսպասելի, կիսաձայն` թավշյա առոգանությամբ, որի տաք խորքերից ինձ էին հասնում թախծալի ելևէջներ, որոնք էլ անարգել սողոսկեցին կրծքիս տակ` նախկինից ավելի ուժգին հորձանք տալով ու խռովելով արյունս, միտքս ու մարմինս,-և եթե վիճակված չէ մեզ միասին լինել, թե որ միտքդ չես փոխել… մեկ է, դու միշտ ինձ հետ կլինես, ուր էլ գնամ, աշխարհի որ ծայրում էլ լինեմ, երբեք, երբեք չեմ մոռանա քեզ…

-Ես էլ…քեզ…,- ասացի ջղային լարումով, սակայն հնազանդ ներքին ձայնիս, որ գիշեր-ցերեկ շարունակ տրոփում էր ականջներումս` «հիմա կամ երբեք, հիմա կամ երբեք…», որովհետև հոգու խորքում հասկանում էի, տվայտում` մոտեցել եմ մի սահմանագծի, որից այն կողմ քայլ անելու (կամ՝ հետքայլ) համար ոչ թե քաջություն ու համարձակություն էր ինձ հարկավոր, այլ, ամենակարևորը, զգացմունքների հասունություն, սեփական սրտի կանչին հետևելու կարողություն, ինչին ես անվարժ էի հիվանդագին երևակայության, թյուր, մանկամիտ պատկերացումներիս և վճռականության պակասի պատճառով, որոնք էլ զրկում էին ինձ ինքնուրույնությունից: Դարձնում էին խղճուկ և ծիծաղելի: Թվում էր` ամենուր իմ հետևից միևնույն պատկերն է շրջում, միայն դեկորներն են երբեմն ուրիշ:

-Հույս չունեի…Շնորհակալ եմ, սիրելիս,- շշնջաց ծոծրակիս, և ես զգացի, թե ինչպես ներսս պռնկե պռունկ իրենով լցրեց: Խաչակիր սարդը ոտնկոխ լինելու վտանգից քաշվեց մի անկյուն: Անզորությունից ինքնաբերաբար ուզեցի ձեռքս ազատել, բայց նա իր երկար, խնամված մատները կանացի բնազդով աքցանի պես ամուր ագուցեց մատներիս և մեռյալ հանգույցով պահեց մինչև վերջ: -Մի՞թե իրավունք չունեի…Մի՞թե մեղավոր եմ, որ երազում անգամ մեզ միասին եմ տեսնում, ինչպես եթե վաղը, առանց որևէ արգելքի` ջուր խմելու նման, հենց այսպես` ձեռք ձեռքի բռնած ճանապարհ ընկնեինք,- Մարիայի միտքը, ինչպես և գուշակում էի, շարունակ նույն տեսարանն էր վերարտադրում` իբրև թե «առանց կամքիս վրա բռնանալու»: Եվ ես էլ, ի զարմանս ինձ, բացառիկ մի ներշնչմամբ հանկարծ հայտնաբերեցի, որ «հոժար եմ» ենթարկվելու նրա կամքին, պատրաստ` «լինելու նրա ստրուկը» և մինչև կյանքիս վերջը քարշ գալու նրա պայծառատես «պոչիկի» հետևից, ինչպես երբևէ… Արտառոց մի զգացողություն, որ մինչ այդ ինձ երբեք չէր այցելել (որովհետև միշտ փակ էին եղել սրտիս դռները զրկանքի փականով), կարծես իմ երեխայական, պատանեկան երազներում մշտապես բացակայել էր ԳԱՐՈՒՆԸ` բնության զարթոնքի, արարման ու խիզախումի պատկերները, որոնք ինձ ծանոթ էին թանգարանային մեռյալ նկարներից, սիրավեպերից ու մելոդրամներից… Ու մեկ էլ կենարար մի շունչ, զով ու անապակ հոսանք իր վայրի ծփանքով մխրճվում է իմ կյանք, քանդում բոլոր պատնեշներն ու արգելքները, դուռ ու լուսամուտ բացում, առնում ինձ խելագար-խենթացնող շրջապտույտի մեջ, որից ցնծում է հոգիս… Եվ ես համարձակվում եմ ինձ արժանի համարել այն մեծ ու անկրկնելի ԶԳԱՑՄՈՒՆՔԻՆ, որ գուցե իսկապես էլ հարյուր կամ հազար տարին մեկ է հանդիպում, և որին ոչ բոլորն են արժանի: (Գոնե հիմա համոզված եմ, որովհետև գիտեմ, թե ինչ ասել է «փակ դռների հետևում հայտնվելը»): Մարիան իմ առաջ նոր ու լայնահուն ճանապարհներ էր փռում, արձակ դաշտեր ու անտառներ, դեպի ուր անհամբեր էր առաջնորդելու՝ «ձեռքիցս բռնած», որպեսզի վերջապես վարժվեի քթիցս անդին տեսնել: Տեսնեի այն ամենը, ինչը իմ հայացքի նեղության երեսից թվում էր անիրական` խորթ իմ լուսանցքային պատկերացումներին, սահմանափակ երևակայությանը, որ ամբողջովին ներծծված էր «ամոթխածության ախտով», հիստերիկ սարսափով հանդեպ ՆՈՐԸ (ո՛չ հայրենականը, ո՛չ ավանդականն ու պապենականը), ինչը սերնդեսերունդ հակացուցված էր եղել ինձ` իմ «ասիացու բիրտ մտածելակերպին»… (Խեղճ աղջիկ, եթե միայն իմանար, թե սիրունիկ գլուխը ինչ քա…հորն էր խոթում…): Հո սրտիդ չառա՞վ, ժուռնալի՛ստ, ներող կլինես, եթե հանկարծ…

Ալիքները խառնեց առանց հիմնավոր պատճառի. հավանաբար կամենում էր մի քիչ լիցքաթափվել եզրափակիչ արարից առաջ:

-Իսպառ ոչ, ինչի՞ համար,- հակաճառեցի շատ բնական:

-Չէ որ դու հա՛յ ես,-պնդեց ուշադիր:

-Ես հա՞յ եմ:

-Դու Հա՛յ ես:

-Ես հա՛յ եմ…դու հա՛յ ես, վախ քո ցա՛վը տանե՜մ ե՛ս…

Երկուսս էլ կուշտ ծիծաղեցինք հանպատրաստից ստացված իմպրովիզից եւ դարձանք ելման դիրքեր:

-Երազը բարի՞ էր, չհարցրի՞ր,-անդրադարձա հիշատակման արժանի գործերին, ինչպես կասեին մեր Հայրերը:

-Իհարկե, նույնիսկ անչափ դուր եկավ ինձ: Նա ոգևորությամբ ներկայացնում էր, թե ինչպես ենք մենք երկուսով միասին, ոնց որ դքսուհի և դուքս, թևանցուկ զբոսնում բնության գրկում` լճակի ափին, կեչիների ծառուղով, վարդերի պարտեզում… Հաջորդ քայլափոխին, արդեն, ինչպես շատ արագ էլ պարզվեց, ես՝ որպես տանու տղա, ցանկալի մարդ բարձրաշխարհիկ շրջապատում, զբաղված էի ելակի մարգերը ջրելով` «ձեռքումդ` ցնցուղ, իսկ հագիդ` գեներալական ոսկեկար շալվար, ծիծաղելի է, չէ՞,- մասնավոր բացահայտում արեց և թեթևաթռիչ ցատկոտելով էլ առաջ անցավ իր երազի միջով (հիմա ամենահետաքրքիրը կլինի, ուշադրություն դարձրու, ժուռնալիստ, որովհետև, հնարավոր է, երազը էլ բարի չթվա):- Մենք մի պարտիզպան ունեինք, անունը` Յացեկ, այս մարդը երբեմն այնքան էր տարվում իրենով, որ սկսում էր խելքից դուրս հրամաններ արձակել, նեղացնել իր ենթակա կանանց, որոնցից մեկը նրա կինն էր, իսկ մյուս երկուսը` հարազատ դուստրերը: Ինչպես միշտ, նրան իր դերից դուրս էր բերում հայրիկի ահեղ ձայնը, որ սպառնում էր ինքնակոչի հագից շալվարը հանել ու մի լավ քոթակել կանանց նեղացնելու համար»: Դե հիմա, խնդրում եմ, ինքդ ասա, ժուռնալի՛ստ, ի՞նչ ես կարծում , երազը բարի՞ էր,- սովորության համաձայն նորից դիմում էր «մասնագետի օգնությանը»:

Այս անգամ ես ձեռնպահ մնացի որևէ մեկնաբանությունից` խուսափելով բախտախաղի բռնվելու անշնորհակալ հեռանկարից, քանի որ Մարիայի նկարագրությունը առաջին հայացքից որքան էլ անմեղունակ էր թվում, սակայն ճամբարների ներկայիս դասավորությունից դիտարկելիս իր ներսում նաեւ սահմռկեցուցիչ ենթաշերտեր էր պարունակում, եթե հաշվի առնելու լինեինք Սողոմոնի հետ կատարվածը, որ Մարիայի աղջկական ցնորքների հայելային արտացոլանքն էր ուղղակի` միայն թե զարհուրելի փոխաբերությամբ: Թերևս` դիվային, ինչի դիմաց երկար կանգնելը վտանգավոր կարող էր լինել դյուրազգաց հոգու տեր մեկի համար, գուցե կործանարար, երբ ականատեսն ես ԵՐԿՆՔԻ ահեղ կանխորոշման, որին մեկտեղ մասնակից են Աստված և սատանան:

Լեզուս կարկամում էր հենց միայն այն մտքից, թե դեռ ինչ դերակատարություն էր վերապահված Սողոմոնին` այս երազի իրական խորհուրդը ջրի երես հանելու համար:

-Երես առած աղջկա երազ է, էլի,- ինչպես ընդունված է ասել նման իրավիճակում, ինձ գցեցի «դոդենց բախչեն», բայց իզուր:

-Դրան ես դեմ չեմ,-կարևորություն չտվեց,-իսկ հագի՞նս… հագինի՞ս մասին ինչ կասես…

-Հագինդ ի՞նչ,- չհասկանալու տվեցի:

-Ոչինչ…-փուքսը թողեց նեղսրտած:

-Իսկ ի՞նքդ… ինքդ գոնե հասկացե՞լ ես` ինչից ես զրկվել և ինչ գտել,- հիմա էլ ես դիմադարձ եղա,- որ ինձնից ես պատասխան պահանջում:

-1+1…Հասկացա, երբ չեզոք գոտում հանդիպեցի վարձկանուհուն …Երբ ինձ արդեն մի լավ քոթակել էին…

-Էլ ինչո՞ ւ հագիցդ չես հանում գեներալական հնոտիքը. «երազը փչվեց»:

-Բայց խորհուրդը, հո, մնա՞ց…

-Ի՞նչ մնաց,- հարցրի անհանգիստ` ասես ինքս էլ պարզորոշ տեսնում էի, թե ինչպես է Աստծո անկյալ հրեշտակը, իր անճոռնի գլուխը Սողոմոնի ուսին դրած, հորանջում ալարկոտ:

-Մի անգամ արդեն ասել եմ, ժուռնալի՛ստ, Հազարան հավքի փետուրը մնաց…

Շարունակելի

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Հոգևոր-մշակութային


20/08/2015